Միջազգային դիտորդները՝ հայաստանյան ընտրություններում

Sorry, this entry is only available in Armenian.

Հայաստանի անկախացումից ի վեր տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները մշտապես անցել են միջազգային դիտորդական առաքելությունների մասնակցությամբ։

Միջազգային դիտորդական առաքելությունները բացառիկ նշանակություն ունեն երկրում ժողովրդավարական կարևորագույն ինստիտուտի՝ ընտրությունների կայացման գործում։ Շնորհիվ միջազգային դիտորդական առաքելությունների՝ միջազգային հանրությունը կարծիք է ձևավորում երկրում տեղի ունեցած ընտրությունների լեգիտիմության և ըստ այդմ էլ՝ երկրում ժողովրդավարության մակարդակի մասին։

Հայաստանում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին ամենամեծ միջազգային դիտորդական առաքելություններով հանդես է եկել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը։

Այսպես, միայն 2008 և 2013 թվականներին տեղի ունեցած նախագահական ընտրություններին ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հանդես է եկել 572 դիտորդներով, իսկ 2007, 2012, 2017 թվականների հերթական և 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մասնակցել է 844 դիտորդներով։

Բացի սա, հայաստանյան ընտրություններին այս տարիներին հետևել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի, ԵԽԽՎ-ի, ԱՊՀ և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելություններ։

Միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների շնորհիվ վեր են հանվել Հայաստանի ընտրական համակարգի բազմաթիվ խնդիրներ, որոնց հիման վրա մշակվել են օրենսդրական բարեփոխումների փաթեթներ։

Միջազգային, ինչպես նաև տեղական դիտորդական առաքելությունները մեծ նշանակություն ունեն Հայաստանում և Արցախում տեղի ունեցող ընտրությունների թափանցիկության, արդարության և այդ ընտրությունների՝ միջազգային հանրության համար ընկալելի լինելու համար։

Դիտորդները ընտրական գործընթացում ներգրավված, թերևս, ամենաանաչառ մասնակիցներն են և իրենց պարտականություններն իրականացնելիս լինում են բացառապես անկողմնակալ, ոչ մի դեպքում հրապարակայնորեն չեն արտահայտում որևէ կանխակալ դիրքորոշում և չեն դրսևորում կանխակալ վերաբերմունք իշխանության մարմինների, կուսակցությունների, թեկնածուների կամ ընտրական գործընթացի հետ կապված որևէ հարցի նկատմամբ։

Դիտորդների նպատակն է ընտրական գործընթացի վերաբերյալ հավաստի տեղեկությունների հավաքագրումը և դրանց հիման վրա անկախ եզրակացության կազմումը, ինչպես նաև՝ հենց ընտրատեղամասերում հայտնաբերված խախտումների վերացումը։ Ու չնայած նրան, որ դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնելիս պահպանում են չեզոքություն, այնուամենայնիվ, քիչ չեն եղել դեպքերը, երբ նրանք ենթարկվել են տարատեսակ ճնշումների։

Միջազգային դիտորդների հավասարակշռվածության և անկողմնակալության մասին է վկայում նաև այն, որ մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների ղեկավարները նախընտրական շրջանում հանդիպումներ են ունենում ընտրություններում ներգրավված բոլոր ուժերի, այդ թվում՝ զանգածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և այդպիսով համապարփակ պատկերացումներ ստանում ընտրություններին ընդառաջ տիրող տրամադրությունների և իրավիճակի մասին։

Միջազգային դիտորդների առաքելության արդյունավետության ավելացման համար, սակայն, անհրաժեշտ է քաղաքացիների մասնակցությունն ու ակտիվությունը։ Այսպես, Հայաստանում մինչև 2018 թվականը տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների զեկույցներում թեև եղել են հիշատակումներ իշխանությունների կողմից քաղաքացիներին բաժանվող ընտրակաշառքների մասին, այնուամենայնիվ, քիչ են այդպիսի կոնկրետ դեպքերի արձանագրումները, ինչը էապես ազդել է հրապարակված զեկույցների բովանդակության վրա։

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Related Posts: