Նազարբաևը պահպանելու է իր ազդեցությունը Ղազախստանում

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը հետաքրքրական է ոչ միայն այդ երկրի ներքին քաղաքականության, այլև եվրասիական տարածաշրջանի համատեքստում։

Նուրսուլթան Նազարբաևը ղեկավարում է Ղազախստանը 1989 թվականից, և երկրի անկախացումից հետո մշտապես զբաղեցրել է նախագահի պաշտոնը։ Թեև 2019 թվականի մարտի 19-ին Նազարբաևի հրաժարականի մասին լուրն անակնկալ ու անսպասելի էր շատերի համար, այնուամենայնիվ, այդ երկրի ներքաղաքական միջավայրը և արդեն հրաժարականից հետո տեղի ունեցած իրադարձությունները հուշում են, որ մեծ հաշվով Ղազախստանում և եվրասիական կառույցներում Ղազախստանի դերակատարման մեջ փոփոխություններ չեն սպասվում։

Ի՞նչ է տեղի ունեցել

78-ամյա Նազարբաևի հրաժարականից հետո Ղազախստանի նախագահի պարտականությունները ստանձնել է ղազախական խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի խոսնակ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը, ըստ Ղազախստանի օրենսդրության, համարվում է ոչ թե Ղազախստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, այլ լիարժեք նախագահ։

Տոկաևը նախկինում մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել, եղել է Ղազախստանի արտգործնախարար և վարչապետ։ Մեծ է նաև Տոկաևի միջազգային հեղինակությունը։ Վերջինս 2011-2013 թվականներին եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նուրսուլթան Նազարբաևի կուսակցության՝ «Նուր Օթանի» անդամ է, Նազարբաևի քաղաքական թիմակիցը։ Ըստ էության, իր հրաժարականով Նուրսուլթան Նազարբաևը փոխանցել է իշխանությունը իր թիմին՝ միևնույն ժամանակ, վերահսկման լուրջ լծակներ ապահովելով իր համար։

Ի՞նչ է անելու Նազարբաևը

Հեռանալով նախագահի պաշտոնից՝ Նուրսուլթան Նազարբաևը շարունակում է ղեկավարել երկրի իշխող կուսակցությունը՝ «Նուր Օթանը»։ Բացի դա, Նազարբաևը ցմահ զբաղեցնելու է Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, ինչպես նաև շարունակելու է լինել սահմանադրական խորհրդի անդամ, որը նրան թույլ կտա հետագայում վետոներ կիրառել օրենսդրական փոփոխությունների վրա։

Բացի սա, ղազախական օրենսդրությամբ, Նուրսուլթան Նազարբաևը, որպես երկրի առաջին նախագահ, կրում է «յելբասի» կոչումը՝ ժողովրդի առաջնորդ։ Այս կոչումը նրան հնարավորություն է տալիս խորհրդատվական ազդեցություն ունենալ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։

Սրա հետ մեկտեղ, ահռելի է Նուրսուլթան Նազարբաևի ազդեցությունն իր ազգականների և հարազատների միջոցով։ Այսպես, արդեն մարտի 20-ի դրությամբ նրա դուստր Դարիգա Նազարբաևան զբաղեցնում է Սենատի խոսնակի պաշտոնը, Նազարբաևի զարմիկ Սամատ Աբիշը զբաղեցնում է ազգային անվտանգության կոմիտեի փոխնախագահի պաշտոնը, միջնեկ դստեր ամուսինը՝ Տիմուր Կուլիբաևը, վերահսկում է Ղազախստանի ազգային բանկն ու ղեկավարում է գործարարների ազգային պալատը։

Ինչ վերաբերում է Ղազախստանի՝ արդեն գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հավատարմությանը Նազարբաևին, ապա Տոկաևն արդեն հասցրել է վերանվանել երկրի մայրաքաղաք Աստանան իր նախորդի պատվին՝ Նուրսուլթան։ Որոշումը միաձայն հավանության է արժանացել խորհրդարանի կողմից։

Ի՞նչ ներքաղաքական իրավիճակ է Ղազախստանում

Ղազախստանում ներքին քաղաքական «անցուդարձ», որպես այդպիսին, գոյություն չունի։ Խորհրդարանում ներկայացված է երեք ուժ, որոնցից «Նուր Օթանը»՝ Նազարբաևի կուսակցությունը, 2016-ի խորհրդարանական ընտրություններում հաղթել է 80 տոկոս ձայներով։ Մյուս երկու կուսակցություններն են իշխանամետ «Ակ Ժոլը» և կոմունիստական կուսակցությունը, որոնց քաղաքական հավատարմությունը Նազարբաևին դրսևորվեց թեկուզ հենց Աստանայի վերանվանման հարցում։

Ղազախստանում գրանցված մյուս կուսակցությունները՝ «Բիրլիկը», «Աուըլը» և ընդդիմադիր ներկայացող սոցիալ դեմոկրատական կուսակցությունը, 2016-ի խորհրդարանական ընտրություններին չնչին քանակությամբ ձայներ էին հավաքել, և վերջիններիս գործունեության մասին որևէ հիշատակումներ այս տարիներին չեն եղել։

Ընդհանուր առմամբ, Ղազախստանի օրենսդրությամբ կուսակցություն գրանցելն անչափ դժվար է, և որևէ ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու փորձերը մշտապես ձախողվում են։

Ըստ այդմ, Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը և իշխանության փոխանցումն իր թիմին դժվար թե որևէ ցնցումների հանգեցնի այդ երկրում, քանի որ ակտիվ քաղաքականությամբ զբաղվող ընդդիմադիր գործիչներ Ղազախստանում չկան։

Եվրասիական տարածաշրջանում

Ուշագրավ է, որ իր հրաժարականից հետո Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույցներ է ունեցել եվրասիական ինտեգրացիոն կառույցների անդամ երկրների ղեկավարների հետ։ Մասնավորապես, Նազարբաևը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների հետ։ Սա, թերևս, նշանակում է, որ Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնից հեռանալիս հարկ է համարել անձամբ հավաստիացնել գործընկերներին, որ այս ուղղություններով Ղազախստանի քաղաքական կուրսը չի փոփոխվի, և Ղազախստանը կշարունակի ակտիվ մասնակցություն ունենալ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կյանքում։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող