Մեդիայի սպառման և մեդիագրագիտության մասին սոցհարցման արդյունքները

2019 թ․ հունիսին «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի կողմից տրամադրված ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (այսուհետ՝ APR Group) հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է քանակական սոցիոլոգիական հարցում ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում: 

Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են բնակչության հիմնական տեղեկատվության աղբյուրները, դրանց հանդեպ մարդկանց վստահությունը, առանձին դիտարկվել են, թե մարդիկ ինչպես են օգտվում և որքան են վստահում, նաև օգտագործում հեռուստատեսությունից, ռադիոյից, թերթերից, համացանցից (այդ թվում՝ սոցիալական ցանցերից և առցանց ԶԼՄ-ներից) ստացած տեղեկատվությունները և ինչպես են մարդիկ տարածում ու ստուգում ստացած տվյալները: Ընդ որում, այս բոլոր տվյալները դիտարկվել են ոչ միայն ըստ սոցիալական, սեռատարիքային և այլ խմբերի, այլև ըստ մարդկանց քաղաքական կողմնորոշումների՝ հասկանալու համար, թե արդյո՞ք մեդիագրագիտությունն ունի փոխկախվածություն քաղաքական հայացքներից:

Հետազոտության առավել հետաքրքիր արդյունքերից է այն, որ տարիքի հետ հայաստանցիները էապես ավելի շատ են հետաքրքրված լինում ներքին և արտաքին քաղաքականությամբ, ինչպես նաև այն, որ հայաստանցի տղամարդիկ ստացած տեղեկությունները ավելի շատ քննարկում են գործընկերների հետ, իսկ կանայք՝ ավելի շատ տարածում են սոցիալական ցանցերում:

Հարցվածները տեղեկատվության առավել շատ վստահելի աղբյուր են համարում ընտանիքը, ապա ռադիոն (նվազման կարգով), հեռուստատեսությունը և պաշտոնյաների լայվերը: Ամենաանվստահելի տեղեկատվության աղբյուր են համարվում հարևանները, որոնց հաջորդում են սոցիալական ցանցերը:

Ամենավստահելի հեռուստաընկերությունը հայաստանցիները համարում են Շանթը (26,6%), որին հաջորդում են Արմենիա TV-ն (21,5%) և Հանրային հեռուստաընկերությունը (13,7%), իսկ անվստահելիների ցանկը գլխավորում է 5-րդ ալիքը: Ընդ որում, հատկանշական է, որ ռուսաստանյան պետական հեռուստաալիքներին վստահողների թիվը (2,7-2,8%) արմատապես քիչ է դրանց դիտողների թվից (5,1-6,1%):

Ռադիոկայաններից ամենապոպուլյարը և ամենավստահելին Հանրային ռադիոն է, ապա Ազատություն ռադիոկայանը: Հայաստանցիները գերակշռապես աշխատանքային օրերին են լսում ռադիո: 

Տպագիր մամուլից ամենապոպուլյարը և ամենավստահելին «Հայկական Ժամանակն» է, որին հետևում են «Առավոտն» ու «Հրապարակը»: «Հայկական ժամանակը» գլխավորում է վստահելի թերթերի ցանկը, իսկ «Իրավունքը»՝ անվստահելիների ցանկը:

Հետազոտությունը պարզել է, որ հայաստանցիների 74 տոկոսը օգտվում է համացանցից: Ընդ որում, բնակչության մոտ մեկ քառորդը համացանցում անցկացնում է օրական 3 ժամից ավել: Համացանցից չօգտվողներն էլ, որպես այդ հանգամանքի պատճառ, հիմնականում նշում են հմտությունների կամ ցանկության բացակայությունը, իսկ օգտվողները հիմնականում (59%), համացանց են մտնում բջջային հեռախոսներով:

Սոցիալական ցանցերից տարածվածությամբ առաջինը Facebook-ն է, որին հետևում են Instagram-ը և ապա Odnoklassniki-ն: Սոցցանցերում տարածված նյութերը բացելու համար հայաստանցիների 56,3 տոկոսի համար կարևոր է դրա վերնագիրը, իսկ 12,9 տոկոսի համար՝ նկարը: Հարցվածների միմիայն 11,9 տոկոսն է նյութը բացելուց առաջնորդվում դրա տարածողին ճանաչել-չճանաչելով և 9,5 տոկոսը՝ տեղեկատվության աղբյուրին վստահել-չվստահելով:

Առցանց ԶԼՄ-ներից ամենանախընտրելին Ազատությունն է (18,1%), որին հաջորդում են News.am-ը (10.7%) և 1in.am-ը (6.1%): Նույն հերթականությամբ է բաշխված նաև առցանց լրատվամիջոցների նկատմամբ վստահությունը, իսկ անվստահելիների ցանկը գլխավորում է Blognews-ը:

Հարցվածների 56 տոկոսը վերջին 6 ամսում հետևել է քաղաքական գործիչների (հիմնականում՝ Նիկոլ Փաշինյանի) լայվերին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերին: Հայաստանցիները հետևում են նաև Արսեն Թորոսյանի, Ալեն Սիմոնյանի, Արայիկ Հարությունյանի, Էդմոն Մարուքյանի և Արմեն Աշոտյանի լայվերին:

Հարցման կարևորագույն բաղադրիչներից էր մեդիագրագիտությունը: Հայաստանցիների 29%-ն ընդունում է, որ երբեք չի ստուգում ստացած տեղեկությունները, իսկ 40 տոկոսը դա անում է միայն երբեմն: Որպես տեղեկատվության ստուգման հիմնական աղբյուր՝ հարցվածները դիտարկում են հեռուստատեսությունը, իրենց շրջապատի մարդկանց և ապա սոցիալական ցանցերը:

Հետազոտության սահմաններում նաև բացահայտվել է հայաստանցիների մեդիագրագիտության համաթիվը, որը կազմում է 16.6: Համաթվի բաղկացուցիչ մասերն են տեղեկատվության որոնման ունակությունը (35.6), մեդիատեղեկատվական անվտանգության իմացությունը (38.8), տեղեկատվության հավաստիության ստուգման ունակությունը (-6.87), ապատեղեկացվածությունը (19.18) և տեղեկատվության գրագետ օգտագործման ու տարածման ունակությունը (-3.79): Այս ցուցանիշները վկայում են ինֆորմացիոն դիվերսիաների և ապատեղեկատվական արշավների նկատմամբ հանրության դիմադրողականության շատ ցածր մակարդակի մասին:

Մեդիագրագիտությունը առավել բարձր է Երևանում, առավել ցածր՝ Արագածոտնի մարզում: Ընդ որում, տղամարդկանց մեդիագրագիտությունը ավելի բարձր է (20,3), քան կանանցը (14,5): Առավել մեդիագրագետ են 26-ից 35 տարեկանները, նվազ մեդիագրագետ են տարեցները:

Հետազոտությամբ ևս մեկ անգամ հիմնավորվել է մեդիագրագիտության ուղիղ կապը կրթվածության հետ: Տարրական կրթություն ունեցողների մեդիագրագիտության համաթիվը -12,7 է, միջնակարգ կրթություն ունեցողներինը՝ 10,4, իսկ, օրինակ, գիտական աստիճան ունեցողներինը՝ 29,3: Միջինից բարձր մեդիագրագիտության մակարդակ ունեն ՀՅԴ-ի, ԼՀԿ-ի և «Իմ քայլի» համակիրները, այնինչ միջինից ցածր մեդիագրագետ են ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի համակիրները:

Հետազոտությամբ պարզվել են ամենահամակրելի հանրային գործիչները (որոնք գերակշռապես գործող իշխանության մաս են կազմում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավրությամբ) և ամենահակակրելիները (որոնք հիմնականում նախկին իշխանություն մաս կազմած անձինք են՝ Սերժ Սարգսյանի և Արմեն Աշոտյանի գլխավորությամբ): 

Ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության ցանկը գլխավորում են Զինված ուժերը (ամբողջությամբ և մասնակի վստահողների գումարային թիվը՝ 90,8%), որին հետևում են Վարչապետը (85,2%) ու ապա Նախագահը (83,1%): Վստահելիության և անվստահելիության հարաբերակցությամբ դրանց հետևում են ԱԱԾ-ն, Կառավարությունը, Ոստիկանությունը, իրավապաշտպան ՀԿ-ները, Ազգային ժողովը, ապա լրատվամիջոցները:

Ամենաանվստահելի ինստիտուտը դատական համակարգն է, որին հետևում են կուսակցությունները: Ընդ որում, այս երկու ինստիտուտները միակն են, որոնց չվստահող հայաստանցիները վստահողներից շատ են:

Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացված այս հետազոտությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ հետազոտության համառոտ տարբերակին՝ այստեղ:

Capture85
Capture55
Capture15
Capture13
Capture22
Capture11
previous arrow
next arrow

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող