Հայաստանում պահեստավորված գազի ծավալները պակասել են և բավարար են երկու շաբաթվա համար

Գազի պահեստավորման կարևորությունը չի կարող գերագնահատվել՝ հաշվի առնելով բնական գազի դերն ու նշանակությունը ինչպես էներգետիկ, արտադրատնտեսական ոլորտներում, այնպես էլ տնային տնտեսություններում առաջնային կարևորության խնդիրների լուծման համար։ Այդ իսկ պատճառով, աշխարհի բազմաթիվ պետություններ ունեն պահեստավորված գազի որոշակի քանակներ՝ նախատեսված խնդրահարույց (այդ թվում` քաղաքական դրդապատճառներով ստեղծված) ժամանակահատվածների համար։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հարցումներ և ուսումնասիրություններ է կատարել ՀՀ-ում գազի պահեստավորման ծավալների վերաբերյալ՝ համոզվելու, թե արդյո՞ք բավարար են պահեստավորված գազի պաշարները:

Ելակետային համարելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից պարբերաբար հրապարակվող տվյալները՝ դիտարկենք ՀՀ կողմից վերջին տարիներին ծախսվող գազի միջին ծավալները։ Դրանք, մասնավորապես, հետևյալն են:

Միջին տարեկան ծախսը՝ վերջին 3 տարիների կտրվածքով (ներկրված ՌԴ-ից և ԻԻՀ-ից միասին, ինչպես նաև վերցված գազատարներից և գազի ստորգետնյա պահեստ և կայանից (ԳՍՊԿ-ից), հանած գազատարներ և ԳՍՊԿ մղված ծավալները` մլն խմ-ով)

Ամսական միջինացված թիվը, իհարկե, կարող է որոշակիորեն փոփոխվել՝ կախված եղանակային պայմաններից և այլ հանգամանքներից։  

Նշենք նաև, որ այստեղ հաշվարկվում է նաև ԼՂՀ մատակարարվող գազի ծավալը, քանի որ այն հասանելի և բացահայտման ենթակա ինֆորմացիայից անհնարին է առանձնացնել։

Հատկանշական է, որ ի պատասխան վերջին հինգ տարիների ընթացքում պահեստավորված գազի ծավալների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հարցման՝ «Գազպրոմ Արմենիայից» տեղեկացրել են, որ այդ տվյալները համարվում են առևտրային գաղտնիք՝ չներկայացնելով, սակայն, որևէ հիմնավորում:

Այնինչ, «Նեֆտեգազ» լրատվականի կողմից տարածվել են կոնկրետ ցուցանիշներ, ըստ որոնց՝ 2024/2025 աշնանային-ձմեռային սեզոնին գազի օպերատիվ պաշարները Հայաստանի ստորգետնյա պահեստարաններում պետք է կազմեն 0․107 մլրդ խմ։

Այսինքն, 2024 թ. տարեվերջին ՀՀ-ում նախատեսվում է ունենալ 0․107 մլրդ խմ գազի պաշար։

Անգամ եթե չհաշվենք, որ ձմռանը գազի սպառումը շատ ավելին է, քան գարնանն ու ամռանը, և դիտարկենք կիսամյակի կտրվածքով միջինացված թվերը, ապա ակնհայտ է, որ 107 մլն խմ գազը կբավարարի հոգալու Հայաստանի կարիքներն ընդամենը երկու շաբաթ ժամանակահատվածում:

Ավելին, ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրամադրված տեղեկությունների՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանում 1999-2018 թթ. ժամանակահատվածում պահեստավորված գազի ծավալների ամենաբարձր ցուցանիշը կազմել է 162.3 մլն խմ, որը գրանցվել է 2018 թվականին։

Այսինքն՝ ներկայիս 107 մլն խմ գազի ծավալը 1/3-ով ավելի ցածր է 2018 թ. գրանցված ցուցանիշից, երբ գազի սպառման ընդհանուր ծավալը կազմել էր 2484.2 մլն խմ, այսինքն՝ նույնիսկ զգալիորեն ավելի պակաս, քան այդ նույն ցուցանիշը 2023 թ. համար։

Այսպիսով, եթե 2018 թ. Հայաստանում գազի պաշարները բավարար էին մոտ երեք շաբաթվա համար (ինչը ինքնին ցածր թիվ էր), ապա այժմ դրանք կարող են հանրապետության կարիքները բավարարել ընդամենը երկու շաբաթ:

Ռուզաննա Ավագիմյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Առնչվող