Այցելեք Բաքու հայկական ազգանունով և կտեսնեք ռասիզմի ողջ «պերճանքը»․ Դանիել Իոաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում

Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ելույթ է ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Իոաննիսյանն իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանում ռասիզմի դրսևորումներին և Ադրբեջանի իշխանությունների հայատյաց հայտարարություններին:

Դանիել Իոաննիսյանի ելույթի տեքստի հայերեն տարբերակը կարդացեք ստորև․

«Շնորհակալություն, տիկին վարող,

Ցավոք, ռասիզմը դեռևս առկա է ԵԱՀԿ անդամ որոշ երկրներում։ Բայց 21-րդ դարում պետության մակարդակով կազմակերպված ամենառասիստական ​​հանցագործությունը իրականացվել է Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին։ Այդ օրերին Ադրբեջանն օգտագործեց իր զինուժը իր տարածքում էթնիկ զտումներ կազմակերպելու համար։

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում 100.000 հայ լքեց Լեռնային Ղարաբաղը։ Այնտեղ այժմ 20-ից քիչ հայ է մնացել։ Ոչ թե 20 հազար, այլ ընդամենը 20: Եվ դա Ադրբեջանի տասնամյակների «հաջողված» պետական ​​քաղաքականության արդյունքն էր:

Թույլ տվեք մի քանի օրինակ բերեմ.

2012 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել և պարգևատրել Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ սպանել էր քնած հայ սպային։ 2016 թվականին Իլհամ Ալիևը պարգևատրել էր ադրբեջանցի զինծառայողի, որը գլխատել էր հայ զինվորի մարմինը և հպարտությամբ սոցցանցերում հրապարակել լուսանկարը։

Դրանում զարմանալի ոչինչ չկա։ Մի քանի տարի առաջ իր ժողովրդին ուղղված ուղերձում նախագահ Ալիևը հայտարարել էր. «Մենք նրանց (հայերին) քշում ենք շների պես: Ադրբեջանցի զինվորները շների պես քշում են նրանց»։

Ադրբեջանի հայատյաց պետական ​​քաղաքականությունն արձանագրվել է մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից։ Պարզապես փորձեք Բաքվի օդանավակայան ժամանել հայկական ազգանունով՝ անկախ ձեր քաղաքացիությունից, և ականատես կլինեք ռասիզմի ողջ «պերճանքին»։

Ադրբեջանական որոշ հասարակական կազմակերպություններ նշում են էթնիկ ադրբեջանցիների մասին, որոնք լքել են Հայաստանը 30 տարի առաջ, սակայն լռում են էթնիկ հայերի մասին, որոնք այդ օրերին լքել են Ադրբեջանը։

Ըստ Ադրբեջանի պետական ​​վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների՝ 35 տարի առաջ Ադրբեջանում բնակվող կես միլիոն հայից այժմ մնացել են ընդամենը 200-ը։ Ոչ թե 200,000-ը, այլ ընդամենը 200-ը:

Եվ դա Ադրբեջանում ապրող հայերի ջարդերի արդյունքն է, մասնավորապես՝ 1988 թվականին Սումգայիթում և 1990 թվականին Բաքվում։ Կան զոհերի ճշգրտված անուններ և ցուցակներ։ Հայաստանում 35 տարի առաջ առանց բռնության հեռացած ադրբեջանցիների հետ նման բան երբեք տեղի չի ունեցել։

Տիկնայք և պարոնայք,

Ցավոք, երբեմն Ադրբեջանը չարաշահում է այս ձևաչափը՝ արդարացնելու Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունները։ Դրա վառ օրինակ է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» կազմակերպած միջոցառումը։ Դա մի կազմակերպություն է, որը խոսում է 35 տարի առաջ Հայաստանը լքած ադրբեջանցիների իրավունքների մասին։ Բայց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը նրանք անվանում են «Արևմտյան Ադրբեջան», իսկ նրանց խոսնակն իր սոցցանցերում վերջերս հայտարարել է. «Թող բոլոր թշնամի շները սատկեն», «Թող ամբողջ հայ ժողովուրդը մեռնի»…

Եկեք անկեղծ լինենք. դա այն ձևակերպումը չէ, որը պետք է օգտագործի մեկը, որը ցանկանում է վերադառնալ Հայաստան։ Դա ագրեսիա սպասարկող խոսք է։

Տիկնայք և պարոնայք,

Կցանկանայի օգտվել առիթից՝ հրավիրելու բոլորիդ անհայտ կորածների և բռնի տեղահանվածների վերաբերյալ միջոցառմանը, որը տեղի կունենա այսօր՝ ժամը 14:30-ին, Կորոլևսկի դահլիճում։

Շնորհակալություն»։

Առնչվող