Հայաստանը հապաղում է ՄԱԿ-ին դիմելու հարցում. քաղաքական ուժերի գնահատականները

Մոտ մեկ տասնյակ քաղաքական ուժեր, որոնք Արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել, կարծում են՝ Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպությունը չի լուծելու Հայաստանի առաջ ծառացած սահմանային խնդիրները։ «Ազատ հայրենիք» դաշինքից Անդրեաս Ղուկասյանը համոզված է՝ հարկավոր է միջազգային հրատապ լրացուցիչ օժանդակություն։

Անդրեաս Ղուկասյան, «Ազատ հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու – ՀԱՊԿ-ը մերժեց, ըստ էության, ի վիճակի չէ արձագանքել Հայաստանի դիմումին: Դա իրենց խնդիրն է, Հայաստանը կարող է դիմել այլ պետությունների։

Ֆրանսիան ի վիճակի է 72 ժամում արձագանքելու՝ պնդում է Ղուկասյանը։ Դաշինքին անդամակցող ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը վստահ է՝ ՀԱՊԿ-ը Ռուսաստանն է և կարելի է այդ երկրի հետ խոսել որպես բարեկամ, ոչ թե խնդրողի դիրքերից։

Պարույր Հայրիկյան, «Ազատ հայրենիք» դաշինք – Ռուսաստանի հետ խոսում ենք որպես բարեկամ՝ գիտեք մենք ձեզ հետ հույսեր էինք կապում, բայց կարծես դուք ինչ-որ խնդիրներ ունեք։ Շատ բարի, մենք այլ ելք ենք փնտրում։

«Եվրոպական կուսակցության» ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանն էլ համոզված է՝ քաղաքական ուժերը պետք է համախմբվեն երկրի նախագահի շուրջ ու խնդիրները լուծեն Մինսկի խմբի շրջանակում։

Տիգրան Խզմալյան, «Եվրոպական կուսակցության» ղեկավար – Արցախի զավթման արդյունքները չեղարկվում են: Գործընթացը վերադառնում է ՄԱԿ-ի, հետո արդեն ԵԱՀԿ-ի վերահսկողության տակ։ Նույնը վերաբերում է նաև Հայաստանի սահմաններին։ Այդ ամենը հնարավոր է մի դեպքում՝ Հայաստանի ժողովուրդն ընտրում է այնպիսի իշխանություն, որը փոխում է աշխարհաքաղաքական ուղղվածությունը։

Ըստ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ներկայացուցիչ Ռուբեն Մեհրաբյանի, Պաշտոնական Երևանի առաջարկը՝ Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ, խելամիտ քայլ էր։

Ռուբեն Մեհրաբյան, «Շիրինյան-Բաբաջաբանյան ժողովրդավարների դաշինքի» ներկայացուցիչ – Մեր ընդունած հայտարարությունների մեջ մենք ուղղակի պահանջ ենք դրել դիմելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։ Երկրորդը՝ դա ԵԱՀԿ մշտական խորհուրդ ձևաչափով հարցի բարձրացումն է։

«Ազգային ժողովրդական բևեռի» ներկայացուցիչն էլ համոզված է՝ Հայաստանը բաժան-բաժան են արել դեռևս 100 տարի առաջ։ Աշխարհին պետք է ներկայացնել հայակական հարցի լուծման առաջարկը՝ վստահ է Վարուժան Ավետիսյանը։

Վարուժան Ավետիսյան, Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցության ներկայացուցիչ – Մեր ռազմավարական շահերը համընկնում են Արևմուտքի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի շահերի հետ ու նրանք մեզ ձեռք են մեկնել։ Այդ ձեռքը մենք պետք է բռնենք։

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը վստահ է՝ ՀԱՊԿ-ին դիմելը ճիշտ էր միայն ընթացակարգային տեսանկյունից։ Իսկ դրանից հետո պետք էր դիմել ՄԱԿ-ին։

Անահիտ Ադամյան, «Հանրապետություն» կուսակցություն – «Հանրապետություն» կուսակցությունը մայիսի 14-ին և մայիսի 26-ին արել է հայտարարություններ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելու համար, ընդ որում՝ երկրորդ հայտարարության մեջ ամրագրելով, որ պետք է ներգրավել նաև գերիներին վերադարձի հարցը։

ՄԱԿ-ին դիմելու հարցում Հայաստանի կառավարությունը հապաղում է՝ վստահ են կուսակցությունների ներկայացուցիչները։

Առնչվող