- 23 Սեպտեմբերի, 2022
- Մամուլը մեր մասին
«Եռաբլուրում տեղի ունեցածը հանցագործություն էր։ Տեղի ունեցածը զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի վրա բացասական ազդեցություն ունեցող քայլ էր։ Տեղի ունեցածը կազմակերպված էր՝ կատարվել էր ոստիկանութան տարբեր ստորաբաժանումների կողմից, որոնց ամենացածր պաշտոնով միասնական վերադասը ոստիկանության պետն էր եւ պետք չէ մոռանալ, որ այդ ամենը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցը կազմակերպելու համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառմալով երեկ Եռաբլուրում ոստիկանության վայրագություններին։
Իոաննիսյանի խոսքով Նիկոլ Փաշինյանը պետք է, ի վերջո, դիրքորոշում արտահայտի, ինքը համաձա՞յն է այդ մոտեցմանը, թե՝ ոչ։ «Նիկոլ Փաշինյանը պետք է ասի՝ ok է՞, որ իր առջեւ նման կերպ ճանապարհ են բացում, եթե ok չէ, ապա նա պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, եթե քայլեր չի ձեռնարկում, ուրեմն կարող ենք եզրակացնել, որ ok է» ,-ասաց նա։
Հիշեցնենք, որ լույս 21-ի գիշերը զոհված զինծառայողների ծնողները հավաքվել էին Եռաբլուրում, ինչպես իրենք էին հայտարարել ՝ իրենց որդիների տունը, շիրիմները հսկելու, որ Նիկոլ Փաշինյանը չկարողանա մուտք գործել այնտեղ՝ Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձի առիթով եւ, ծնողների խոսքով, չպղծի իրեմնց զավակների հիշատակը։ Բայց մեծաքանակ ոստիկանական ուժերը՝ կարմիր եւ սեւ բերետավորները բիրտ ուժ կիրառելով, ֆիզիկական ճնշմամբ, զոհվածների մայրերին ու հայրերին քաշքշելով, մարմնական վնասվածքներ պատճառելով կարողացան Նիկոլ Փաշինյանի ու նրան ուղեկցող իշխանավորների մուտքն ապահովել Եռաբլուր։ Նկատենք, ոչ իշխանության եւ ոչ մի ներկայացուցիչ չի դատապարտել եղելությունը, հակառակը՝ փորձեր եղան արդարացնելու ոստիկանության անհամաչափ գործողությունները, իսկ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, ում համար եւս բիրտ ուժի կիրառումով ճամանապրհ էր բացվել, չխիզախեց դատապարտել ուժայինների վայրագությունները։ Նա բավարարվեց նշելով․«Ցանկացած դեպքում, և հատկապես նման զգայուն և հուզական գերլարված իրավիճակներում, Ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից։ Հակառակն անընդունելի է»։
Միեւնույն ժամանակ, 35 ՀԿ-ներ ոստիկանության գործողությունները դատապարտող հայտարարություն տարածեցին, որտեղ պահանջում են Նիկոլ Փաշինյանից՝ Վահե Ղազարյանին պաշտոնից ազատել (համապատասխան միջնորդություն ներկայացնելով ՀՀ նախագահին): Հակառակ պարագայումզոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ապօրինի բռնությունների և վկայակոչված այլ խնդիրների, ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։
ԻՔՄ-ն եւս միացել է այս հայտարարությանը։ Իոաննիսյանն ասում է՝ իրենց դիրքորոշումն ամփոփոված է այնտեղ։ Նրա խոսքով, ոստիկանությունը միշտ այդ բնույթն է կրել, բայց պետք է բարեփոխվեր եւ այլեւս այդպիսին չլիներ։ «Օրինակ, ես կարող եմ ասել, որ պարեկային ծառայությունն այդպիսին չի, որովհետեւ պարեկային ծառայողները խմած վարելու համար իշխող կուսակցության պատգամավորին զրկել են վարորդական իրավունքից, նրանք ամենաբարձրաստիճան պաշտոնյային կանգնացնում եւ տուգանում են, բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաները հանգիստ տանում են տուգանային հրապարակ, բայց պարեկային ծառայությունը ոստիկանության մի փոքր մասն է։ Ուժ կիրառած ստորաբաժանումները՝ կարմիր բերետավորները եւ ոստիկանության զորքերի սեւ բերետավորները պետք է բարեփոխվեին։ Իրենք պիտի դրա միջով անցնեին, այդ բարեփոխումը պայմանական , կոչվում էր գվարդիայի ստեղծում, բայց իրենք դրա միջոցով չանցան, գվարդիայի նախագիծը ոստիկանությունը պիտի պատրաստած լիներ, բայց չի արել, բոլոր ժամկետներով գվարդիան պիտի արդեն ստեղծված լիներ »,- ասում է Իոաննիսյանը։
Նա նկատում է, որ իմքայլականներից անգամ ոստիկանության ապօրինությունները արդարացնելու փորձեր են եղել, ինչը եւս 35 ՀԿ-ների վրդովմունքն է հարուցել։ «Ակնհայտ է, որ իրենց հրաման էր տրված, մենք հասկանում ենք, որ եթե ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ գալիս են եւ ինչ-որ օպերացիա են անում,պարզ է, որ հրաման է լինում, մինչդեռ իրենք շատ ավելի հեշտ ձեւեր ունեին Նիկոլ Փաշինյանի ճանապարհը բացելու»։
Իոանիսյանը հիշեցրեց 2020 թվականի դեկտեմբերին, երբ սգո օրեր էին, կառավարությունից Փաշինյանը երթ արեց, ոստիկանությունը ճանապարհը բացեց։ «Մի քիչ այս կողմ բրդեց, մի քիչ այն կողմ։ Ոչ ոքի ոչ ծեծեցին, ոչ բերման ենթարկեցին, այս դեպքում էլ կարող էին հանգիստ ճանապարհը բացել։ Ակնհայտ է, որ եղել է հրաման »,-ասում է նա՝ հավելելով, թե կդժվարանա փաստահեն պնդել, թե ով է եղել հրաման տվողը, բայց, ըստ Իոաննիսյանի, ֆորմալ առումով ամենացածր պաշտոնյան ով կարող էր հրաման արձակել եւ ոստիակնության ուժերին, եւ ոստիկանության զորքերին, դա ոստիկանապետ Վահե Ղազարյանն է։
«Դե ֆակտո, ոչ ֆորմալ առումով ոստիկանապետի տեղակալն էր կարող էր հրաման տալ բայց, ոչ պակաս պաշտոնյա, դա ակնհայտ է։ Այս իրավիճակը մեր գնահատականների հիմքում պետք է լինի, օրինակ, դատաիրավական համակարգը կարողանալու՞ է գտնել, պատժել այս ամենը իրականացնողներին, ուրեմն դատաիրավական համակարգն իրոք անկախ է, չի կարողանա, ուրեմն դատաիրավական համակարգը իրոք խնդիրներ ունի։ Փաշինյանը կհեռացնի՞ պաշտոնից ոստիկանապետին կամ գոնե տեղակալին, եթե նա է հրաման տվել, ապա նիկոլ Փաշինյանը համաձայն չի տեղի ունեցածի հետ, չի՞ հեռացնի, ուրեմն ինքը համաձայն է։ Սա առաջիկա օրերին կարեւա»,- ընդգծում է Իոաննիսյանը։