«Անկախ դիտորդ» դաշինքն արդեն ահազանգեր է ստանում ընտրախախտումների մասին

Ընտրությունները, անգամ քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ասում է, որ ահազանգեր են ստանում ընդդիմության կողմից ընտրակաշառքների, ձևական աշխատանքի տեղավորման վերաբերյալ։

Իսկ իշխանությունը, ըստ Իոաննիսյանի, զբաղված է արգելված PR-ով՝ հենց վարչապետի դեմքով։ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցչի խոսքով, մտահոգություններ ունեն նաև վարչական լծակների կիրառման վերաբերյալ․ – «Մեր երկարաժամկետ դիտորդությունը փորձում է տվյալներ հավաքագրել վարչական ռեսուրսի օգտագործման, չարաշահման դեպքերի հետ կապված, և այս առումով արդեն ինչ-որ բաներ կան»։

Նախորդ ամիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում սպառազինությունների ձեռք բերման աճի վերաբերյալ տեղեկություններ էր հրապարակել։ Օրեր առաջ էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր տեսանյութ հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ մանրամասնելով սպառազինությունների գնումների աճը։

Այդ տեղեկությունը, Իոաննիսյանի պնդմամբ, բաց աղբյուրներում չկա, ոչ ոք չի կարող դրանք ստուգել, հետևաբար ՔՊ-ն «վարչապետի դեմքով նաև սեփական PR-ի համար է այդ գաղտնի տեղեկությունները հրապարակել»․ – «Ըստ այդմ, կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ փաստահեն, մատից հոտ քաշած տեղեկություններ է հրապարակում։ Ընդ որում, դա նաև արել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից շաբաթներ առաջ։ Կամ վարչական ռեսուրս է չարաշահել և գաղտնի տեղեկությունները հրապարակել է իր փիառ նպատակների համար։ Սա դեռևս պետք է լրացուցիչ ուսումնասիրվի, և հասկանանք, թե այս երկուսից որ մեկն է»։

ՔՊ-ի հանրային կապերի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ Փաշինյանը գաղտնի տեղեկություն հրապարակած կլիներ, եթե, օրինակ, նշեր հրաձգային, ականանետային կամ հրետանային միջոցների կոնկրետ միավորներ։ Իսկ, թե քանի տոկոսով է ավելացել սպառազինությունը, պետական գաղտնիք չէ, «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը՝ հերքելով Իոաննիսյանի առաջ քաշած վարկածներն ու ընգծելով, թե լրագրողներն էլ կարող են հարցում ուղարկել Պաշտպանության նախարարություն և ստանալ այդ տվյալները։

«Մենք ընդամենը քաղաքացիներին ցույց ենք տալիս էն ահռելի աշխատանքը, որը տարվել է։ Որովհետև, եկեք անկեղծ լինենք, երբ որ յոթ անգամ, օրինակ, ավելանում է խոշոր տրամաչափի հրետանին, դա ցույց է տալիս, թե ինչ պատրաստականության աստիճանի է եղել բանակը մինչև 2018 թվականը, որ կարիք է եղել յոթ անգամ ավելացնել խոշոր տրամաչափի հրետանին», – հավելեց Ալեքսանյանը։

Դանիել Իոաննիսյանի խոսքով, դիտորդների կողմից հավաքագրված ահազանգերի մի մասը՝ ընտրակաշառքի, կամ դեֆակտո ընտրակաշառքին առնչվող, կամ քվեի դիմաց մարդկանց աշխատանքի ընդունելու մասին լուրերը վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» և Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքներին․ – «Օրինակ, մարդկանց տեղավորում են աշխատանքի՝ փաստացի չակնկալելով աշխատանք, և ասում են, որ այս աշխատանքը իրենք կպահպանեն, եթե ընտրությունների ժամանակ իրենց լավ դրսևորեն։ Կա տեղ, որ ուղղակի ինչ-որ բան են բաժանում»։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Իշխան Սաղաթելյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, թե դա ծանոթ ձեռագիր է, մի քանի անգամ պաշտոնապես հերքել են այդպիսի լուրերը․ – «Ընդհանրապես էս ժամանակահատվածում արդեն մի քանի հերյուրանք և զրպարտանք, տեսանյութեր, հոդվածներ տարածել են։ Դաշինքը պաշտոնապես հերքել է, նաև հայտարարությամբ է հանդես եկել։ Չկա նման բան, մենք ամբողջ Հայաստանի տարածքում ունենք ձևավորված շտաբներ, աշխատում են․․․»

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչը հիշեցնում է՝ քվե ստանալու նպատակով ընտրողին ձևական աշխատանքի վերցնելն օրենքով արգելված է, պատիժը՝ մինչև 7 տարի ազատազրկում։

«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի և մամուլի պատասխանատու Սոս Հակոբյանն ի պատասխան Իոաննիսյանի այս հայտարարությունների, ասաց․ – «Չեմ պատրաստվում մեկնաբանել կեղծ իրավապաշտպանների ցնդաբանությունները։ Առնվազն վերջին մեկ տարին ցույց տվեց, թե իրավապաշտպաններից ով է արժանի այդ կոչմանը, ով ոչ։ Իսկ ձեր նշած մարդը այդ լավ իմաստով ցուցակում չէ։ Հետևաբար ինչ-որ մեկի պատվերով որևէ հաղորդագրություն մեկնաբանելը․․․ ես էդ խայծը չեմ պատրաստվում կուլ տալ և մեկնաբանել»։

Առնչվող