Եվրասիական հեռախոսազանգեր․ որ երկրների առաջնորդների հետ է խոսում Նիկոլ Փաշինյանը

Sorry, this entry is only available in Armenian and Russian. For the sake of viewer convenience, the content is shown below in this site default language. You may click one of the links to switch the site language to another available language.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին օրվանից ի վեր՝ 2018 թվականի մայիսի 8-ից սկսած, 17 հեռախոսազրույց է ունեցել տարբեր երկրների ղեկավարների և պաշտոնյաների հետ։ Ընդ որում, հեռախոսազրույցների մեծ մասը տեղի է ունեցել հիմնականում եվրասիական երկրների ղեկավարների հետ, առավելապես՝ Ռուսաստանի։

Հեռախոսազանգերի ամենամեծ հաճախականությունը, համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի, տեղի է ունեցել հենց 2018-ի մայիսին։ Այդ ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, անվանի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։

Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում հեռախոսազրույցների հաճախականությամբ երկրորդ ամիսը 2018 թվականի հուլիսն է, որի ընթացքում ՀՀ վարչապետը հեռախոսային զրույցներ է ունեցել Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։

Ինչ վերաբերում է հեռախոսազանգերի աշխարհագրությանը, ապա ամենից հաճախ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունենում ՌԴ նախագահի հետ։ Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության, տեղի է ունեցել այդպիսի 5 հեռախոսազրույց։ Ընդ որում, 2018-ի դեկտեմբերի 30-ին, Նիկոլ Փաշինյանի խոսքով, տեղի են ունեցել միանգամից երկու հեռախոսազրույցներ՝ կապված գազի գնի հետ։ Այս երկու հեռախոսազրույցների մասին հաղորդագրություններ, սակայն, ո՛չ ՀՀ վարչապետի, ո՛չ ՌԴ նախագահի պաշտոնական կայքերում չկան։

Ուշագրավ է նաև հեռախոսազանգերի աշխարհաքաղաքական ուղղվածությունը։ Այսպես, Նիկոլ Փաշինյանը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներից նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։ Բացի դա, բոլորովին վերջերս՝ 2019 թվականի հունվարի 29-ին, Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Ըստ այդմ, 17 արձանագրված հեռախոսազրույցներից 9-ը տեղի են ունեցել եվրասիական գործընկերների հետ։

Կապված ՀՀ վարչապետի մյուս հեռախոսազրույցների հետ՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 12-ին զրուցել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ, իսկ արդեն այս տարվա հունվարի 23-ին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Ընդ որում, ուշագրավ է, որ վերջին հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրություն ՀՀ վարչապետի կայքում չկա, իսկ դրա մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հենց Փաշինյանը։

Հարկ է նաև արձանագրել, որ իր պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ մի հեռախոսազրույց չի ունեցել ԵՄ անդամ երկրների ղեկավարների հետ, չնայած՝ ԵՄ առաջատար երկրներից Ֆրանսիայի և Գերմանիայի հետ արդեն իսկ գրանցվել են երկկողմանի պաշտոնական այցեր։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: