Ընտրական հոգեբանության դինամիկան

Sorry, this entry is only available in Armenian.

Օրերս Հայաստանում կայացավ համապետական հանրաքվե, որի ընթացքում փաստացի ընտրախախտումները ոչ միայն չնվազեցին նախորդ ընտրությունների համեմատ, այլև դարձան ավելի բացահայտ, և արդյունքների վրա ավելի էականորեն ազդող: Ակնհայտ է, որ Հայաստանում ընտրախախտումների եղանակները տարեց տարի, ընտրությունից ընտրություն փոխվում և կատարելագործվում են, ինչն էլ և ուղղակի, և անուղղակի կերպով իր ազդեցությունն է թողնում քաղաքացիների՝ ընտրության նկատմամբ վստահության և վերաբերմունքի վրա, գիտակցական, հոգեբանական տեսանկյունից:

Դիտարկենք և համեմատենք քաղաքացիական տարբեր խմբերի վերաբերմունքը այս ընտրապրոցեսին, և ընտրախախտումների ազդեցությունը քաղաքացիների հոգեբանության վրա:

Եթե երիտասարդությունը, որի զգալի մասը ուսանողությունն է, նախորդ տարիներին բավականին ակտիվություն էր ցուցաբերում ընտրական պրոցեսների ժամանակ (գոնե նախընտրական, քարոզարշավային փուլում), ապա վերջին ընտրություններին կարելի էր նկատել հետաքրքրության և մասնակցության կտրուկ նվազում թե նախընտրական և, թե բուն ընտրական գործընթացներում: Պատճառը, թերևս կարելի է փնտրել երիտասարդության՝ երկրում իրենց ապագայի անորոշության և անվստահության մեջ, որն էլ, տրամաբանորեն, կանխորոշում է հետաքրքրության և մասնակցության նվազումը ընտրական պրոցեսներին:

Միջին տարիքի շարքային քաղաքացու մասնակցությունը այս ընտրություններին հիմնականում պայմանավորված էր ներկայիս իշխանությունների նկատմամբ բացահայտ ատելությամբ և դժգոհությամբ, այլ կերպ ասած հասարակ քաղաքացին եկել էր ընտրության իր ձայնը չկորցնելու և  իր բացասական վերաբերմունքը արտահայտելու թե իշխանությունների, և թե, ընդհանրապես, ընտրական գործընթացների նկատմամբ, հետին պլան մղելով բուն ընտրության բովանդակային հատվածը:

Տարեց քաղաքացիների մասնակցության տրամաբանությունը թերևս չի փոխվել նախորդ ընտրություններից, որտեղ խնդիրը քաղաքացու գիտակցական և իրազեկվածության մակարդակի մեջ է… բացի այդ, շատ տարեցներ դեռ սովետական ժամանակահատվածից չեն գիտակցում ընտրության հնարավորության խորությունը: Նման պարագայում տարեց քաղաքացիները դառնում են հեշտ ուղղորդվող ընտրազանգվածի հիմնական մասը, որը տրամաբանորեն, ընտրակեղծարարների հիմնական թիրախն է:

Այլ իրավիճակ էր պետական մարմինների (Զինված ուժեր, ոստիկանություն և այլն) ենթակայությամբ գործող քաղաքացիների պարագայում: Եթե սովորաբար իշխանությունը այստեղից ամենամեծ ու ամենականխատեսված աջակցությունն էր ակնկալում և, հետևապես, ստանում, ապա այս անգամ կարծես կոտրվեց այդ վստահությունը գոնե Զինված ուժերի պարագայում, որը ամենախոցելի և ամենակառավարելի ընտրազանգվածն էր դիտարկվում (օրինակ մի տեղամասում, որտեղ Քանաքեռի զորամասերի Ժամկետային զինծառայողներն էին քվեարկել, արձանագրվել էր 45-55% “ոչ” և” այո” հարաբերակցություն):

Նման տրամաբանությամբ, այսօրվա իշխանությունները այլևս զրկվում են  իրենց կայուն հենարաններից ցանկալի արդյունքների ապահովման գործում, ինչն էլ հանգեցնում է անհրաժեշտ արդյունքի հասնելու միակ տարբերակին՝ ընտրություններն անցկացնել զանգվածային, մեծածավալ խախտումներով և կեղծիքներով:

Գևորգ Ղահրամանյան,

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Հատուկ «Armtimes.com»-ի համար

Related Posts: