Ոստիկանությունն արեց ամեն ինչ, որ ոստիկաններ վիրավորվեն

Sorry, this entry is only available in Armenian.

Ինչպես հայտնի է, երեկ Գյումրիում Շիրակի մարզի դատախազության մոտ մի խումբ քաղաքացիներ իրականացնում էին խաղաղ հավաք: Հավաքի մասնակիցների մի մասը բողոքի խոսքի արտահայտման նպատակով որոշեց երթով գնալ դեպի Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն:

Սակայն, հյուպատոսությունից շուրջ 200 մետր առաջ Ոստիկանությունը «շղթա» կազմեց և խոչնդոտեց այդ պահին դեռևս խաղաղ երթի ընթացքը` կոպտորեն խախտելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, քանի որ վերջինս որևէ սահմանափակում չի ներառում դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ հավաքներ իրականացնելու քաղաքացիների իրավունքի վերաբերյալ:

Հավաքի մասնակիցների մեջ իրոք կային ագրեսիվ տամադրված քաղաքացիներ, որոնց վրդովեցրել էր Ոստիկանության կողմից երթի կասեցումը: Ոստիկանությունը, իր հերթին, ագրեսիվ քաղաքացիների մեկուսացնելու փոխարեն սկսեց հավաքը ուժով դադարեցնելու ուղղված գործողություններ, որոնց ընթացքում կիրառվեցին հատուկ միջոցներ (լուսաձայնային նռնակներ, մահակներ):

Ոստիկանության այդ անիրավաչափ գործողությունների արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ստացան մարմնական վնասվածքներ, ինչը, անշուշտ, էլ ավելի կատաղեցրեց հավաքի մասնակիցներին և դրդեց վերջիններիս ուժ կիրառել ոստիկանության դեմ:

Այդ ամենն իմանալով և նախկինում բազմաթիվ անգամներ հավաքներ ցրելու վարժանքներ անց կացնելով հանդերձ ոստիկանության շղթայի ձախ ֆլանգում կանգնած ծառայողները պաշտպանված չէին վահաններով և սաղավարտներով:

Ակնհայտ է, որ նման բախման ժամանակ այն ոստիկանները, ում հրահանգված էր առանց սաղավարտերի և վահանների կանգնել առաջին գծում, չէին կարող չտուժել… Ինչը և տեղի ունեցավ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, գտնում ենք, որ ՀՀ Ոստիկանությունը պետք է պատասխանի հետևյալ հարցերին`

  1. Ինչու ի հեճուկս «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի՝ խոչընդոտվեց քաղաքացիների երթը դեպի ՌԴ հյուպատոսություն,
  2. Ինչու ոստիկանությունը սկսեց հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը և ոչ դրա ագրեսիվ մասնակիցների մեկուսացումը,
  3. Ինչու՞ շուրջ 20 ոստիկանների հրահանգվեց առանց սաղավարտների և վահանների կանգնել առաջին գծում (արևելյան ֆլանգում):

Նշենք, որ ոստիկանների գործողությունները համակարգում էր ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանական զորքերի հրամանար Լևոն Երանոսյանը, ով, ի տարբերություն առաջին գծում (ձախ ֆլանգում) կանգնեցված ոստիկանների, կրում էր սաղավարտ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: