«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ընտրական գործընթացներում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունն արդեն շուրջ 5 տարի մշտապես ներգրավված է հայաստանյան և միջազգային դիտորդական առաքելություններում։

Դիտորդական առաքելություններին մասնակցությունն ամրագրված է կազմակերպության ռազմավարության մեջ, և այս ընթացքում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ոչ միայն մասնակցել և համակարգել է բազմաթիվ դիտորդական առաքելություններ, այլև ակտիվորեն հանդես է եկել ընտրական բարեփոխումների ջատագովությամբ և ընտրությունների ու ընտրական իրավունքների վերաբերյալ քաղաքացիների իրազեկմամբ։

Դիտորդություն

Առաջին անգամ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիտորդական առաքելության մասնակցել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում՝ 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ։ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կազմում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2016 թվականին մասնակցել է Հրազդանում, իսկ ապա «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» հետ միասին Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցած տեղական ընտրություններին։

2017 թվականի հունվարին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու նպատակով ստեղծվել է «Անկախ դիտորդ» դաշինքը, որի առանցքային մասնակիցներից է հենց «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։ Դաշինքի մաս են կազմում նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Մարտունու կանանց համայնքային խորհուրդը և Գորիսի մամուլի ակումբը։

«Անկախ դիտորդ» դաշինքը դիտորդական առաքելություններ է իրականացրել 2017-ի Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների, ինչպես նաև 2018 թվականի Ազգային ժողովի և Երևանի ավագանու արտահերթ և Հրազդանի ու Աբովյանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Բացի սա, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2019 թվականին դիտորդական առաքելություն է իրականացրել նաև Արցախի Հանրապետության ՏԻՄ ընտրություններին։

Ուշագրավ է, որ Հայաստանում և Արցախում դիտորդական առաքելություններին զուգահեռ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» անդամները մասնակցել են նաև մի շարք միջազգային դիտորդական առաքելությունների, այդ թվում՝ 2016 թվականին Վրաստանի խորհրդարանական, 2018-ին Շվեդիայի համընդհանուր և Վրաստանի նախագահական ընտրություններին։

Բուն դիտորդական առաքելություններից զատ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2018 թվականի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից սկսած իրականացրել է նաև նախընտրական շրջանում մեդիայի մշտադիտարկում։ Մասնավորապես, այդպիսի մշտադիտարկումներ իրականացվել են նաև 2018-ի արտահերթ խորհրդարանական և 2019-ի Արցախի ՏԻՊ ընտրություններից առաջ, ինչը թույլ է տվել պարզել, թե որքանով են լրատվամիջոցներն անկողմնակալ և հավասարաչափ լուսաբանում քաղաքական ուժերի նախընտրական արշավները։

Ջատոգովություն

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» իր գործունեության ընթացքում մշակել և մասնակցել է բազմաթիվ օրենսդրական բարեփոխումների, մասնավորապես՝ կապված ընտրական գործընթացների հետ։ Կազմակերպությունն ակտիվորեն մասնակցել է 2016 թվականին մեկնարկած՝ նոր Ընտրական օրենսգրքում դրական փոփոխությունների ջատագովման աշխատանքներին և ներգրավվել է հայտնի 4+4+4 ձևաչափին (կառավարություն+քաղաքական ուժեր+քաղհասարակության կազմակերպություններ) և նոր ԸՕ-ի շուրջ բանակցություններին ներկայացրել քաղաքացիական հասարակության 200-ից ավելի կազմակերպությունների և մոտ 15 կուսակցությունների միասնական պահանջներ, որոնց ձևակերպման ֆասիլիտացիան ևս իրականացրել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։

Հատկանշական է, կազմակերպության՝ ընտրությունների հարցում բարձր կոմպետենտությունը արձանագրել է նաև նախորդ` Հանրապետական կուսակցության կառավարությունը: 2016 թվականի նոյեմբերի 10-ի կառավարության N 1158-Ն որոշման համաձայն, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներգրավվել է ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի ու անձնագրերի շտեմարանի աուդիտը կազմակերպելու, էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովում։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն արդեն հետհեղափոխական շրջանում, որպես վարչապետին կից ստեղծված ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, մասնակցել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի մշակմանը։ 2019 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանդես է եկել նաև Արցախում ընտրական բարեփոխումների առաջարկներով։

Բացի սա, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» մասնակցել է Հայաստանի և Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բազմաթիվ որոշումների, ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի մշակմանը, մասնակցել է ընտրական գործընթացի և ընտրական իրավունքի վերաբերյալ դասախոսություններին Հայաստանի քննչական կոմիտեում և Արցախի ոստիկանությունում։

Իրազեկում

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», հավատարիմ ընտրական գործընթացների բարելավմանն ուղղված իր առաքելությանը, հրապարակել և տարածել է հանրության շրջանում ընտրությունների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնող բազմաթիվ տեսանյութեր և հոդվածներ։

Մասնավորապես, կազմակերպությունը պատրաստել է ընտրությունների վերաբերյալ հանրամատչելի ու ամփոփ 30-ից ավել տեսահոլովակներ, որոնք հրապարակվել են թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ սոցիալական ցանցերում և ունեցել տասնյակ հազարավոր դիտումներ։ Այդ տեսանյութերը հրապարակվել և տարածվել են 2015-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից, 2017 և 2018 թվականների Ազգային ժողովի և Երևանի ավագանու, ինչպես նաև 2019-ի Արցախի ՏԻՄ ընտրություններից առաջ։

Ընտրական գործընթացների շարունակական բարեփոխումն ու դրանց մշտադիտարկումն «Իրազեկ քաղաքացիների միավորման» գործունեության հիմնական ուղղություններից մեկն է, և կազմակերպությունը հետագայում ևս, իր ռազմավարության համաձայն, շարունակելու է իր առաքելությունը՝ հանուն Հայաստանում և Արցախում ավելի թափանցիկ, ազնիվ և մրցակցային ընտրությունների։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Առնչվող