Ալիևը Մակրոնի ճնշմամբ է համաձայնվել ԵՄ-ի դիտորդներին․ վարկաբեկելու փորձեր է անելու նրանց․ Իոաննիսյան

Sorry, this entry is only available in Armenian.

Առաջիկայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծին եվրոպացի դիտորդների տեղակայում։ Նրանց թիվը 40-ն է, տեղակայման ժամկետը՝ երկու ամիս։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին Factor TV-ի հարցազրույցում հարց ուղղեցինք՝ եվրոպական կառույցներում քաղհասարակության շփումները, այդ թվում՝ իր, ի՞նչ են ցույց տալիս, արդյո՞ք դիտորդների տեղակայումն իրական երաշխիք է, որ Ադրբեջանը ռազմական նոր սադրանքների չգնա։ Իոաննիսյանն ասում է՝ ցավոք, դիտորդների տեղակայումը երաշխիք չէ, որ Հայաստանի սահմաններն անձեռնմխելի կլինի․ «Բայց դիտորդների տեղակայումը կօգնի արդեն դիտորդների միջոցով արձանագրել, որ Ադրբեջանի Զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք, և սա կարող է շատ լավ նախադեպ դառնալ հետագա ընդարձակման համար։ Մենք երկար տարիներ բողոքում էինք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անում է անհասցե մեղադրանքներ և կոչեր։ Դա գալիս էր նրանից, որ Մինսկի խումբը չուներ մանդատ՝ ասելու, թե որ կողմն է խախտել հրադադարը։ Բոլորին էր ակնհայտ, որ հրադադարը խախտում է Ադրբեջանը, բայց, միևնույն է, Մինսկի խումբը չուներ որևէ մանդատ՝ նման արձանագրում անելու»։

Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողը վստահ է, որ այդ ամենն այժմ փոխվում է դիտորդների տեղակայմամբ։ «Ըստ էության, դա փոխվեց մինչև դիտորդների տեղակայումը՝ սեպտեմբերի էսկալացիայի արդյունքում, երբ մի շարք երկրներ, այդ թվում՝ արևմտյան, աներկբա ասացին, թե ով է ագրեսորը, և դիտորդների տեղակայմամբ լեգիտիմացվում է, որ այո՛, սրանից հետո աշխարհն ունենալու է մեխանիզմ և լիազորություն՝ ասելու, թե ով է խախտել հրադադարը։ Երբ դու դիտորդների զեկույցի հիման վրա ես գնահատական հնչեցնում, քո գնահատականն ավելի լեգիտիմ է»,- ասաց Իոաննիսյանը։

Իսկ որո՞նք կարող են լինել դիտորդների զեկույցների հիման վրա արևմտյան կառույցների գնահատականների հետևանքները․ քաղաքական ճնշումներ և գնահատականնե՞ր։ Մենք միշտ սպասում ենք, որ պատժամիջոցներ կկիրառվեն Ալիևի դեմ՝ ինչպես Պուտինի պարագայում։

Դանիել Իոաննիսյանը խորհուրդ է տալիս պրոցեսները չդիտարկել սև և սպիտակ գույների տրամաբանությամբ․ «Իրականում կա շատ մեծ կոնտինիում՝ անվտանգության բացակայությունից մինչև տոտալ անվտանգություն։ Ընդ որում, որպես կանոն՝ ո՛չ այն մի ծայրահեղությունն է լինում, ո՛չ էլ մյուսը։ Դա կոնտինիում է, որի տարբեր տեղերում ես դու գտնվում։ Ինչքան տոտալ անվտանգությունում լինես, այնքան լավ։ Դիտորդների տեղակայումն այդ կոնտինիումի մեջ ՀՀ-ն շարժում է դեպի ավելի անվտանգ տարածք։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հավանականությունը նվազեցնում է առաքելության տեղակայումը, Ադրբեջանի վրա քաղաքական ճնշումները ռազմական ագրեսիայի համար ավելացնում է, և եկեք հասկանանք՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դադարեց հենց քաղաքական ճնշման լույսի ներքո, երբ ԱՄՆ-ն միջամտեց»։

Իսկ ինչո՞ւ էր Իլհամ Ալիևն Աստանայում Պուտինի մոտ նստած ասում, թե նա է սեպտեմբերի 13-ի հրադադարի միջնորդը։ Դանիել Իոաննիսյանն ասում է, որ լինելով դաշնակիցներ՝ Պուտինն ու Ալիևը խոսում են նույն բաների մասին կամ այն, ինչ նրանցից մյուսն է ուզում։ «Ռուսաստանն ասում է այն, ինչ Ադրբեջանն է ուզում ասել, և Ադրբեջանն ասում է Ռուսաստանի ուզածը։ Երկուսն էլ ասում են, որ սա սահմանային կոնֆլիկտ է՝ սահմանազատված չէ սահմանը, որ ռուսական միջնոդրությամբ դադարեց ռազմական գործողությունը՝ չնայած մինչ այդ Ադրբեջանն էլ էր ընդունել, որ ամերիկյան միջնորդություն է։ Զարմանալին ուրիշ բան է, որ ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցն է նոմինալ առումով, մնացյալը բնական ու հասկանալի է»,- ասաց Իոաննիսյանը։ Ըստ նրա՝ վարչապետը պետք է Արևմուտքի հետ պայմանավորվի՝ փլվող իմպերիայի տիրույթից ՀՀ-ի դուրս գալու դիմաց ստանում ենք անվտանգության երաշխիքներ Արևմուտքից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Related Posts: