Դատարանը բավարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցն ընդդեմ ԱԳՆ-ի

Վարչական դատարանը հուլիսի 10-ին բավարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դեմ «Իրազեկ Քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հայցապահանջը՝ տեղեկատվություն տրամադրելը պարտավորեցնելու մասին:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է դեռ 2014թ. դեկտեմբերի 20-ի թվագրվող «Իրազեկ Քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դիմումին, որով կազմակերպությունը նախարարությունից պահանջում էր իրեն տրամադրել Հայաստան-ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի սակագնային կարգավորումներին վերաբերվող դրույթների լուսապատճենները: Այդ ժամանակ արտգործնախարարությունը մերժել էր տրամադրել նշված նյութերը՝ պատճառաբանելով, որ այն գաղտնագրված է։

Չտրամադրված տեղեկատվությունը տրամադրել պարտավո­րեցնելու պահանջով «Իրազեկ Քաղաքացիների միավորում» ՀԿ-ն արտգործնախարարության դեմ հայցով դիմել էր ՀՀ վարչական դատարան:

Վարչական դատարանը 2016թ․ հոկտեմբերի 7-ին հրապարակած վճռով բավարարել էր հայցապահանջը, սակայն Արտաքին գործերի նախարարությունը վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ վարչական դատարանում, որը բողոքը մասամբ բավարարել էր, բեկանել դատական ակտը և նոր քննության ուղարկել վարչական դատարան։

Գործի նոր քննության ընթացքում վարչական դատարանը պահանջել է նախարարությունից համապատասխան ապացույցներ, որոնք կհաստատեն, որ պահանջված փաստաթղթերը պետական գաղտնիք են: Համապատասխան ապացույցներ չստանալուց հետո վարչական դատարանը 2018թ. հուլիսի 10-ի վճռով կրկին բավարարել է «Իրազեկ Քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հայցապահանջը և նախարա­րությանը պարտավորեցրել է վերջինիս տրամադրել Հայաստան-ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի սակագնային կարգավորումներին վերաբերող դրույթների լուսապատճենները։

Հիշեցնենք, որ 2010թ. հուլիսին մեկնարկեցին ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, իսկ 2012թ. հունիսին` Ասոցացման համաձայնագրի մաս կազմող խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները: 2013թ. հուլիսին բանակցությունները բարեհաջող ավարտվեցին, սակայն համաձայնագիրը չկնքվեց, քանզի 2013թ․ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փաստացի դադարեցրեց ԵՄ ասոցացման գործընթացը՝ հայտարարելով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող