Հայաստանի վերականգման հայեցակարգ. իրավապահ ու քննչական մարմիններ

2015 թվականին ընդունված գործող Սահմանադրությամբ ՀՀ իրավապահ մարմինները դրված են բացառապես գործադիրի վերահսկողության ներքո, և ապահովված չէ նրանց հաշվետվողականությունը հանրության առջև։ Այս խնդիրը լուրջ մարտահրավերներ է պարունակում Հայաստանում ժողովրդավարության համար, և անհրաժեշտ են մի շարք գործողություններ, իրավիճակը շտկելու համար։

Այսպես, «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգում», որը կազմել են հայաստանյան մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպություններ, բերվում են առաջարկներ, թե ինչպես կարելի է ապահովել ոստիկանության, դատախազության, քննչական և անվտանգության մարմինների միջև գործառութային այնպիսի բաշխում ու միմյանց հավասարակշռում, որ պահպանվի դրանցից յուրաքանչյուրի ֆունկցիոնալ անկախությունը, ինչն էլ կհանգեցնի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց բացահայտմանը, մեղավորներին պատժելուն, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովմանը և մարդու իրավունքների երաշխավորմանը:

Ոստիկանություն

Դեռևս 2001թ․ ոստիկանությունը զրկվեց նախարարության կարգավիճակից և դրվեց նախագահից ուղղակի կախման մեջ: 2015թ․-ի սահմանադրական փոփոխությունները, ըստ էության, պահպանեցին այս կառույցի կախվածությունը մեկ անձից, այս անգամ՝ վարչապետից: Սրա հետևանքով Հայաստանում հիմա ոստիկանությունը հաշվետու է ոչ թե Ազգային ժողովին, այլ միայն վարչապետին, ինչը դրա գործունեությունը դարձնում է պակաս թափանցիկ և վերահսկելի։

Ըստ այդմ, վերոնշյալ հայեցակարգով առաջարկվում է հանել ոստիկանությունը վարչապետի անմիջական ենթակայությունից՝ տալով կառույցին նախարարության կարգավիճակ և ապահովելով Ազգային ժողովին նրա հաշվետվողականությունը՝ խորհրդարանական վերահսկողության հստակ գործիքների սահմանմամբ և կիրառմամբ: Բացի սա, առաջարկվում է թափանցիկ դարձնել ոստիկանությանը տրվող բյուջետային հատկացումների և անձնակազմի թվաքանակի տվյալները, ինչպես նաև ապահովել ոստիկանության նկատմամբ հասարակական վերահսկողությունը՝ երաշխավորելով ոստիկանությունում հասարակական դիտորդական խմբի աշխատանքը:

ՀԿ-ների ներկայացրած փաստաթղթով առաջարկվում է նաև վերացնել կամ վերակազմավորել ոստիկանության ներքին զորքերը՝ այն հիմքով, որ Հայաստանը ներքին թշնամիներ չունի:

Դատախազություն և քննչական մարմիններ

Չնայած 2015թ․ ընդունված Սահմանադրությամբ ՀՀ գլխավոր դատախազի նշանակումը վերապահվել է Ազգային ժողովին, այնուամենայնիվ, այդ առանցքային պաշտոնի նշանակումը Հայաստանում կախված է խորհրդարանական մեծամասնության կամքից, և թեկնածուի առաջադրման և ընտրության գործընթացում բացակայում են օբյեկտիվ չափանիշները։  Իսկ ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայությանը և ՀՀ քննչական կոմիտեին, ապա դրանց ղեկավարությունը ձևավորվում է վարչապետի ներկայացմամբ՝ նշանակման գործում առանց Ազգային ժողովի որևէ մասնակցության կամ թեկնածուների ընտրության օբյեկտիվ չափանիշների: Բացի այդ, քննչական այս մարմինները տարեկան հաղորդում կամ հաշվետվություն չեն ներկայացնում Ազգային ժողով, այլ փոխարենը՝ միայն Կառավարությանը:

Ըստ այդմ, հայաստանյան քաղհասարակության ներկայացրած փաստաթղթում առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուի առաջադրման և ընտրության ընթացակարգում նախատեսել մասնագիտական, ապաքաղաքական անկախ գնահատման անցկացում։  Նաև, առաջարկվում է ապահովել Հատուկ քննչական ծառայության պետի և ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի ընտրությունը Ազգային ժողովի որակյալ մեծամասնությամբ, իսկ նրանց տեղակալների նշանակումը՝ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում թեկնածուների շուրջ խորհրդակցություններ անցկացնելուց հետո:

Ընդհանուր առմամբ, ըստ հայեցակարգի, պետք է իրականացվեն այնպիսի գործողություններ, որոնք հասանելի կդարձնեն քննչական մարմինները քաղաքացիների համար, հնարավորություն կտան քաղաքացիներին դիմել դրանց ուժայինների կողմից իրենց իրավունքները ոտնահարվելու դեպքերում, և վստահ լինել, որ քննչական մարմինները վերահսկվում են քաղաքականապես անկախ մեխանիզմներով։

ԱԱԾ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը դեռևս խորհրդային ժամանակներից իրականացնում է գործունեության լայն շրջանակ՝ սկսած հետախուզությունից և հակահետախուզությունից, վերջացրած քննչական գործողություններով, անձանց մասին տեղեկություններ հավաքելով և նույնիսկ՝ պետական սահմանի պահպանությամբ։

ԱԱԾ ղեկավարի նշանակումը կատարում է վարչապետը՝ միանձնյա, և այն հանգամանքը, որ ԱԱԾ նկատմամբ բացակայում է ժողովրդավարական, քաղաքացիական և դատական վերահսկողություն, ռիսկեր է ստեղծում, որ այդ մարմինը կարող է օգտագործվել որպես հասարակության ճնշման և մարդու իրավունքներին անպատիժ միջամտության մեխանիզմի։

Ըստ այդմ, փաստաթղթի հեղինակներն առաջարկում են, նախ, օրենսդրորեն և գործնականում սահմանել ԱԱԾ գործառույթները, ապառազմականացնել այդ կառույցն ու ապահովել խորհրդարանական, քաղաքացիական և դատական վերահսկողություն՝ դարձնելով այն ավելի թափանցիկ և հաշվետու:

Ընդհանուր առմամբ, «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգը» բավական ծավալուն փաստաթուղթ է, որի հիմնական շեշտադրումներից մեկը, թերևս, այն է, որ քաղհասարակությունը պետք է մասնակցի երկրի համար կարևոր հարցերի քննարկմանը՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ միասին։

Մեր նախկին հրապարակումներում մենք արդեն անդրադարձել ենք հայեցակարգի՝ կրթության,  կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի վերաբերյալ հատվածներին։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Առնչվող