Չպետք է սահմանափակվեն նախորդ ընտրություններին չմասնակցած կամ մասնակցած ու քիչ ձայն ստացած կուսակցությունների զարգացման հնարավորությունները․ Դանիել Իոաննիսյան

Sorry, this entry is only available in Armenian.

RElection նախագծի շրջանակում «Կուսակցությունների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ զրուցել ենք «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ։

-Կուսակցությունների հանրային ֆինանսավորման ձեր ներկայացրած առաջարկի վերաբերյալ, ըստ որի՝ քաղաքացիները կկարողանան ինքնուրույն որոշել, թե իրենց վճարած հարկի որոշակի տոկոսը որ կուսակցությանն ուղղվի, որոշ մտահոգություններ են հնչում։ Մասնավորապես, թե սրանով նորից հնարավորություն կտանք բիզնեսին՝ ազդելու քաղաքականության վրա, և որ քաղաքացիները կարող են ճնշում զգալ իրենց գործատուների կողմից ու ֆինանսավորել այն ուժերին, որոնք արդեն իսկ որոշակի գերակայություն ունեն քաղաքական դաշտում։

-Նախ, եկեք արձանագրենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը, ես հիմա ճշգրիտ թիվը չեմ հիշում, բայց նույնիսկ 200 հազար դրամից փոքր է։ 200 հազար դրամից վճարվելիք եկամտային հարկն ամսական 50 հազար դրամից քիչ է։ Եթե մենք սահմանում ենք, որ քաղաքացին իր վճարած հարկից, ենթադրենք, 0,5%-ը որոշի, թե որ կուսակցությանն է փոխանցում, 50 հազար դրամի կես տոկոսը 250 դրամ է։ Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում ինչ-որ գործատու ամիսը 250 դրամի համար իր աշխատողին ճնշի։ Այսինքն՝ տարեկան միջին թիվը երեք հազար դրամից քիչ է լինելու։ Ո՞ր գործատուն պիտի տարեկան երեք հազար դրամի համար աշխատողին ճնշի, աշխատողն էլ իրեն ճնշված զգա։ Դա այն գումարը չէ, էլի։ Ուղղակի արձանագրենք, որ այո՛, այս մեխանիզմն է, իհարկե, խնդիրներ ունի, այս մեխանիզմ էլ իդեալական չէ։ Բայց մյուս մեխանիզմներն ավելի խնդրահարույց են, որովհետև եթե մենք գալիս ենք նրան, որ ֆինանսավորումը կապում ենք վերջին ընտրությունների արդյունքներին, ապա փակ շղթա է ստացվում։ Ինչպիսի բանաձևով էլ, որ կապենք, փակ շղթա է, որովհետև ստացվում է՝ վերջին ընտրություններին չմասնակցած կուսակցությունները կամ մասնակցած, շատ քիչ ձայն ստացած կուսակցությունները ֆինանսավորում չեն ստանալու։ Եվ այն կուսակցությունները, որոնք շատ ձայն են ստացել, առավելագույնս ֆինանսավորվելու են։ Ցանկացած բանաձևով արդյունքը սա է։ Որոշ բանաձևերի դեպքում բևեռվածությունն ավելի շատ կլինի, որոշների դեպքում՝ ավելի քիչ, բայց արդյունքը սա է՝ փակ շղթա։ Սա ենթադրում է, որ Հայաստանում նոր կուսակցություններ չեն կարող զարգանալ։ Կուսակցությունների ինստիտուտ Հայաստանում չկա։ Այո՛, կան կուսակցություններ, բայց ինստիտուտ, որպես այդպիսին, չկա։ Տեսե՛ք, IRI-ի (International Republican Institute) հարցումներով կուսակցությունների ինստիտուտի նկատմամբ հանրային վստահությունը շատ-շատ փոքր է, մի քանի տոկոսի տիրույթում է տատանվում, քաղաքացիներն ընդհանրապես չեն վստահում կուսակցություններին։ Վստահությունը վերականգնելու համար պետք են մեր առաջարկի նման մեթոդներ։ Մարդիկ պետք է զգան, որ իրենք են որոշում՝ որ կուսակցությանը ֆինանսավորեն, իրենք են որոշում՝ որ կուսակցությունն առաջ գնա։ Եվ ավելին՝ չպետք է որևէ պարագայում սահմանափակվեն նոր և փոքր կուսակցությունների կամ նախորդ ընտրություններին չմասնակցած կամ մասնակցած ու քիչ ձայն հավաքած կուսակցությունների զարգացման հնարավորությունները։ Մնացած բոլոր բանաձևերով այդ հնարավորությունները սահամնափակվում են։ Սա է խնդիրը։

-Ի՞նչ բարեփոխումներ պետք է կատարվի, որ մի կողմից կուսակցություններում ներքին ժողովրդավարություն հաստատվի, մյուս կողմից՝ դա չդիտվի որպես պետության կողմից անհարկի միջամտություն կուսակցությունների ներքին ժողովրդավարությանը։

-Այս մասով ես մի քիչ լիբերալ մոտեցման կողմնակից եմ, որովհետև ես համարում եմ՝ եթե ուղղակի թողնենք ինքնահոսի, ուղղակի ասենք՝ կուսակցությունն ինչպես ուզում է, թող վարվի, ընտրությունների ժամանակ հանրությունը կորոշի, թե արդյոք ինքը սատարու՞մ է կուսակցության այդ մոտեցումը, թե՞ ոչ։ Եթե ընտրական մեխանիզմները նորմալ լինեն, եթե ընտրությունները լինեն խորքային առումով ժողովրդավարական, այսինքն՝ ոչ միայն չկեղծվեն ընտրատեղամասում կամ կաշառք չբաժանվի, այլ մարդիկ իրոք գնան գաղափարական քվեարկություն անելու, ուսումնասիրեն և այլն, թող կուսակցություններն իրենք որոշեն՝ միանձնյա են ինչ-որ հարցեր որոշում, կոլեգիալ են որոշում, ներքին ժողովրդավարություն ունեն, չունեն։ Հանրությունը կորոշի, թե որքանով է սատարում այս կամ այն մոտեցմանը։ Եվ արդեն ինքնստինքյան, եթե ընտրությունները ժողովրդավար լինեն, կուսակցությունները շահագրգռված կլինեն ունենալու ներքին ժողովրդավարություն, որովհետև ներքին ժողովրդավարությունը ենթադրում է, որ այն անձինք, որոնք կուսակցությունում ավելի մեծ հեղինակություն ունեն, նրանց ձայնն ավելի լսելի է, նրանք սովորաբար նաև կուսակցության համակիրների շրջանում ավելի մեծ հեղինակություն ունեն։ Եվ կուսակցության շահերից է բխում, որ առաջ գնան այն դեմքերը, որոնք կուսակցության պոտենցիալ համակիրների շրջանում ավելի հեղինակավոր են, որովհետև այդ դեպքում կուսակցությունն ավելի շատ ձայն կհավաքի։ Արդեն կուսակցության համար շատ պրագմատիկ հաշվարկով շահավետ է լինելու ժողովրդավար լինելը։ Եվ շատ հարցեր են լուծվելու, եթե ընտրությունները խորապես ժողովրդավար լինեն։

Եթե կհիշեք, երբ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելն էր քննարկվում, առաջարկվում էր քվոտաներ սահմանել, որ մարզերից անպայման պատգամավորներ լինեն։ Ես այս մոտեցմանն էլ էի դեմ՝ նույն հիմնավորմամբ։ Ես ասում էի, որ դա կուսակցության համար պիտի շահավետ լինի։ Եթե ընտրությունները ժողովրդավար են, կուսակցության համար շահավետ է ունենալ ամեն մարզից, ամեն տարածքից ինչ-որ մարդ ցուցակում, ընդ որում՝ մարդ՝ անցողիկ տեղում, որպեսզի այդ տարածքի ընտրողներն ասեն՝ ա՛յ, մեր տարածքից այսպիսի մի հեղինակավոր մարդ այս կուսակցության ցուցակում է, գնանք այս կուսակցությանն ընտրենք։ Չի ուզում կուսակցությունը, թող չունենա այդպիսի մարդ, իր գործն է։ Ընտրությունների իրական, խորքային մրցակցությունը այս բոլոր խնդիրները լուծում է։

-Այդ դեպքում, ըստ Ձեզ, հանրության այն շերտերի, որոնք պակաս ներկայացված են կուսակցություններում, օրինակ՝ երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց կամ կանանց ներկայացվածությունը մեծացնելու նպատակով լրացուցիչ օրենսդրական կարգավորումների կարիք կա՞։

-Երիտասարդների մասով, ինձ թվում է, որ ո՛չ, կարիք չկա, որովհետև երիտասարդները համեմատաբար ներգրավվում են։ Համենայնդեպս, վերջին շրջանում բավականին երիտասարդացում է տեղի ունենում, ինչ-որ «արտաշեսգեղամյանական» վիճակներից անցել ենք։ Եթե նայենք՝ սրանից 10-15 տարի առաջ քաղաքական, հանրային գործիչների միջին տարիքն ինչպիսին էր ու հիմա ինչպիսին է, կտեսնենք, որ խորքային սերնդափոխություն է տեղի ունեցել։

Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց, սա ավելի շատ Ընտրական օրենսդրության, բայց ինչու ոչ, նաև «Կուսակցությունների մասին» օրենքով կարգավորման հարց է, որպեսզի այս մարդկանց՝ հաշմանդամություն ունենալու հետ կապված լրացուցիչ դժվարությունները նվազագույնի հասցվեն։ Եթե առողջապահությունը չի կարող ապահովել, որ մարդը քայլի, նա չի կարող քայլել, օրենքով չես լուծի այդ հարցը, բայց պետք է այնպես անես, որ այդ մարդը, եթե ուզում է հանրային գործունեությամբ զբաղվել, հաշմանդամություն ունենալն իր համար նվազագույն խոչընդոտ լինի։

Իսկ ինչ վերաբերում է կանանց ներգրավմանը, գիտեմ, որ հիմա քննարկվում է՝ կանանց քվոտաներ սահմանվի կուսակցություններում անդամների կամ ղեկավար մարմինների մասով։ Սա քննարկման նյութ է։ Հատկապես, եթե չեմ սխալվում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում իրենց խորհրդի մոտ քսան հոգուց միայն երկուսն են կին։ Կառավարությունում միայն մի կին նախարար կա, Ազգային ժողովում բավական փոքր է տոկոսը, թեև ամենաբարձրն է երբևիցե եղածներից։ Այս առումով խնդիրը հանրային ընկալումների մեջ է։ Հանրային ընկալումներ կան, որոնք ենթադրում են, որ կնոջ տեղը խոհանոցն է, կինը քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Հանրային այս ընկալումներն է պետք ջարդել, իսկ դրա ամենալավ մեխանիզմը, թերևս, միգուցե նաև «Կուսակցությունների մասին» օրենքով, բայց ավելի շատ Ընտրական օրենսգրքով՝ Ազգային ժողովի և համամասանական ընտրակարգով ընտրվելիք ավագանիների համար քվոտա սահմանելն է։

Քվոտան արհեստական կարգավորում է, սա հստակ հասկանանք, բայց քվոտայի արդյունքում կանայք մրցակցային առավելություն են ստանում տղամարդկանց նկատմամբ, ավելի հեշտ ու ավելի շատ են հայտնվում խորհրդարանում, միևնույնն է, տղամարդկանցից ավելի շատ չեն հայտնվի։ Բայց այդպես հասարակությունը սկսում է կանանց տեսնել քաղաքականության մեջ, միգուցե սկզբնական շրջանում դրա հետևանքով խորհրդարանում հայտնվեն կանայք, որոնք պակաս քաղաքականացված են, պակաս ակտիվ են, բայց հասարակությունը սկսում է ընկալել, որ նորմալ է բան է կինը՝ քաղաքականության մեջ, կինը՝ Ազգային ժողովում։ Հանրային ընկալումները փոխվում են։ Դրանից հետո կանայք արդեն սկսում են ավելի հանգիստ զբաղվել քաղաքականությամբ, որովհետև հիմա շատ կանայք ասում են․ «Դե ես, մեկ է, քաղաքականության մեջ չեմ կարող հեռանկար ունենալ, որովհետև կին եմ, ինձ համար ավելի դժվար կլինի սատարողներ գտնել, գնամ, ուրիշ բանով զբաղվեմ»։ Տղամարդն այս խնդիրը չունի։ Եվ երբ այս կարծրատիպերը կոտրվեն, ու կանայք ավելի շատ սկսեն զբաղվել քաղաքականությամբ, կգանք մի վիճակի, երբ քվոտայի կարիք չի լինի, կանայք կունենան ամբողջովին հավասար հնարավորություններ, ինչ տղամարդիկ, և առանց քվոտայի կունենանք երկու սեռերի բալանսավորված ներկայություն թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում, թե՛ առհասարակ ամենուր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Infocom-ում։

Related Posts: