- 30 Սեպտեմբերի, 2016
- Մամուլը մեր մասին
Հուլիսյան իրադարձությունների ժամանակ 71 հատ ձեռքի լուսաձայնային նռնակ է օգտագործվել, 26 հատ 40 մմ-անոց լուսաձայնային նռնակ եւ 3 կրակոց արցունքաբեր գազ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Հուլիսյան իրադարձություններին կալանավորված անձանց իրավունքների խախտումները» թեմայով քննարկմանն ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Հետաքրքիր է, որ արցունքաբեր գազից տուժել է միայն մեկ քաղաքացիական անձ եւ 18 ոստիկան: Որովհետեւ քաղաքացիները կարող են փախչել, իսկ ոստկանները պետք է հետեւեն հրամաններին: Հրամանատարներն էլ քիչ են հետաքրքրված, որ իրենց ենթակա ոստիկանները առանց հակագազի կանգնած են արցունքաբեր գազի մեջ»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Օգտագործած միջոցներից տուժած քաղաքացիներից 7-ը ստացել են այրվածքներ, 33-ը՝ կոտրվածքներ: Նրա մոտ կասկած է առաջացնում այն, թե ինչպես կարող էին քաղաքացիները նման միջոցներից կոտրվածքներ ստանալ:
«Արցունաքաբեր գազից ու լուսաձայնային նռնակից կարող էին թունավորվել, այրվածքներ ստանալ, բայց կոտրվածքները նրա մասին են խոսում, որ քաղաքացիներին դաժան ծեծի են ենթարկել: Ոստիկաններին տալիս են ռետինե մահակներ, ոչ թե արմատուրաներ, որ քաղաքացիները կոտրվածքներ չստանան, այնինչ քաղաքացիները ստացել են կոտրվածքներ, նշանակում է՝ քաղաքացիներին այլ գործիքներով են ծեծել, անգամ մահակով չեն ծեծել»,- ասաց նա:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ իրենց կատարած վիճակագրությունը հիմնված է ոստիկանության եւ առողջապահության նախարարության տվյալների վրա, ըստ որոնց այդ օրերին 130 հոգի դիմել է բուժօգնության: