- 30 Մարտի, 2021
- Մամուլը մեր մասին
Արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունից հետո արդեն երկրորդ շաբաթն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ կազմակերպում է մարզային այցելություններ, որոնք ընդդիմադիրների և քաղհասարակության ներկայացուցիչների գնահատմամբ` ավելի շուտ նախընտրական քարոզարշավ են հիշեցնում և ամենևին աշխատանքային հանդիպումների տրամաբանության մեջ չեն։ Հունիսի 20-ին նախատեսված արտահերթի նախընտրական քարոզարշավը, ըստ ամենայնի, կմեկնարկի հունիսի սկզբին ու կտևի 12 օր։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը սա անհավասար պայմանների դրսևորում է որակում. «Այստեղ հստակ միախառնվում են ինստիտուցիոնալ և նախընտրական քարոզչությունը` ինստիտուցիոնալ գործունեությունը և նախընտրական քարոզչությունը, ինչը վարչական ռեսուրսի չարաշահման օրինակ է: Սա վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահում է, որովհետև երբ որ ընտրողների հետ հանդիպում ես ունենում, խոսում ես ընտրություններից, խոսում ես ապագայից, խոսում ես ծրագրերից և միաժամանակ ասում ես, որ օրինակ` այ հենց նոր որոշում կայացրեցինք, որ ձեր գյուղի ճանապարհը կասֆալտապատենք, դա հստակ արդեն առավելություն է ստեղծում վարչական ռեսուրսի տիրապետողի մոտ այլ կուսակցությունների համեմատ»:
Իոաննիսյանը, սակայն, նաև ասում է՝ դե յուրե օրենքի խախտում չկա, և դա մասամբ նաև այն պատճառով, որ գործող Ընտրական օրենսգրքում որոշ ձևակերպումներ շատ անորոշ են։ Մինչդեռ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված նոր Ընտրական օրենսգրքի նախագծով ինստիտուցիոնալ և քարոզարշավային այցերը հստակ սահմանազատված են. «Գործուղումը կամ մարզային այցելությունը պետք է հստակ տարբերվի` դա նախընտրական է, թե դա ինստիտուցիոնալ է, թե դա ի պաշտոնե է, և գործուղումը կամ մարզային այցելությունը պետք է ավարտել, վերադառնալ Երևան և նոր ունենալ նախընտրական հանդիպումներ: Դա նախատեսված է օրենսգրքի նախագծով»:
Խորհրդարանական մեծությամբ երկրորդ ընդդիմադիր խմբակցություն «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ ահազանգեր է ստացել, որ Փաշինյանը վարչական ռեսուրսի կիրառմամբ է քաղաքացիներին հրավիրում իր մարզային հանրահավաքներին. «Այսօր Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչի դեմ ինքը տասնյակ տարիներ պայքարել է որպես լրագրող և որպես պատգամավոր, անում է շատ ավելի գռեհիկ, շատ ավելի այլասերված, շատ ավելի բացահայտ ձևով, ինչ անում էին նախկին իշխանությունները: Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր այցը մարզ վարչական ռեսուրսի տոտալ պրեսինգ է. մենք տեղյակ ենք, թե ինչպես են մարզպետները, գյուղապետերը, համայնքապետերը հիվանդանոցները սոսմոբիլիզացիա հայտարարում»:

Մանրամասները՝ տեսանյութում: