Իոաննիսյանն առաջարկել է ԱՄՆ-ում սառեցնել Հայաստանում կոռուպցիոն հանցանքներին առնչվողների ապօրինի միջոցները

Sorry, this entry is only available in Armenian.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Վաշինգտոնում գործող Հելսինկյան հանձնաժողովում կայացած «Բարեփոխումները Հայաստանում. առաջընթաց և հնարավորություններ» խորագրով լսումների ժամանակ առաջարկել է Հայաստանում կոռուպցիոն հանցանքներին առնչվողների՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցները ԱՄՆ-ում սառեցնել:

Ընդհանուր առմամբ, Իոաննիսյանը լսումները կառուցողական ու բովանդակալից է համարում, նկատում է՝ վերջին անգամ Հայաստանի մասին լսումներ են տեղի ունեցել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո:

«Աջակցությունը ամերիկյան կարող է արտահայտվել նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ FBI-ի, և այլ իրավապահների փորձի փոխանակմամբ՝ գան և Հայաստանում իրենց փորձը ներկայացնեն, թե ինչպես են իրենք այդ հանցագործությունների դեմ պայքարում», – «Ազատության» հետ զրույցում ասաց Իոաննիսյանը և շարունակեց․ – «Ինչպես գիտեք, Հայաստանում հիմա նաև մշակվում է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերականգնման վերաբերյալ օրենսդրություն, և էս առումով, պետք է ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ երկրների է աջակցել, որ այդ երկրներում կոռուպցիոն ճանապարհներով և այլ հանցավոր ճանապարհներով ապօրինի ձեռք բերված գույքը, որը տարվել է ԱՄՆ, գոնե սառեցվի, իսկ հետո նաև վերադարձվի: Եվ շատ օգտակար կլիներ, որ Ամերիկան նաև այդ աջակցությունը ցույց տար Հայաստանին»:

Հելսինկյան հանձնաժողովն ԱՄՆ կառավարական մարմին է և բաղկացած է 9 սենատորներից, 9 կոնգրեսականներից և գործադիր իշխանության 3 ներկայացուցիչներից։ Հանդիպմանը ներկա են եղել 4 կոնգրեսական, 2-ը՝ դեմոկրատ, 2-ը՝ հանրապետական:

Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում, Իոաննիսյանի փոխանցմամբ, անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարության վիճակին: Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգողն իր ելույթում ընդգծել է, որ նախկին կոռումպացված համակարգի ներկայացուցիչներն ամեն կերպ խոչընդոտում են ժողովրդավարական տրանսֆորմացիային, նա իր մտահոգություններն է բարձրաձայնել նաև Հայաստանի դատական համակարգում առկա խնդիրների մասին:

«Ներկայացրեցի իմ կարծիքը թե՛ վերջին իրադարձությունների հետ կապված, թե՛ Վահե Գրիգորյանի հայտարարության հետ կապված, երբ հայտարարել է, որ գնում է Սահմանադրական դատարան որպես նախագահ», – ասաց Դանիել Իոաննիսյանը:

«Ազատություն ռադիոկայան»

Related Posts: