Ավագանու անդամների վրա ճնշումների հայտարարությունների առնչությամբ Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն

Sorry, this entry is only available in Armenian.

«Փորձում էին դրանով ինձ շանտաժի ենթարկել` ասելով, որ քո բացակաների հիման վրա քեզ կհանենք», ավագանու անդամների այս ու այլ հայտարարությունները, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի, ուղիղ ճնշում են Երևանի ավագանու անդամների վրա։

Դեռ երեկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն` պնդելով` քաղաքապետ Հայկ Մարությանի հեռացման, իմպիչմենթի դիմումի տակ ստորագրելու կամ ինքնաբացարկ հայտնելու ու հրաժարական տալու ճնշումները քրեորեն պատժելի արարքներ են։

«Իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործումն է, որը օգտագործվում է նրա համար, որպեսզի հանրային պաշտոն զբաղեցնող անձին պարտադրվի ինչ-որ գործողություն կատարել կամ ինչ-որ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալ», – նշեց նա:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնեցին, որ հանցագործության մասին հաղորդումը դեռ չեն ստացել։

Ճնշումների մասին հայտարարություններն այսօր հաստատեց նաև Հայկ Մարությանը իրեն անվստահություն հայտնելու օրակարգով ավագանու արտահերթ նիստի ընթացքում:

«Դեզինֆորմացիայից ու մանիպուլյացիայից հետո սկսեցին գործի դնել շանտաժի գործիքները: Ավագանու մի շարք անդամներին ստիպելով ստորագրել իմ անվստահության որոշման տակ, բառացի մեկին սպառնում էին աշխատանքից հանել, մյուսին ասում էին` փողիցդ կկտրենք և այլն` հին ու բարի մեթոդներով», – հայտարարեց Մարությանը:

Ավելի վաղ իշխանական խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հերքել էր ճնշումների մասին պնդումները։ Իշխանական խմբակցությունը լքած ավագանու անդամ Վահե Գևորգյանն էր այսօր հարց բարձրացնողը. «Դուք ընդունո՞ւմ եք, որ շանտաժի և սպառնալիքների միջոցով փորձել եք ազդել ավագանու անդամների ազատ կամարտահայտման վրա»:

«Ո՛չ, չեմ ընդումում», – եղավ պատասխանը:

Երեկ «Իմ քայլի» անդամներից նաև Լուսինե Մխոյանն էր «Ազատությանը» պատմել, որ իրեն սպառնացել են հաշվել բացակայությունները, երբ հղիության, այնուհետև քովիդով վարակված լինելու պատճառով նիստերին չի մասնակցել.

«Իմ քայլի» այլևս նախկին անդամներից Գրիգոր Երիցյանն էլ այսօր հենց ամբիոնից նորից հիշեցրեց՝ ինչպես են իրեն ստիպել վայր դնել մանդատը։ Նրա խոսքով՝ խմբակցության ղեկավարը վերջին հանդիպման ժամանակ ասել է. «Մեզ պետք է մեկը, ով որ կգա ցուցակի ներքևից և կքվեարկի Մարությանին դեմ, դու էդ մարդը չես, դու պիտի գնաս»:

«Երբեք իմ մտքով չէր անցնի, որ իմ գործընկերների կողմից իմ առաջ խնդիր է դրվելու, որ եթե համաձայն չես, եթե չես քվեարկում իր դեմ, ուրեմն պետք է գնաս», – այսօր ասաց նա:

Չուշացավ Գալջյանի պատասխանը. «Այդ մարդը, ով որ ստեղ եկել, ասում էր` ինձ ճնշում են, 6 ամիս առաջ ինձ նամակ է գրում, ասում է` ես պատրաստ եմ ՔՊ մտնել, բայց ինձ անցողիկ տեղով պատգամավորի մանդատ տվեք»:

Ճնշումները կարող են շղթայական բնույթ կրել, կարծում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավարը, որը դատախազությանը խնդրել է նաև միջոցներ ձեռնարկել վկաների պաշտպանության ուղղությամբ, քանի որ «ճնշում գործադրողները բարձրաստիճան պաշտոնատար անձինք են»։

Related Posts: