Ոստիկանությունը, փրկարարն ու սահմանապահը ՆԳՆ-ում

Ազգային ժողովն առաջիկայում կքննարկի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արմատապես փոփոխել կառավարության կառուցվածքը և կրճատել նախարարությունների ցանկը:

Այդ լույսի ներքո հարկ ենք համարում քննարկել 2002 թվականից գործունեությունը դադարեցրած Ներքին գործերի նախարարությունը վերստեղծելու նպատակահարմարությունը:

Այսպիսով, 2002 թվականից Ներքին գործերի նախարարությունը, փաստացի պահպանելով նախարարության ներքին կառուցվածքը, դադարեց նախարարություն լինելուց և վերածվեց Կառավարությանն առընթեր մարմնի: Հիմնական տարբերությունն այն էր, որ մարմնի ղեկավարն այլևս հաշվետու չէր խորհրդարանին:

Հիմնական տարբերություննները

Կառավարությանը (կամ վարչապետին) առընթեր ոստիկանության  և ներքին գործերի նախարարության հիմնական տարբերությունը ընդգծելու համար արժե համեմատական տանել պաշտպանության ոլորտի հետ:

Այսպիսով, պաշտպանության ոլորտում կա կառավարության պաշտպանական քաղաքականության պատասխանատու՝ Պաշտպանության նախարարություն և պաշտպանության անմիջական իրականացնող՝ Զինված ուժեր և դրանց գլխում կանգնած գլխավոր շտաբ: Նախարարը համակարգում է քաղաքականության մշակումն ու իրականացումը, իսկ գլխավոր շտաբի պետը՝ զուտ ղեկավարում զինված ուժերը: Նույնը կարելի է ասել նաև փրկարար ծառայության և արտակարգ իրավիճակների նախարարության մասով:

Այնինչ, ոստիկանության դեպքում ոստիկանության պետը (և կենտրոնական ապարատը) միաժամանակ թե՛ ղեկավարում է ոստիկանությունը, թե՛ մշակում և իրականացնում քաղաքականությունը:

Ավելին, մեկ այլ էական տարբերություն է հաշվետվողականությունը: Վարչապետին առընթեր ոստիկանության պետը հաշվետու է բացարձակապես վարչապետին, մինչդեռ նախարարը ենթակա (և հաշվետու) է վարչապետին, ինչպես նաև, հաշվետու է Ազգային ժողովին: Նախարարը, որպես կառավարության անդամ, ներկա է լինում Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին և պատասխանում հասարակական կարգի պահպանման ու հանցագործությունների դեմ պայքարին վերաբերող պատգամավորներին հուզող հարցերին:

Այն պարագայում, երբ խորհրդարանը քաղաքացիների կողմից ուղղակիորեն ընտրվող միակ մարմինն է (պետությունը խորհրդարանական հանրապետություն է), խիստ կարևոր է, որ պատգամավորները կարողանան նշված հարցերի վերաբերյալ պատասխանները ստանան հենց Ազգային ժողովի դահլիճում՝ հանրության աչքի առջև:

Հավելենք, որ Եվրոպական Միության անդամ 28 երկրներից 27-ը ունեն ներքին գործերի նախարարություններ: Շվեդիան, որ բացառություն է այս առումով, ներքին գործերի նախարարության գործառույթները մեկտեղել է արդարադատության նախարարության կազմում (ցանկը՝ այստեղ):

Սահմանապահ ծառայություն

Հայաստանում սահամանապահ զորքերը Ազգային անվտանգության ծառայության կազմում են: Դա Խորհրդային միությունից եկած կառավարման մոդել է, որի հիմքը դրվել է 1957 թվականին, երբ ԽՍՀՄ սահմանապահ ծառայությունն ընդգրկվեց Պետական անվտանգության կոմիտեի կազմում:

1950-ականներին դա պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ այդ տարիներին ԽՍՀՄ դեմ հետախուզությունն իրականացվում էր տարատեսակ սահմանախախտումների միջոցով (թե՛ օդային, թե՛ ջրային և թե՛ ցամաքային): Սակայն արդեն վաղուց հետախուզությունը չի իրականացվում սահմանախախտումների միջոցով: Իսկ այնտեղ, որտեղ դա իրականացվում է (Ադրբեջանի հետ սահմանին), հարցը գտնվում է Հայաստանի զինված ուժերի լիազորությունների ներքո (և ոչ ԱԱԾ-ի):

Սա, որոշակի առումով, ժողովրդավարական երկրներում նախադեպը չունեցող կառավարման մոդել է, քանի որ սահմանապահ ծառայությունն ավելի շատ ընդհանրություն ունի ոստիկանության հետ, քան հետախուզական/հակահետախուզական մարմնի հետ:

Ոստիկանության փոխգործակցությունը սահմանապահ ծառայության հետ անգամ այժմ էապես ավելի շատ է, քան հետախուզական ու հակահետախուզական մարմինների հետ: Սահմանապահներն ու ոստիկանները համագործակցում են սահմանախախտների հայտնաբերման հարցում, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի կառավարման հարցում, անցակետերում քաղաքացիների ու տրանսպոտային միջոցների բացթողնման հարցում և այլն:

Այս առումով, զարմանալի չէ նաև, որ ԵՄ անդամ 28 երկրներից 23-ում սահմանապահ ծառայությունը (կամ գործառույթները) հենց ՆԳՆ-ի լիազորությունների շրջանակում են:

Փրկարար ծառայություն

Ակնհայտ է, որ Հայաստանում Կառավարությունն այժմ նախարարությունների թվի կրճատման և կառավարման օպտիմալացման նպատակ է դրել: Այդ տրամաբանության սահմաններում կարելի է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) միացնել ՆԳՆ-ին և փրկարար ծառայությունն ընդգրկել ՆԳՆ կազմում:

Փրկարար ծառայության և ոստիկանության համագործակցության ոլորտները շատ են: Ավելին, հանցագործությունների և արտակարգ իրավիճակների կանխարգելման գործողությունները հաճախ փոխկապակվցած են և չեն կարող լինել իրարից անկախ:

ԵՄ անդամ երկրներից 22-ում ՆԳՆ-ն նաև իականացնում է փրկարար և հրշեջ գործառույթներ (կամ կազմում ներառում է փրկարար ծառայությունը): Դա նաև հնարավորություն է տալիս ստեղծելու «փրկության միասնական հեռախոսահամար», ինչպես աշխարհի բոլոր առաջատար երկրներում (911, 112 և այլն):

Այլ կերպ ասած՝ արդյունավետ կլինի ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինեն 3 ծառայություններ՝ ոստիկանություն, սահմանապահ և փրկարար: Այդ ծառայությունների ղեկավարներին կարող է նշանակել վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ: Նման մոդել է գործում արդարադատության նախարարությունում, ուր գործում են ԴԱՀԿ, պրոբացիայի և քրեակատարողական ծառայությունները, որոնց ղեկավարները նշանակվում են վարչապետի կողմից:

Կառավարման առաջարկվող փոփոխության արդյունքում, ժողովրդավարական հասարակության տրամաբանությանը համահունչ, խորհրդարանական վերահսկողության դաշտ կբերվեն ոստիկանությունն ու սահմանապահ ծառայությունը, էապես կավելանա ոստիկանության, սահմանապահ ծառայության և փրկարար ծառայության կառավարման օպտիմալությունն ու գործունեության արդյունավետությունը:

Հովսեփ Ղազարյան, Դանիել Իոաննիսյան և Արևիկ Սիմոնյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող