Դանիել Իոաննիսյանի ելույթը գիտության ֆինանսավորման վերաբերյալ• ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեծարգո պարոն նախագահող, հարգելի գիտնականներ, Ազգային ժողովի պատգամավորներ, տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետության զարգացման, բարգավաճման վերին շեմը սահմանափակված է ազգի կրթությամբ, ինտելեկտուալության մակարդակով, և ներկաներից որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ կրթությունը չի կարող գոյություն ունենալ առանց գիտության:

Գիտության զարգացման հարցում կա երեք խնդիր` գիտության ֆինանսավորման չափը, այդ ֆինանսավորման բաշխումը և այլ վարչարարությունը:

Ես հոգնել եմ գիտության ֆինանսավորման պակասից խոսելուց: Դահլիճում տեսնում եմ շատերին, որոնց հետ մենք 2011 թվականից սկսեցինք բարձրաձայնել այդ մասին: Ընդ որում, ես նաև լավ եմ հիշում փակ հանդիպումներում Սերժ Սարգսյանի ասած անհեթեթ մտքերը, որոնք, ես հույսով եմ, երբեք չեմ լսի նոր իշխանություններից: Բայց քանի որ այս հարցից շատ է խոսվում, ես կնախընտրեմ կենտրոնանալ ֆինանսավորման բաշխման հարցերի վրա:

Գիտության ֆինանսավորման բաշխման հետ կապված վարչարարությունը հիմնականում իրականացնում է կա՛մ Գիտության կոմիտեն, կա՛մ էլ կառավարությունը` Գիտության կոմիտեի առաջարկություններով: Բայց Գիտության կոմիտեի աշխատաոճը, դրա հիմքում ընկած կարգավորումները և դրա ղեկավարումը՝ դասագրքային, հանրագիտարանային իմաստով, կոռումպացված են:

Ֆինանսավորման բաշխման հիմնական գործիքներից է թեմատիկ ֆինանսավորումը, որն արվում է, այսպես կոչված, անկախ փորձաքննության միջոցով: Ուրեմն ոնց է դա արվում. սովորական և կոռուպցիոն համագործակցության չգնացող գիտնականները չգիտեն, թե ով է իրականացնում իրենց հայտի փորձագիտական գնահատականը… նույնիսկ գաղտնի է փորձագետների ցանկը: Բայց դա գիտեն Գիտության կոմիտեում, և այն ծրագրերը, որոնց հեղինակները հաճո են կոմիտեին կամ կոմիտեի նախագահին, ուղարկվում են այն փորձագետների մոտ, որոնք կտան բարձր գնահատական, իսկ որոնք հաճո չեն` հակառակը: Ընդ որում, շատ ծրագրերի դիմում և, բնականաբար, ստանում են Սամվել Հարությունյանի հետ փոխկապակցված մարդիկ։ Եվ նույնիսկ ծրագրերի, որոնց ամեն տարի հայտ են ներկայացնում միևնույն բանը հետազոտելու համար:

Ասեմ ավելին․  շատ փորձագետներ էլ գիտեն, որ կարող է այլևս փորձաքննության համար կամ թեմատիկ ֆինանսավորմամբ փող չստանան կոմիտեից, եթե Սամվել Հարությունյանի ցանկությանը հակառակ եզրակացություն տան:

Գիտական գործուղումների մասին ասեմ, որ Հայաստանում ամենաշատ գիտական գործուղումների մեկնած գիտնականը կոմիտեի նախագահն է, Սամվել Հարությունյանն է: Տարիներ առաջ անցումային ճառագայթման հայրերից մեկը՝ Կարապետ Իսպիրյանը, իսկ անցումային ճառագայթումը Նոբելյան մրցանակին ձգող հայտնագործություն է, որն արվել է Հայաստանում, ուրեմն պարոն Իսպիրյանը գալիս է գիտության կոմիտե, Սամվել Հարությունյանի մոտ և խնդրում, որ գիտական գործուղումների բյուջետային տողով իրեն գումար հատկացվի Իտալիայում մասնագիտական մի կոնֆերանսի մասնակցելու համար: Պարոն Հարությունյանը ասում է, որ բյուջետային այդ տողով այլևս փող չկա, Կարապետ Իսպիրյանն այլ աղբյուրից գումար է ճարում ու հասնելով Իտալիա պարզում, որ այդ միջոցառմանը՝ բյուջետային այդ անփող տողով, հենց Սամվել Հարությունյանն է եկել Իտալիա:

Ուրեմն սեպտեմբերին վարչապետը մասնավոր ինքնաթիռով գնաց Ամերիկա, 300 հազար դոլար ծախսեց, ինչը հանրության լայն քննադատության առիթ դարձավ: Բայց ամեն տարի Հայաստանը համարյա նույնքան գումար է հատկացնում Դուբնայի հետ համագործակցության համար, որի արդյունքում ունենում ենք գործնականում զրոյական գիտական արդյունք, իսկ փոխարենը Սամվել Հարությունյանը տուռնեներ է ունենում ու կազմակերպում դեպի Մոսկվա: Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե բիոֆիզիկոս Սամվել Հարությունյանը գիտական առումով ի՞նչ կապ ունի Դուբնայի հետ համագործակցության հետ:

Եվ հիմա ես խոսում եմ ավելի համակարգային կոռուպցիայի մասին: Ես չեմ խոսում այն մանր դեպքերի մասին, ինչպիսին է, օրինակ, Գիտության կոմիտեի վարորդներից մեկին ինստիտուտներից մեկում հաստիքի գրանցելը, որ ավելի շատ փող ստանա: Ճիշտ այնպես, ինչպես Արմեն Աշոտյանի վարորդի պարագայում, հայտնի քրեական գործով: Չեմ խոսում նաև այն մասին, թե գործուղումների ինչ ծախսեր է Սամվել Հարությունյանը՝ փաստացի ինքն իրեն, փոխհատուցել հարկատուների հաշվին: Դրանք մանր հարցեր են և արժանի չեն այս բարձր ամբիոնին:

Տիկնայք և պարոնայք,

Գիտության կոմիտեն տարիներ շարունակ թաղել է Հայաստանում գիտությունը: Դուք ասում եք, որ վերջին 10 տարում աճել է հայաստանյան գիտնականների կողմից տպագրված հոդվածների հղումնայնությունը և նույնիսկ ակնարկում եք, որ դա ձեր գործունեության արդյունքն է: Բայց եթե նայենք, թե դա ո՞ր հոդվածներով է ապահովվում, ապա կտեսնենք, որ հիմնականում CERN-ում մեծ էքսպերիմենտների կոլաբորացիաների կազմում գրվող հոդվածներն են, որոնք ունեն հարյուրավոր հեղինակներ և, բնականաբար, հազարավոր հղումներ: Բայց եթե դրանք բաժանենք հեղինակների թվի վրա, կտեսնենք, որ տակը բան չկա, այդ աճը չկա:

Եվ մի բան ևս: 2012 թվականին հեռուստաբանավեճի ժամանակ, պարո՛ն Հարությունյան, դուք ինձ ասացինք, որ մեկ-երկու տարում կլուծեք գիտական աստիճանավորման այս անհեթեթ խնդիրը և ի վերջո կվերացնեք «գիտությունների թեկնածու» գիտական կոչումը, որը զարգացած աշխարհում վաղուց չկա: 1-2 տարվա փոխարեն անցել է 7 տարի, բայց նույնիսկ այս՝ ֆինանսավորում չպահանջող խնդիրը չեք լուծել:

Է, մենք ո՞նց ակնկալենք, որ դուք կառավարությունում կհասնեք նրան, որ ֆինանսավորումը ավելացվի: Դուք դա ոչ միայն չեք կարող անել, դուք դա չեք էլ ուզում անել, քանի որ անձամբ դուք շատ կոմֆորտ վիճակում եք:

Սամվել Հարությունյանի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ նա նախկին իշխանության օրոք այս նույն պաշտոնին չի եղել: Գալիս, ստեղ բողոքում է Կարեն Կարապետյանից` 7 տոկոսանոց կրճատման համար, ու մոռանում, որ կառավարության գիտության ոլորտի քաղաքականության պատասխանատուն հենց ինքն է: Հիմա ձեր նախկին վերադաս Կարեն Կարապետյանից եք բողոքում, վաղն էլ Նիկոլ Փաշինյանի՞ց եք բողոքելու, պարոն Հարությունյան: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է լինել գործադիր իշխանության պաշտոնյա, որը չի կիսում կառավարության ու վարչապետի մոտեցումները: Սա էսպես, պարզապես չհասկանալով պետական կառավարման տրամաբանությունում ձեր կեցվածքը:

Հարգելի բարեկամներ,

Սամվել Հարությունյանը 12 տարի է՝ թաղում է Հայաստանի գիտությունը ճիշտ այնպես, ինչպես դաշնակցական նախարարներն ու Արմեն Աշոտյանը թաղում էին Հայաստանի կրթությունը:

Գիտության ֆինանսավորումը պետք է ավելացվի: Ավելացվի արմատապես: Բայց այդ ֆինանսավորումը պետք է բաշխվի չկոռումպացված` շահերի բախումից և կոռուպցիոն այլ դրսևորումներից զերծ պաշտոնատար անձանց կողմից:

Այո՛, Հայաստանի բյուջեյում կա փող: Բայց այդ փողը տալիս են այն ոլորտներին, որոնց մենեջմենթի էֆեկտիվության ու բարեխղճության վրա կասկած չկա: Սամվել Հարությունյանի ղեկավարած Գիտության կոմիտեն այդ մարմինների թվին չի պատկանում:

Առնչվող