Դանիել Իոաննիսյանի ելույթը՝ Խաղաղ հավաքների ազատության իրավունքի մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 3-րդ միջանկյալ ժողովին

Նոյեմբերի 21-ից 22-ը Վիեննայում կայացավ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով 3-րդ լրացուցիչ ժողովը (SHDM)՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի վերաբերյալ։ Այդ առիթով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ունեցած ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

Հավաքների ազատությունը ժողովրդավարության հիմնական ցուցանիշներից է, և այդ հիմնարար իրավունքին, ինչպես նաև Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Ադրբեջանում ու նույնիսկ Վրաստանում (որը հայտնի է որպես ժողովրդավարական պետություն) հավաքների ազատությանն առնչվող համապատասխան օրենսդրությանն առնչվող իրավիճակը վերջին տարիներին վատթարանում է:

Ինչպես հավանաբար գիտեք, 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին մեծ բողոքի ցույցեր տեղի ունեցան Հայաստանում: Անկախ ուսումնասիրությունների համաձայն՝ ավելի քան 1 միլիոն մարդ կամ բնակչության 40 տոկոսը մասնակցել է այդ բողոքի ցույցերին, և շատ մեծ ձեռքբերում էր այն, որ այդ ընթացքում ոչ ոք չզոհվեց և նույնիսկ լուրջ չվիրավորվեց:

Եվ այս ձեռքբերումը միջազգային հանրության (առաջին հերթին՝ ԵՄ և ԵԱՀԿ) և Հայաստանում ժողովրդավարության աջակիցների երկարաձիգ և արդյունավետ աշխատանքի արդյունք է: Իհարկե, յուրաքանչյուր անդամ-պետություն առանձնահատուկ է, և մենք չենք կարող ուղղակի կրկնօրինակել գործողությունները տարբեր երկրների համար: Սակայն կան շատ գործիքներ, որոնք միջազգային հանրությունը կարող է օգտագործել շատ երկրներում խաղաղ հավաքների ազատության իրավունքը պաշտպանելու և զարգացնելու համար:

Միջազգային աջակցությունը խաղաղ հավաքների ազատության արդյունավետ իրացմանը պետք է բաղկացած լինի հետևյալ գործողություններից՝

  1. Աջակցություն հանրային իրազեկվածության բարձրացմանը. քաղաքացիները պետք է իմանան իրենց իրավունքները և պարտականությունները հավաքների ընթացքում, և որ իրենք ունեն զգալիորեն ավելի շատ իրավունքներ, եթե իրենց հավաքը խաղաղ է:
  2. Խաղաղ հավաքների հնարավոր կազմակերպիչների կարողությունների զարգացում, մասնավորապես՝ հավաքը խաղաղ պահելու և լրատվամիջոցների ու ոստիկանության հետ համագործակցելու կարողությունների զարգացում:
  3. Այն երկրներում, որտեղ իշխանությունները խաղաղ հավաքների ազատության իրավունքը հարգելու իրական կամք ունեն, պետք է զարգացնել ոստիկանության կարողությունները և պետք է անդրադառնալ ցույցերից ոչ խաղաղ մասնակիցների հեռացման խնդրին:
  4. Աջակցության տրամադրում հավաքները լուսաբանող լրատվամիջոցներին: Ցույցի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածումը շատ կարևոր է, բայց քիչ կարևոր չէ ցուցարարների նկատմամբ անօրինական գործողությունների փաստագրումը: Լրագրողների ներկայությունը կարող է կանխարգելել մի շարք անցանկալի սցենարներ:
  5. Կարևոր է աջակցել խաղաղ ցուցարարների նկատմամբ անօրինական գործողությունների զոհերի իրավունքների պաշտպանության մեջ ներգրավված թիմերին: Խոսքը հիմնականում գնում է փաստաբանների և իրավապաշտպան կազմակերպությունների մասին:

Իհարկե, այս գործողությունները պետք է բխեն համապատասխան իրավիճակից, միջավայրից և տվյալ երկրում ժողովրդավարական ավանդույթներից:

Միևնույն ժամանակ, անդամ պետությունների օրենսդրությունը պետք է բարելավվի (անհրաժեշտության դեպքում միջազգային ճնշմամբ կամ աջակցությամբ), և հետևյալը պետք է հստակեցվի՝

  1. Խաղաղ հավաքներ անցկացնելու թույլտվություն չպետք է պահանջվի: Կազմակերպիչները պետք է միայն ծանուցեն իշխանություններին:
  2. Խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ չպետք է ուժ կիրառվի, եթե այլոց իրավունքներն անհամաչափորեն չեն սահմանափակվում, և ինչ էլ լինի՝ խաղաղ ցուցարարների դեմ չեն կարող կիրառվել հատուկ միջոցներ:
  3. Եթե հավաքը խաղաղ է, դրա մասնակիցները և կազմակերպիչները չպետք է բերման ենթարկվեն կամ տուգանվեն միայն այն պատճառով, որ ցույցն արտոնված չէր:

Առնչվող