Նոր ընտրական օրենսգիրքն ու ԱԺ ընտրությունների լուսաբանումը

2017 ԱԺ ընտրությունները քննություն էին նոր ընտրական օրենսգրքի բոլոր հատվածների համար, այդ թվում նաև լրատվամիջոցների կողմից ընտրությունների լուսաբանման օրենդսրական կարգավորումների համար: Արդյո՞ք նոր օրենսգիրքը բարեհաջող անցել է քննությունը լրատվամիջոցների մասով:

Անկողմնակալ և գնահատականներից զերծ

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 20-րդ «Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով» հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն ունեն հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից հավասար պայմաններով անվճար և վճարովի (այդ թվում ուղիղ եթերով) օգտվելու իրավունք», իսկ այնուհետև 3-րդ կետը պարզաբանում է «Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումներում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական քարոզարշավի վերաբերյալ ներկայացվում է անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն»:

Քարոզչության սահմանված կարգի պահպանման վերահսկողություն իրականացնող մարմնի՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կողմից մշակված ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման մեթոդաբանության 4-րդ կետի համաձայն՝ լրատվական թողարկումներում և հասարակական-քաղաքական հաղորդումներում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության միջոցառումների լուսաբանումը գնահատականներից զերծ և անկողմնակալ լինելու հանգամանքը, լուսաբանման հավասարության և ոչ խտրական սկզբունքի պահպանումը գնահատվում է ՀՌԱՀ-ի կողմից:

Օրենսդրական թերացո՞ւմ

Այդուհանդերձ, թե´ ընտրական օրենսգիրքը և թե´ ՀՌԱՀ-ի մեթոդաբանությունը հստակ չեն պարզաբանում, թե ինչպես պետք է հեռուստաընկերությունները անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն տրամադրեն: ՀՌԱՀ մշտադիտարկման արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հանձնաժողովը գահատել է միայն տարբեր քաղաքական ուժերին հեռուստատեսությունների կողմից լրատվական և քաղաքական հաղորդումների ընթացքում հավասարաչափ ժամանակ տրամադրելը: Սակայն, սա դեռևս չի նշանակում անկողմնակալ և գնահատականներից զերծ լրատվություն, քանի որ օրենսդրական սահմանումները բավականին աղոտ են, հեռուստաընկերությունների համար կան հարմար պայմաններ շրջանցիկ ճանապարհներ հորինելու համար:

Տոնայնություն

Հիմնական խնդիրը տոնայնությունն է: Այսպես, օրինակ, Կենտրոն հեռուստաալիքի լրատվական թողարկումների ժամանակ «Ծառուկյան դաշինքին» նվիրված 2 րոպեանոց ռեպորտաժի ընթացքում հաղորդավարի տոնը հստակ տարբերվում էր Կոմունիստական կուսակցության քարոզարշավը լուսաբանելու տոնայնությունից: Նույնը նկատելի էր նաև Հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումների ընթացքում, սակայն այս անգամ հօգուտ ՀՀԿ-ի:

Տոնայնության համար կարևոր է նաև օպերատորի աշխատանքը: Այսպես, օրինակ, քարոզարշավի ընթացքում երկու տարբեր կուսակցությունների հավաքի լուսաբանման վրա ազդում են նույնիսկ այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են այդ կուսակցությունների հավաքների ընթացքում դահլիճում նստած մարդկանց դեմքերը կամ մարդկանց թիվը: Մի կուսակցության դեպքում ցուցադրվում էր դահլիճի դատարկ մասն ու դժգոհ հանդիսատես, իսկ մյուսի դեպքում՝ ակտիվ ծափահարող, լեփ-լեցուն դահլիճ: Բնականաբար, նմանօրինակ մանրուքները ազդում են ընտրողի ենթագիտակցության վրա: Մանրուքներից բացի անցած ընտրություններին կարելի էր նկատել նաև լուրջ թերացումներ:

Չլուսաբանելը ևս լուսաբանել է

Մյուս կողմից որոշ երևույթները չլուսաբանելը ևս կողմնակալության դրսևորում կարող է լինել: Մասնավորապես, ԵԱՀԿ Ընտրությունների դիտարկման միջազգային առաքելութան՝ ՀՀ Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նախնական  եզրակացություններում նշվում է, որ հանրային հետաքրքրություն առաջացնող ընտրություններին առնչվող նորությունները, «այդ թվում, դպրոցների տնօրենների կողմից կազմված աջակիցների ցուցակների հրապարակումը, ԿԸՀ ներկայացված ընտրություններին առնչվող բողոքները չեն լուսաբանվել Հանրային հեռուստատեսության երեկոյան 21:00-ի լուրերի թողարկումներում»:

Հետևաբար, հավասարաչափ ժամանակ տրամադրելը դեռևս չի նշանակում ապահովել անկողմնակալ և գնահատականից զերծ լրատվություն: Գնահատականներ տալու տարբեր եղանակներ կան և ՀՀ օրենսդրությունը վստահաբար չի ապահովում համապատասխան մեխանիզմներ այդ եղանակները վերահսկելու և խախտումներ արձանագրելու համար: Հետևաբար, եթե 2017 ԱԺ ընտրությունները ստուգարք լինեին, ապա կարելի էր ասել, որ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի լրատվամիջոցների կողմից հավասար պայմանների ապահովման մասը մի կերպ կհանձներ այն, սակայն քննության դեպքում «3-ից հանած» կստանար:

Աննա Փամբուխչյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Առնչվող