Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի լուծման մեխանիզմը

Sorry, this entry is only available in Armenian.

Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ, ունենալով երեխաներ պահելու սահմանափակ հնարավորություններ և միաժամանակ՝ ցանկանալով անպայման տղա երեխա ունենալ, հաճախ դիմում են հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումների։

Այս ցավոտ խնդրի հաղթահարման գործիքներից մեկը կարող է դառնալ կանանց զբաղվածության և երեխաների խնամքի և զարգացման ծառայությունների պետական քաղաքականության վերանայումը։

Այսպես, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ)՝ 2018 թվականին հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ ճիշտ քաղաքականության մշակման շնորհիվ կարելի է ոչ միայն ընդլայնել երեխաների խնամքի և զարգացման պետական ծառայությունները և մեծացնել կանանց աշխատանքային զբաղվածությունը, այլև հավելյալ եկամուտներ ապահովել պետության համար։

Ըստ այս հետազոտության, եթե պետությունը ստեղծի երեխաների՝ վաղ տարիքում խնամքի և զարգացման ծառայությունների համակարգ, ապա դա թույլ կտա կանանց ավելի ազատ տնօրինել իրենց ժամանակն ու աշխատել՝ բարելավելով ընտանիքի նյութական վիճակը։ Սա, իր հերթին, թույլ կտա ոչ թե նախապատվությունը տալ միայն տղա երեխաներին, այլ ունենալ նաև աղջիկ երեխաներ՝ որոշումներ կայացնելիս ընտրելով ոչ թե «կա՛մ-կա՛մ» տարբերակը, այլ՝ «և՛-և՛»։

«Աշխատուժում կանանց մասնակցության աճը, աշխատանքն ու երեխայի խնամքը համադրելու հնարավորությունների նկատելի ավելացումը կկանխեն ծնելիության մակարդակի հետագա անցանկալի կրճատումը և կնպաստեն աղջիկ երեխայի արժևորմանը՝ կարևորագույն նախադրյալներ ձևավորելով երեխայի սեռի խտրական ընտրության երևույթն անշրջելիորեն արմատախիլ անելու համար»,- ասվում է ՄԶՄԿ հետազոտության մեջ։

Այս նպատակին հասնելու համար առաջարկվում է կարճաժամկետ հատվածում իրականացնել նախադպրոցական հաստատությունների ծառայությունների ընդլայնում, ինչի շնորհիվ վերջիններս կկարողանան մատուցել վաղ մանկության խնամքի ծառայություններ։ Ընդ որում, ըստ հետազոտության մեջ արված հաշվարկների, Երևանում ծրագրի իրականացման միայն առաջին երկու տարիների ընթացքում շուրջ 660 երեխայի վաղ մանկության խնամքի ծառայությունների կազմակերպման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները տարեկան միջինում կավելանան շուրջ 250-ից 300 միլիոն ՀՀ դրամով՝ շնորհիվ նոր աշխատատեղերի և վճարվող եկամտահարկերի։

Սրա հետ մեկտեղ, առաջարկվում է միջնաժամկետ հատվածում մշակել և ներդնել վաղ մանկության տարիքի երեխայի խնամքի ծառայությունների ընդլայնման և մանկախնամ կենտրոնների գործունեության ֆինանսական երաշխիքներ և ֆինանսավորման մեխանիզմներ։ Այդպիսի մեխանիզմներից են, օրինակ, վաղ մանկության տարիքի երեխայի խնամքի ծառայությունների սուբսիդավորումը ցածր եկամուտ ունեցող և/կամ երիտասարդ ընտանիքների համար, վաղ մանկության տարիքի երեխայի խնամքի ծառայությունների դիմաց կատարված ծախսերին համարժեք հարկային պարտավորությունների նվազեցումը աշխատող մայրերի համար, դրամաշնորհների տրամադրումը վաղ մանկության տարիքի երեխայի խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններին՝ պետական և/կամ համայնքային բյուջեների միջոցների հաշվին, և այլն։

Ըստ հետազոտության հեղինակների, այս ծրագրի իրականացումը թույլ կտա Երևանում մինչև 2030 թվականը վաղ մանկության շրջանի խնամքի ծառայություններում մինչև երեք տարեկան երեխաների ընդգրկվածությունը հասցնել 15%-ի։

Երեխաների խնամքի և զարգացման ծառայությունների ընդլայնումը, ի թիվս այլի, կփոփոխի երիտասարդ աղջիկների տեսլականը ապագա աշխատանքային և ընտանեկան հեռանկարների մասին՝ ավելի շատ հնարավորություններ ընձեռելով շարունակել աշխատանքային կարիերան երեխա ունենալուց հետո և նպաստել ընտանիքի ֆինանսական բարեկեցությանը։ Հետազոտության հեղինակների պնդմամբ, սա, իր հերթին, կխթանի գենդերային հավասարությունը հասարակության մեջ:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

 

Related Posts: