Եվրասիական տնտեսական միությանը միանալու ժամկետներն անորոշ են, սահմանները` որոշակի

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Արդեն շուրջ մեկ տարի է Հայաստանը բռնել է պրո-ռուսական ինտեգրացիոն ուղին: Սկզբում դա կոչվում էր ինտեգրացիա Մաքսային միություն, այժմ` Եվրասիական տնտեսական միություն:

Այդ ինտեգրացիայի վերաբերյալ դեռևս բազմաթիվ հարցեր կան, որոնց թվում են նաև ՀՀ-ԼՂՀ սահմանին մաքսակետ տեղադրելու հեռանկարը և Հայաստանի` այդ միությանն «անդամագրվելու» ժամկետները:

Սահմանը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարից ուղարկված գրությունից պարզվում է, որ համաձայն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծի` «ԵՏՄ տարածք է անդամ պետությունների տարածքները»:

Այսինքն, քանի որ ԵՏՄ-ի հետ պայմանագիր կնքողը Հայաստանի Հանրապետությունն է, որի կազմի մեջ (որևէ պետության տեսանկյունից) չի մտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ապա վերջինս դուրս է մնում Եվրասիական տնտեսական միությունից:

Իսկ Եվրասիական տնտեսական միությունը ներառում է նաև Մաքսային միությունը, այն է` միասնական մաքսային տարածք, որից դուրս է մնում Ղարաբաղը: Իսկ ԵՏՄ-ից դուրս ցանկացած վայրից ԵՏՄ տարածք ապրանք ներմուծելիս (կամ արտահանելիս) հարկավոր է անցնել մաքսային ընթացակարգեր և վճարել մաքսատուրքեր:

Ուստի, քանի որ Հայաստանի տարածքը ըստ նախագծի լինելու է ԵՏՄ տարածք, իսկ Արցախինը` ոչ, ստացվում է, որ Հայաստան-Արցախ սահմանը, լինելով ԵՏՄ սահման, պետք է կահավորվի մաքսակետով, որտեղ կիրականացվեն մաքսային ձևակերպումները:

Այսպիսով, Արցախում արտադրված ապրանքները Հայաստան կներմուծվեն բացառապես եվրասիական (և բավականին բարձր) մաքսատուրքեր վճարելուց հետո, ինչը զգալի հարված կհասցնի արցախցի արտադրողներին:

ԼՂՀ արդյունաբերող-արտահանողները

Այսօր Լեռնային Ղարաբաղից արտասահման (ոչ Հայաստան) արտահանման համար արտադրված ապրանքների վրա հաճախ դրվում է հայկական շտրիխ-կոդը (485****) և ծագման երկիր նշվում է Հայաստանը:

Դա հնարավոր է լինում անել միայն այն պատճառով, որ ՀՀ իշխանությունները դրա դեմ չեն պայքարում (և ճիշտ էլ անում են), ԼՂՀ-ՀՀ սահմանին որևէ մաքսակետ չկա, իսկ ԼՂՀ-ում արտադրված ապրանքներն արտասահման են գնում բացառապես ՀՀ տարածքով… Այսինքն, որևէ այլ երկրի (ասենք` Իրանի կամ Վրաստանի) համար դրանք ապրանքներ են, որոնք արտահանվել են Հայաստանից և մինչ այդ Հայաստան չեն ներմուծվել… Ուստի, իրոք արտադրված են Հայաստանում:

Իսկ ահա Արցախի հետ սահմանին մաքսակետեր տեղադրելու դեպքում ԼՂՀ-ում արտադրված ապրանքները կդառնան  «Հայաստան ներմուծված» և որևէ կերպ չեն կարողանա կոչվել «Հայաստանում արտադրված»:

Այսինքն, Արցախում ապրանքներ արտադրողները ոչ միայն մաքսատուրքեր են վճարելու իրենց արտադրածը Հայաստան ներմուծելու համար, այլև մեծ (անգամ, երևի, անհաղթահարելի) խնդիրներ են ունենալու այլ երկրներ արտահանելիս, քանի որ չճանաչված երկիրը չի կարող ոչ շտրիխ-կոդ ունենալ, ոչ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ լինել, ոչ էլ այլ երկրների հետ ազատ առևտրի պայմանագիր ունենալ:

Ժամկետը դեռ պարզ չէ

Նույն գրության մեջ կարդում ենք, որ Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանների կողմից պայմանագիրը վավերացնելուց հետո: Դա ինքնըստինքյան պարզ է: Ակնհայտ է, որ պայմանագիրը վավերացումից առաջ չի կարող ուժի մեջ մտնել:

Սակայն վավերացումից որքա՞ն ժամանակ անց այն կմտնի ուժի մեջ` պարզ չէ:

Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող


 

Աղբյուր

Похожие записи: