Դանիել Իոաննիսյանը գիտպետկոմին մեղադրում է կոռուպցիայի մեջ, կոմիտեի նախագահը հակադարձում է

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ Գիտության պետական կոմիտեում համակարգային կոռուպցիա կա, որն առաջին հերթին՝ շահերի բախման դրսևորումն է։

«Խոսքը հիմնականում տարբեր մրցույթների, գիտության ֆինանսավորման, բաշխման մասին է, այստեղ լրջագույն խնդիր կա, որոնք նորություն չեն։ Այն ամենի մասին, ինչ հայտարարվեց ԱԺ ամբիոնից, բնականաբար, փաստերը կան, դրանք նախկինում էլ հրապարակվել են, կրկնում եմ՝ առանձնապես նոր բան չի ասվել։ Ըստ էության, կան բազմաթիվ տեղեկություններ, որոնց փաստերը չունենք, բայց որոնց մասին մենք հավաստի աղբյուրներից լսել ենք, բայց որ հարցնեք՝ դրանց փաստերը կա՞ն, կասեմ՝ ոչ։ Փաստեր կան, թե Գիտության պետական կոմիտեի նախագահը որքան է գնացել գործուղումների, թե ինչ ծախսեր է ինքն իրեն հատուցում գիտական գործուղումներից»,- նշեց Դ. Իոաննիսյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ի՞նչ փաստեր կան Գիտության պետական կոմիտեի նախագահի հասցեին հնչեցրած մեղադրանքներին։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» խորհրդարանական քննարկման ժամանակ Դանիել Իոաննիսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Գիտության պետական կոմիտեում կոռուպցիա կա, և մեղադրանքներ հնչեցրեց կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հասցեին։

Նրա կարծիքով՝ Ս. Հարությունյանը չպետք է վերանշանակվեր այդ պաշտոնում, և իշխանափոխությունից հետո ինքն առաջինն է եղել, որ քննադատել է այդ նշանակումը։

«Հեղափոխությունից հետո հույս կար, որ ինքը չի վերանշանակվի, բայց վերանշանակվեց։ Տեսեք, թե իրականում ինչումն է հարցը՝ Գիտության կոմիտեում կոռուպցիան ինչո՞վ է տարբերվում այլ մարմիններում կոռուպցիայից, այնտեղի կոռուպցիան մի քիչ ավելի «խելոք» է, մանվելգրիգորյանական կոռուպցիա չէ, այնտեղ բենզին չեն գողանում, դա ավելի «բարձրորակ» կոռուպցիա է, քանի որ այն իրականացնողները բավականին խելոք մարդիկ են։ Գուցե սա է պատճառը, որ նախարար Արայիկ Հարությունյանը վստահել ու նշանակել է նրան։ Հիմա Սամվել Հարությունյանը բողոքում է, թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կրճատել է գիտության ֆինանսավորումը, բայց մոռանում է, որ այդ ժամանակ ինքն է եղել կոմիտեի պատասխանատուն»,- հավելեց Դ. Իոաննիսյանը։

168.am-ի հետ զրույցում Սամվել Հարությունյանը նշեց, որ Իոաննիսյանի այդ հայտարարության համար նախկինում ինքը դատական հայց է ներկայացրել նրա դեմ և դատը շահել, ուստի, եթե Դ. Իոաննիսյանը շարունակի իրենց մեղադրել, ապա ևս մեկ դատական հայց կներկայացնի՝ զրպարտության հոդվածով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Առնչվող