Հակիրճ հայ-տաջիկական հարաբերությունների մասին

Sorry, this entry is only available in Armenian.

Այսօր՝ հունիսի 14-ին Հայաստան է ժամանել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Այդ կապակցությամբ հանրությանն ենք ներկայացնում հակիրճ տեղեկություններ Տաջիկստանի և հայ-տաջիկական հարաբերությունների մասին:

Ընդհանուր առմամբ, սա Ռահմոնի չորրորդ այցն է Հայաստան: Վերջին անգամ Տանջիկստանի առաջնորդը Հայաստան էր ժամանալ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին, որպեսզի մասնակցի հաջորդ օրը տեղի ունենալիք ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին:

Իր հերթին, Սերժ Սարգսյանը Տաջիկստան է այցելել 2011 և 2015 թվականներին, սակայն երկու դեպքում էլ այցերը եղել են աշխատանքային: 2011 թվականի այցը տեղի է ունեցել ԱՊՀ ձևավորման 20-ամյակի շրջանակներում, իսկ 2015 թվականին՝ ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանի:

Նախկինում, սակայն, Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Տաջիկստան տեղի է ունեցել 2002 թվականին, երբ Դուշանբե է այցելել Ռոբերտ Քոչարյանը, իսկ ահա Ռահմոնը պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան 2003-ին: Այն ժամանակ, սակայն, Տաջիկստանի նախագահը կրում էր «Ռահմոնով» ազգանունը: Այն ժամանակ Ռահմոնն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, խոնարհել ծաղկեպսակ և տնկել եղևնի: Տաջիկստանը, սակայն, չի դասվում այն երկրների շարքին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Հարկ է նշել, որ Էմոմալի Ռահմոնը կառավարում է Տաջիկստանը 1992 թվականից: 2016 թվականին այնտեղ տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում Ռահմոնը հնարավորություն է ստացել վերընտրվել իր պաշտոնում անսահմանափակ անգամ: Նույն փոփոխություններով նախագահի թեկնածուի տարիքային շեմը իջեցվել է 35-ից 30-ը, ինչը կարող է հնարավորություն տալ նախագահի պաշտոնում առաջադրվել նրա որդուն՝ Ռուստամին:

Ռուստամ Ռահմոնն ի դեպ, չնայած երիտասարդ տարիքին, արդեն իսկ հանդիսանում է գեներալ, մաքսային ծառայության պետ, խորհրդարանի փոխնախագահ և մայրաքաղաք Դուշանբեի քաղաքապետ (բոլոր այս պաշտոնները՝ միաժամանակ): Այսպիսով, Տաջիկստանը դասվում է հետխորհրդային ավտորիտար երկրների շարքին, որտեղ անկախացումից հետո իշխում է նույն անձը կամ նույն կլանը: Այդպիսի երկրներից են հենց մեր հարևան Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Բելառուսը: Ըստ աշխարհահռչակ Freedom House-ի տվյալների՝ Տաջիկստանը դասվում է ոչ ազատ երկրների շարքին ընդամենը 16 միավորով: Հայաստանը համապատախան ցուցակում ունի 46 միավոր ու դասվում է մասնակիորեն ազատ երկրների շարքին: Ըստ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության տվյալների՝ Տաջիկստանը զբաղեցնում է 149-րդ տեղը աշխարհի 180 երկրների մամուլի ազատության շարքում:

Հայաստանը և Տաջիկստանը դաշնակիցներ են ՀԱՊԿ շրջանակներում: Տաջիկստանը տարածքային վեճեր ունի իր հարևան երկրների՝ Ուզբեկստանի և Ղրղզստանի հետ: Ժամանակ առ ժամանակ այդ հակամարտությունների գոտում իրավիճակը լարվում է:

Ղարաբաղյան հակամարտության հարցում Դուշանբեի դիրքորոշմամբ, խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ավելի մանրամասն դիրքորոշում չկա: Հայաստանը Տաջիկստանի՝ Ղրզստանի և Ուզբեկստանի հետ ունեցած հակասությունների կապակցությամբ առանձին պաշտոնական դիրքորոշում չի հայտնել:

Հայաստանի և Տաջիկստանի միջև երկկողմ առևտրի տվյալներ կան միայն 2014 թվականի վերաբերյալ: Ըստ այդմ, 2014-ին Հայաստանից Տաջիկստան են արտահանվել ընդամենը 664 հազար դոլարի ապրանքներ, ներմուծվել՝ 333 հազար դոլարի: Հետագա տարիներում երկկողմ առևտրաշրջանառությունը մոտ է եղել զրոյի: Հետաքրքիր է, որ 2017-ի առաջին եռամսյակում Տաջիկստանից Հայաստանում կատարվել է 100 հազար դոլարի ուղղակի ներդրում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: