5 դիտարկում Մեդվեդևի ադրբեջանական այցի մասին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ապրիլի 8-ին Բաքու կատարած այցը հայկական կողմին խորհելու, ավելին, անհանգստանալու տեղիք է տալիս մի քանի պատճառով: Ստորև հարկ ենք համարում անդրադառնալ այդ պատճառներին:

  1. Առաջին հերթին հիշեցնենք, որ այս այցը նախապես նշանակված չէր և կայացավ նախապես պլանավորված Երևան այցին հատկացված ժամանակի հաշվին: Իսկ դա, ինչպեա հայտնի է, դիվանագիտական էթիկայի կոպիտ խախտում է:
  2. ՌԴ վարչապետ Մեդվեդևը Բաքու կատարած իր այցի շրջանակներում հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ ՌԴ հարաբերությունները ձևավորվել են դարերի ընթացքում: Նմանօրինակ հայտարարությունը բացարձակ չի համապատասխանում պատմական ճշմարտությանը: Ավելին՝ սա դեմ է հայկական կողմի դիրքորոշման հիմնաքարերից մեկին:
  3. Նախքան Բաքու մեկնելը Հայաստանում Մեդվեդևը այցելել էր Ծիծեռնակաբերդ, իսկ Բաքվում այցելել էր Շահիդների ծառուղի, որտեղ թաղվում են Ադրբեջանի զոհած զինվորները: Ծիծեռնակաբերդն ու Շահիդների ծառուղին դիվանագիտական տեսանկյունից համարժեք քայլեր չեն: Բալանսի պահպանման տեսանկյունից Մեդվեդևը կամ պետք է Երևանում այցելեր Եռաբլուր կամ Բաքվում չգնար Շահիդների ծառուղի: Այլապես ռուսական դիվանագիտության անկողմնակալության մասին խոսք անգամ չի կարող լինել:
  4. Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բնականաբար հղում էր կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի րեզոլյուցիաներին: Խոսքը 1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ 822, 853, 874 և 884 րեզոլյուցիաների մասին է, որոնք կոչ են անում հակամարտության կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ հայկական կողմին՝ դուրս բերել հայկական զորքերը Քելբաջարից, Զանգիլանից, Աղդամից, Ֆիզուլիից, Ջեբրայիլից ու Քուբադլիից: Այս փաստաթղթերը կոչ են անում նաև ապահովել կոնֆլիկտից վնաս կրած անձանց ապահով վերադարձը իրենց բնակության վայրեր:

Ադրբեջանը սելեկտիվ մոտեցում ունի այս փաստաթղթերին: Պարբերաբար խախտելով հրադադարը՝ պահանջում է հայկական կողմից բավարարել տարածքների վերադարձի կետը: Ավելին՝ ադրբեջանական քարոզչական մեքենան բազմիցս կիրառել է այս փաստաթղթերը, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը հողին հավասարեցնի ու փորձի փոխել բանակցությունների ֆորմատը:

Ի պատասխան Ալիևի վերոհիշյալ հայտարարության՝ Մեդվեդևը նշել էր. «Մենք, որպես Մինսկի խմբի մասնակից, որպես պատասխանատու պետություն, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ, հավատարիմ ենք այն մոտեցումներին, որ ձեւակերպված են Միավորված ազգերի կազմակերպության մակարդակով»: Իրականում օբյեկտիվության տեսանկյունից Մեդվեդևը հղում պետք է կատարեր ավելի շուտ Մադրիդյան սկզբունքներին, և ոչ թե ՄԱԿ-ի պրոցեդուրաներին, հակառակ դեպքում առնվազն հռետորական մակարդակում ՌԴ-ն սատարում է ադրբեջանական քարոզչությանը:

  1. Եթե համեմատենք Մեդվեդևի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ապա կարելի է այն ձևակերպել, որպես հայկական կողմի բողոքների լսում: ՀՀ նախագահն այս հանդիպմանը դժգոհություն էր հայտնել երկու հիմնական պատճառով՝ ԵԱՏՄ վարչապետների մակարդակով հանդիպման տեղափոխման և Ադրբեջանին ռուսական զենքերի վաճառքի: Ի պատասխան առաջինի՝ Մեդվեդևը հայտնել էր, որ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ ԵԱՏՄ վարչապետների պահելաձևն ու որոշումները՝ փաստացի արդարացնելով Ղազախստանի ու Բելառուսի ադրբեջանամետ կեցվածքը:

Երկրորդ բողոքի պատասխանը Մեդվեդևը տվեց արդեն Մոսկվայում: Երևան և Բաքու կատարած իր այցից հետո՝ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսսիա 1» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել կողմերին, քանի որ, եթե դա Մոսկվան չանի, կանի մեկ ուրիշը: Հիշեցնենք, որ նմանօրինակ հայտարարությունները անհիմն են, քանի որ Մինսկի խմբի անդամ մի շարք երկրներ հրաժարվում են հակամարտության երկու կողմին էլ զենք ու զինամթերք մատակարարել, ինչպես օրինակ Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Ադրբեջանին զենք մատակարարում են հիմնականում Իսրայելը, Թուրքիան և Ռուսաստանը, ընդ որում մատակարարավող ռուսական զենքերից ոմանց ալտերնատիվ տարբերակները Բաքուն կարող էր գնել միայն զարգացած ռազմական արդյունաբերություն ունեցող երկրներից, ինչպես օրինակ ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից: Իսկ վերջիններս, ինչպես ասացինք, Ադրբեջանին զենք չեն վաճառում:

Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող