- 29 Դեկտեմբերի, 2022
- Մամուլը մեր մասին

Նախօերին կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի 2022 թվականի վերջին նիստն էր, որի ընթացքում քննարկվեց Խորհրդի անդամներ Դանիել Իոաննիսյանի և Արթուր Սաքունցի կողմից ներկայացված Հանրապետության նախագահի լիազորությունների և ընտրության կարգի վերաբերյալ զեկույցը:
Քննարկման շրջանակներում որոշվել է չընդունել զեկույցում ներկայացվող առաջարկները:
Նիստի ընթացքում Խորհուրդը որոշել է Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված սահմանադրական կարգի հիմունքներին վերաբերող առաջարկները քննարկել արդեն 2023 թվականին:
Դանիել Իոաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածը բացական է գնահատում. «Դա ցույց տվեց, որ իշխանությունն այդքան էլ հակված չէ զրկվելու այն մենաշնորհներից, որոնք ունի, իսկ մենաշնորհը հետևյալն է՝ հակակոռուպցիոն, ընտրական, դատական բոլոր հանգուցային պաշտոններին նշանակվում են անձինք, որոնց օրհնության է արժանացնում խորհրդարանական մեծամասնությունը: Խնդրահարույց է, որ այդ մոնոպոլիայից իշխանությունը չի ուզում հրաժարվել, և մենք այսօր այդպիսի որոշում արձանագրեցինք։ Կարծես ցանկություն ունեն անելու սահմանադրական փոփոխություններ, բայց իշխանության փոխզսպման մեխանիզմների ներդրման տրամաբանություն չենք տեսնում»,-ասաց Իոաննիսյանը:
Նա ընդգծեց, որ իրենց առաջարկություններում հիմնականում երեք կոնցեպտուալ բան կար. «Առաջին՝ նախագահն իրական մասնակցություն է ունենում անկախ մարմինների ձևավորմանը: Երկրորդ՝ նախագահը ընտրվում է ժողովրդի կողմից, և երրորդ՝ նախագահը գործադիր տիրույթ չի մտնում: Հստակ սահմանվում է, որ նախագահը որևէ լիազորություն չունի կառավարության, զինվորականների կամ դիվանագետների նշանակման հարցերում»,-ընդգծեց Իոաննիսյանը: