ՀՀ կառավարությունը աջակցելու է «Մի՛ դարձիր ընտրական հանցագործ» իրազեկման արշավին

ՀՀ կառավարությունը, ընդառաջելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դիմումին՝ աջակցելու է «Մի՛ դարձիր ընտրական հանցագործ» իրազեկման արշավին։ Այն կիրագործվի բացառապես հասարակական կազմակերպության ֆինանսական միջոցներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, նախաձեռնությունն ուղղված է ընտրական գործընթացների օրինականության պահպանմանը և ընտրակաշառքի կանխարգելմանը։

Արշավի շրջանակում պատրաստվել են թեմայի վերաբերյալ տեղեկատվական թռուցիկներ, որոնք կտրամադրեն Հայաստանի Հանրապետություն մուտք եւ ելք գործող անձանց՝ օդանավակայաններում և սահմանային անցակետերում։

Այս հանրային հաղորդակցության նախաձեռնության նպատակն է քաղաքացիների՝ երկիր մուտք եւ ելք գործելու պահին ապահովել հստակ և հասկանալի իրազեկում՝ հիշեցնելով, որ քվեարկության համար գումար վերցնելը կամ առաջարկելը քրեական հանցագործություն է և ենթակա է պատասխանատվության թե՛ ընդունողի, թե՛ առաջարկողի համար։

Նախաձեռնությունը կրում է կանխարգելիչ բնույթ և միտված է նվազեցնել ընտրակաշառքի դեպքերը՝ բարձրացնելով իրավական գիտակցությունն ու տեղեկացվածությունը, հատկապես բարձր ռիսկի խմբերում։

Սահմանակետերում տեղեկատվության տրամադրումը ընտրվել է որպես թիրախային և ազդեցիկ գործիք՝ ապահովելու համար, որ քաղաքացիները նախապես տեղեկացված լինեն հնարավոր իրավական հետևանքների մասին և զերծ մնան ապօրինի գործողություններից։

Առնչվող