Պարեկներին դրդում են ծառայել ոչ թե բովանդակության, այլ ձևի համար

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ոստիկանական բարեփոխումների մշտադիտարկումը, որի ընթացքում տեսնում ենք նույնանման բացասական միտումներ Ներքին գործերի նախարարության ղեկավար կազմի կողմից՝ ուղղված Պարեկային ծառայության դեմ։

Ուսումնասիրելով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության (ՆԱՎ) կողմից իրականացված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի քանակը՝ մեկ անգամ ևս համոզվում ենք, որ համակարգը շարունակում է անհամեմատ ավելի շատ տույժերի ենթարկել պարեկներին, քան ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողներին։

Այսպես, ոստիկանությունից ստացած տեղեկությունների համաձայն՝ 2023 թ․ հունվարի 1-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանապետի կողմից կարգապահական տույժի են ենթարկվել ընդհանուր առմամբ 77 ոստիկաններ, որից 49-ը՝ պարեկներ։

 

Նախկինում արդեն անդրադարձել էինք այն ժամանակ դեռևս ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վահե Ղազարյանի՝ Պարեկային ծառայությանը ճնշելու փորձերին, ինչպիսիք էին կարգապահական տույժերի մեծ քանակները, «հակակադրային» քաղաքականությունը։ Փաստացի, Պարեկային ծառայությունը ոստիկանության՝ ամբողջությամբ բարեփոխված միակ ստորաբաժանումն է, որի կազմում է ծառայում համակարգի ծառայողների ընդամենը 15 %-ը, սակայն այն ստանում է  տույժերի կեսից ավելին։ Մասնավորապես, նախորդ տարվա տվյալներով, 253 ոստիկանների ներկայացված կարգապահական տույժերից 146-ը պարեկների դեմ էին (այսինքն՝ 58%-ը): Այժմ, փաստացի, ոչ միայն տեսնում ենք միտումների շարունակություն, այլ նույնիսկ ավելացում․   պարեկների դեմ ներկայացված տույժերի քառամսյա քանակը հասել է ընդհանուրի մոտ 64%-ին։

Սա տեղի է ունենում այն ֆոնին, որ Պարեկային ծառայությունն աննախադեպ արդյունքներ է ցուցադրում հանցավորության դեմ պայքարում: Արտաքին ծառայության կողմից տաք հետքերով հանցագործությունների բացահայտումները, հետախուզվող հանցագործների հայտնաբերումները պատիկներով աճել են Պարեկային ծառայության ներդրումից հետո (այդ մասին Երևանի մասով մանրամասնորեն անդրադարձել ենք այստեղ, իսկ Շիրակի և Լոռվա մարզերի մասով՝ այստեղ):

Ընդ որում, Պարեկայինը նաև ոստիկանական միակ ստորաբաժանումն է, որի ծառայողները կաշառքի առաջարկ ստանալու դեպքում բերման են ենթարկում կաշառքի փորձ կատարող քաղաքացիներին: Ի տարբերություն հազարավոր այլ ոստիկանների, որոնք կաշառքը կամ վերցնում են, կամ, լավագույն դեպքում, չեն վերցնում, բայց կաշառք տալու փորձի մասին չեն էլ զեկուցում․ պարեկների զեկուցագրերի հիման վրա արդեն իսկ մի քանի տասնյակ այդպիսի քրեական գործ կա:

Այսինքն, ոստիկանական գործը միգուցե ոչ իդեալական, բայց այլ ստորաբաժանումների համեմատ լավագույնս կատարող Պարեկային ծառայությունՆ ամենաշատ տույժերի արժանացող կոլեկտիվն է: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Պարեկային ծառայության նոր մեթոդների նկատմամբ կա ոստիկանական համակարգի դիմադրություն, որն առաջնորդվում է տույժերի 64 տոկոսը պարեկներին տվող ոստիկանապետի կողմից:

ՆԳՆ-ի բացատրությունը

Հարցին անդրադարձել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում։

Նա, մասնավորապես, նշել է, որ պարեկների այն արարքները, որոնք նվազ նշանակություն կարող էին ունենալ կամ ոչ կոմպետենտության արդյունքում են ի հայտ եկել, հետագայում ներվել են։

Սարգսյանի պնդմամբ՝ «2022 թ․-ի ընթացքում ոստիկանությունում շուրջ 709 կարգապահական պատասխանատվության դեպք է գրանցվել, որի կեսից պակասն է բաժին ընկել Պարեկային ծառայությանը»։ Տիկին Սարգսյանի պնդումը վերաբերում է բոլոր կարգապահական պատասխանատվության դեպքերին, սակայն ոստիկանության պետի կողմից տրված տույժերի քանակական պատկերին արդեն ծանոթ ենք վերևում ներկայացված ցուցանիշներով։

Արփինե Սարգսյանը նշել է նաև, որ տույժերի այդքան մեծ քանակը պայմանավորված է պարեկների համազգեստի մաս կազմող տեսախցիկներով, որոնք թույլ են տալիս ավելի մեծ վերահսկողություն իրականացնել և արձանագրել ծառայողական խախտումները, և հույս է հայտնել, որ այսչափ թափանցիկ վերահսկման միջոցը կարող է օգնել ողջ ոստիկանությանը, եթե տեսախցիկների պրակտիկան տարածվի նաև ոստիկանության այլ ոլորտներում՝ «լատենտային բնույթ կրող իրավախախտումները վերհանելու» նպատակով։

Այնուամենայնիվ, կարգապահական մանր խախտումների պատճառով պարեկային ծառայողներին պատասխանատվության ենթարկելու պրակտիկան ՆԳՆ նախարարի տեղակալը բացատրել է նրանով, որ «կարգապահական կանոնագիրքը և ոստիկանության ծառայության մասին օրենքը տալիս են կարգապահական խախտումների շատ լայն շրջանակ, այսինքն՝ ցանկացած խախտում իր ծառայության ընթացքում կարող է բերել կարգապահական պատասխանատվության»։ Նա հավելել է, որ կարգապահական խախտման կիրառման հիմքերը պետք է վերանայվեն օրենսդրությամբ, և ոստիկանության համար օբյեկտիվ չափանիշներ է պետք նախատեսել՝ ծառայողների արդյունքային ցուցանիշների հիմքով։

Ինչևէ, նախքան տիկին Սարգսյանի նշած փոփոխությունները կիրագործվեն՝ պարեկային ծառայողները շարունակում են նախարարությունից պատժի կիրառման կիզակետում լինել։

Արարքների բնույթները

Ընթերցողի մոտ հարց կառաջանա. արդյո՞ք պարեկներն իրապես խախտումներ են կատարել: Այո, հիմնականում խախտումները եղել են, բայց դրանց մեծամասնությունը եղել է պարեկների ծառայության սկզբնական շրջանում և ոչ էական: Որպես կանոն՝ համազգեստը ոչ պատշաճ կրելը, արձանագրության բլանկը սխալով լրացնելը, բլանկը կորցնելը և այլն:

Այդ խախտումները, ինքնին, ոստիկանական գործի վրա բացասաբար անդրադարձող չեն, բայց դրանց պատճառով պարեկները կենտրոնանում են ծառայության ձևի և ոչ բովանդակության վրա՝ այնպես, ինչպես ընդունված է ոստիկանական ողջ համակարգում: Իրապես, եթե հանցագործություն բացահայտելու համար պարեկը զրկվում է խրախուսանքից, քանի որ նախքան այդ առանց գլխարկի է դուրս եկել ավտոմեքենայից, ապա գլխարկը կրելը դառնում է ավելի կարևոր, քան հանցագործ բռնելը:

Պարբերաբար ականատես ենք լինում դեպքերի, երբ հանցագործների բռնած պարեկները զրկվում են պարգևավճարներից միայն այն պատճառով, որ ձևական խախտման համար տույժ ունեին: Օրինակ՝ պարեկներ Գաբրիելյան Արմանը, Գրիգորյան Էդգարը, Բաբաջանյան Վլադիկը, Մանուկյան Արտակը, Դալլաքյան Ավետիքը, Երիցյան Վահեն, Ստեփանյան Վահեն, Մկրտչյան Անդրանիկը:

Իսկ ահա, օրինակ, պարեկներ Սիմոնյան Դավիթը և Սուքեյան Նարեկը կյանքեր խորտակող շատ վտանգավոր մեթամֆետամին («կրիստալ») տեսակի թմրանյութեր վաճառող խմբերի էին բռնել, բայց դրա համար որևէ խրախուսանք չստացան, քանի որ նախկինում արձանագրության բլանկ էին կորցրել:

Կարգապահական տույժերի ու խրախուսանքների համակարգն արմատական փոփոխությունների չենթարկելն ու պարեկայինի նկատմամբ ոստիկանության ղեկավար կազմում բացասական վերաբերմունքի շարունակումը կհանգեցնին նրան, որ պարեկները կսկսեն ծառայել ոչ թե բովանդակության, այլ ձևի համար:

Լիլիթ Ղազարյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող