«Մատնահետքերի նախագրանցումը վերահսկման ավելի արդյունավետ մեխանիզմ է» (azatutyun.am)

Դանիել Իոաննիսյանի համոզմամբ, իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի ձախողվի մատնահետքերի արձանագրման միջոցով ընտրողների նախագրանցման հնարավորությունը, քանի որ դա ընտրությունների վերահսկման առավել արդյունավետ մեխանիզմ է, քան ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը:

Ըստ «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի, ընտրողների ցուցակի հրապարակումն, իհարկե, ընտրակեղծիքների որոշակի խմբի դեմ պայքարի հնարավորություն է տալիս, բայց դա «ավելի շատ բացահայտման միջոց է, ոչ թե կանխարգելման, քանի որ մատնահետքերն ու նախագրանցումը կանխարգելիչ ազդեցություն ունեն»:

Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները վերջին օրերին քանիցս հայտարարել են, որ ժամանակի սղության պատճառով գործնականում անհնար է կյանքի կոչել 4+4+4 ձևաչափով բանակցությունների ընթացքում ընտրությունների վերահսկման մեխանիզմների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Խոսքը, մասնավորապես, ընտրողների մատնահետքերի նախագրանցման մասին է: Դրանից հետո ՀՀԿ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ստեղծված իրավիճակում, իբրև այլընտրանք, դեմ չեն քննարկել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակման հնարավորությունը: Հիշեցնենք, ավելի վաղ հենց դա էր ընդդիմության հիմնական պահանջը:

Դանիել Իոաննիսյանը վստահ է՝ իշխանություններն ի սկզբանե անում էին ամեն ինչ՝ որ տապալեն վերահսկման մեխանիզմների ներդնումը: «Հակառակ պնդումները կարող էին լինել համոզիչ, եթե մինչ այդ իշխանությունները չձեռնարկեին բազմաթիվ փորձեր՝ տապալելու դրանք: Նախ բանակցային փուլում բազմիցս փորձում էին տապալել: Միջազգային ճնշումների ներքո, ի վերջո, ստիպված եղան ստորագրրել համաձայնագիրը:

Հետո, երբ համաձայնագիրը ստորագրված էր, իրենք փորձեցին արհեստականորեն բարձրացնել անհրաժեշտ գումարի չափը, եթե իրականում 13 մլն էր անհրաժեշտ, իրենք ասացին՝ 16 միլիոն է անհրաժեշտ․ գումրաը չի հերիքում, դրա համար էլ չենք կարողանում: Դա էլ չօգնեց, որովհետև միջազգային հանրությունը ասաց՝ բարի, մենք պատրաստ ենք տրամադրել 18 միլիոն, միայն թե դա արեք: Այդ մի հնարավորությունն էլ իշխանությունը կորցրեց: Ի վերջո, լեհական կազմակերպության վրա հղում անելով, ասացին՝ կներեք, տապալվեց»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Իոննիսյանը:

Առնչվող