Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ 2018թ. դեկտեմբերի 9 «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի զեկույց

2018թ․ գարնանը թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված անցումային կառավարությունն իր առաջնահերթությունը հռչակեց մեկ տարվա ընթացքում բարելավված օրենսդրական հիմքով, առանց տարածքային
ընտրակարգի, «արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական»։

2018 թ. սեպտեմբերի 28-ին Կառավարության կողմից հաստատվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգը: Ըստ գործող սահմանադրության, եթե Ազգային ժողովը սահմանված ժամկետում չի ընտրում ՀՀ վարչապետ կամ հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, այն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ ընտրություններ:

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի (ԱԺ) Հայաստանի հանրապետական, «Ծառուկյան» և Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցություները, արտահերթ նիստ հրավիրելով, ընդունեցին «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որն ուղղված էր այդ պահին ԱԺ արձակելու առավել հավանական սցենարի իրագործմանը խոչընդոտելուն: Վարչապետ Ն. Փաշինյանը հրամանագիր ստորագրեց վերոնշյալ խմբակցությունների կուսակցական նախարարներին և մարզպետներին պաշտոնանկ անելու մասին, իսկ հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց, ինչով սկսվեց Ազգային Ժողովը իրավունքի ուժով ազատ արձակելու սահմանադրական գործընթացը: Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում ձախողվեց առաջին ընթերցմամբ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Հոկտեմբերի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց հոկտեմբերի 2-ին ընդունված նախագիծը և ուղարկեց այն Սահմանադրական դատարան: Հոկտեմբերի 24-ին Սահմանադրությամբ նախատեսված քվեարկության պահանջը կատարելու նպատակով՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանը չընտրվեց Ազգային Ժողովի կողմից։ Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կրկին տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովը երկրորդ անգամ չընտրեց վարչապետ, որի պաշտոնի միակ թեկնածուն էր Նիկոլ Փաշինյանը, իսկ նախագահ Ա. Սարգսյանը հրամանագիր ստորագրեց ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերի 9-ին նշանակելու մասին:

2018թ․ դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի ունեցան առանց ընտրական օրենսգրքի փոփոխությունների։

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը անդամ և գործընկեր կազմակերպությունների հետ իրականացրեց արտահերթ ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկում՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

Սույն զեկույցն ամփոփում է «Անկախ դիտորդ» դաշինքի երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկումների արդյունքները:

Զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ

 

Առնչվող