Երվանդ Զախարյանը հերքում է Հովիկ Աբրահամյանի պնդումը

Ինչպես հայտնի է, օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտել ՀԾԿՀ ս.թ. հունիսի 17-ի որոշմամբ սահմանված էլեկտրաէներգիայի նոր սակագները, որոնք մինչ այդ գործող սակագներից թանկ են շուրջ 7 դրամով: Թանկացման դեմ բարձրացած ցույցերի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը սուբսիդավորվելու է պետության կողմից: Սակայն հանրությանը չէր ներկայացվում ո´չ այդ սուբսիդավորման աղբյուրը, ո´չ էլ այն, թե բաժանորդների կոնկրետ ո՞ր խմբերին է տրամադրվելու այդ սուբսիդավորումը:

Այդ կապակցությամբ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պատասխանելով «Իրազեկ քաղաքացիների միավորման» հարցմանը, արդեն երրրորդ գրությամբ վերահաստատում է, որ դեռևս հստակեցված չեն այդ սուբսիդավորման աղբյուրները և շահառուների շրջանակը:

Ընդ որում, նախարար Զախարյանի պնդումը առավել զարմանալի է այն ֆոնին, որ օգոստոսի 2-ին Գյումրիում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման սուբսիդավորումը իրականացվելու է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի 3 ՀԷԿ-երի վաճառքից ստացած հասույթից:

Այսինքն, Երվանդ Զախարյանը գրավոր կերպով հերքեց Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, իսկ Հայաստանի կառավարությունում դեռևս չգիտեն, թե որտեղի՞ց են գտնելու խոստացված սուբսիդավորման գումարները, ինչպես նաև, թե կոնկրետ ո՞ր բաժանորդների էլեկտրաէներգիան են սուբսիդավորելու, թեև նոր սակագինն արդեն 2 շաբաթ է, ինչ ուժի մեջ է մտել:

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ եթե գործադիրը սուբսիդավորի բոլոր խմբերի բաժանորդներին (արդյունաբերական ձեռնարկություններ, կազմակերպություններ և բնակիչ-բաժանորդներ), ապա դա կարժենա ամսական շուրջ 3 միլիարդ դրամ (6 մլն ԱՄՆ դոլար), ինչը բավականին մեծ գումար է: Տարեկան կտրվածքով դա կազմում է շուրջ 35 միլիարդ դրամ (74 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը ՀՀ պետական բյուջեի մոտ 3 տոկոսն է: Ուստի այդ գումարը դժվար կլինի վերադարձնել հարկերի հաշվին կամ փոխհատուցել հերթական վարկի ներգրավմամբ (քանի որ Հայաստանի պետական պարտքը առանց այդ էլ ահռելի է):

Սակայն, եթե Կառավարությունը որոշի սուբսիդավորել միայն բնակիչ-բաժանորդներին, ապա դա մեր պետության վրա կնստի ամսեկան ընդամենը 1 միլիարդ դրամ (2 միլիոն ԱՄՆ դոլար): Բայց այդ պարագայում էլեկտրաէներգիայի համար թանկացած գնով կվճարեն արդյունաբերական ձեռնարկություններն ու այլ կազմակերպությունները, ինչը կհանգեցնի էական գնաճի և կնվազեցնի տեղական արտադրանքի մրցունակությունը միջազգային շուկաներում ու մասնավորապես՝ ԵՏՄ տարածքում, որի անդամ բոլոր երկրներում էլեկտրաէներգիան զգալիորեն ավելի էժան է, քան Հայաստանում: Արդյունքում էլ ավելի կնվազի արտահանումը ՀՀ–ից դեպի ԵՏՄ երկրներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»                                      

Առնչվող