Եվրոպական ապրանքները փոխարինվել են ռուսականով

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

Հայաստանից Ռուսաստան արտահանումը կրճատվել է 29.4%-ով

Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը այս տարվա հունվար-հոկտեմբերին նվազել է 14.8%-ով։ Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության՝ երկուշաբթի օրը հրապարակած տվյալներից։ Ընդ որում ավելի շատ նվազել է մեր երկրից Ռուսաստան արտահանումը (29.4% անկում), քան թե ներմուծումը (13.1% անկում)։

ԵՄ հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը, այնուամենայնիվ, ավելի շատ է կրճատվել՝ 24.3%-ով։ Սակայն, եթե Ռուսաստանի դեպքում մեր արտահանումն է շեշտակի նվազել, ապա ԵՄ-ի դեպքում արտահանումը գրեթե չի նվազել (ընդամենը 0.9% անկում), փոխարենը ներմուծումը կրճատվել է 28.2%-ով։ Այսինքն՝ Հայաստանն սկսել է հարաբերականորեն ավելի շատ ներմուծել Ռուսաստանից և ավելի շատ արտահանել ԵՄ երկրներ։ Սա, թերևս սպասելի էր։ ԵԱՏՄ մեր մտնելուց հետո ԵՄ-ից շատ ապրանքների ներմուծումը դարձավ ոչ շահավետ և կրճատվեց կամ նույնիսկ դադարեց, որոնց փոխարինելու եկան ռուսական ապրանքները։ Այս փոխարինման վառ օրինակ է դեղերի շուկան։

Բացի այդ, անկման այս թվերը բացատրվում են նաև նախորդ տարվա համեմատ ազգային արժույթների արժեզրկմամբ: Մասնավորապես, ռունբլին դրամի նկատմամբ շուրջ կրկնակի, իսկ դրամը դոլարի նկատմամբ՝ շուրջ 20 տոկոսանոց արժեզրկում է ապրել:

Ինչևէ, Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության անկումը այս տարվա առաջին 10 ամիսներին կազմել է 20.4%, ընդ որում արտահանումը նվազել է 2.2%-ով, ներմուծումը՝ 26.6%-ով։ Առևտրաշրջանառության ու արտահանման կառուցվածքը ըստ երկրների պատկերված է գրաֆիկներում:

grafarm1

 

graf (2)

Ինչպես երևում է, թեև ընդհանուր առևտրաշրջանառության կառուցվածքում ԵՄ-ի ու Ռուսաստանի տեսակարար կշիռները գրեթե հավասարվել է, սակայն արտահանման կառուցվածքում ԵՄ-ի կշիռը ավելի շատ է (մոտ 30%), քան Ռուսաստանի ու Չինաստանի կշիռները միասին վերցրած։ Այսպիսով՝ անդամակցելով ԵԱՏՄ-ին, Հայաստանը զրկվեց ԵՄ երկրներ ավելի շատ արտահանելու հնարավորությունից և նվազեցրեց ԵՄ երկրներից ներմուծումը՝ ԵԱՏՄ թելադրած վատ պայմանների պատճառով, որոշ եվրոպական ապրանքներ փոխարինեց ռուսականով, միաժամանակ շեշտակի նվազեցնելով դեպի Ռուսաստան արտահանման ծավալները։

Հրայր Մանուկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: