Հայաստանի տնտեսությունը դառնում է կախյալ Լարսի ճանապարհի վիճակից

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Ինչպես արդեն հայտնի է, Ռուսաստանի Դաշնությունը, ի պատասխան արևմուտքի պատժամիջոցների, արգելել է ԵՄ անդամ երկրներից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Ավստրալիայից սննդամթերքի ներմուծումը:

Անշուշտ, որպես հետևանք, Ռուսաստանում առաջացավ սննդամթերքի բազմաթիվ տեսակների դեֆիցիտ, որը մեղմելու նպատակով այդ երկրի գյուղատնտեսության նախարարությունը դիմեց սանկցիաների տակ չընկած մի շարք երկրների իշխանություններին` դեպի Ռուսաստան սննդամթերքի արտահանման չափերը մեծացնելու խնդրանքով: Այդ երկրների թվին է պատկանում նաև Հայաստանը, որը կարող էր մեծ քանակությամբ միս, մսամթերք, պահածոներ, ձկնեղեն և մրգեր արտահանել Ռուսաստան գրավելով դատարկ մնացած շուկայի մի մասը:

Մազից (Լարսից) կախված տնտեսություն

Սակայն Հայաստանից բեռները Ռուսաստան կարող են հասնել միայն մի (Լարսի) ցամաքային ճանապարհով… Կան, իհարկե այլ ճանապարհներ, բայց դրանք անցնում են արդեն վաղուց փակ Հարավային Օսեթիայով և Աբխազիայով, ինչպես նաև հայերիս համար փակ Ադրբեջանով: Էլ ավելի տխուր է վիճակը երկաթուղու հետ, որը անցնում է նույն Աբխազիայով և Ադրբեջանով… Ուստի, երկաթուղով Ռուսաստանի հետ հաղորդակցվելու մասին չենք էլ երազում:

Եվ այսպես, մեր արտահանողների և ռուս սպառողների «բախտից» Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի վրա տեղի է ունենում փլուզում և այն, նախնական գնահատականներով, երկու շաբաթով փակվում է:

Ինչպես արդեն հասկացանք, Վերին Լարսի ճանապարհի միակ այլընտրանքը օդանավն է, որով առանձնապես բեռներ չես տեղափոխի: Հետևաբար, անգամ այս բարենպաստ պայմաններում մեր տնտեսվարողներն ու գյուղացիները մի քանի շաբաթով դուրս մնացին ռուսական շուկայից:

Կասկածներից դուրս է, որ մինչև Լարսի ճանապարհի բացվելը Ռուսաստանում տեղի կունենա շուկայի վերաբաշխում և դրա դատարկ հատվածները կլցվեն մեր մրցակիցների սննդամթերով:

«Հայի բախտ»  Մաքսային Միությունում

Իհարկե, կարելի է վստահաբար պնդել, որ այս հարցում մեր բախտը ընդհամենը չբերեց… Եվ դա ճիշտ կլինի, մենք իրոք մեղավոր չենք, որ Ռուսաստանի հետ մեզ կապող միակ ճանապարը Վերին Լարսն է:

Յուրաքանչուր պետություն ինքն է ընտրում իր արտաքին քաղաքական, ռազմական և տնտեսական դաշնակիցներին: Այդ ընտրությւոնը կատարելիս պետք է նաև հաշվի առնել, թե այդ պոտենցիալ դաշնակցիդ հետ ինչպիսի՞ կապող ուղիներ ունես և որքանո՞վ են դրանք վստահելի:

Անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մենք ինտեգրվելու ենք Եվրասիական Տնտեսական Միությանը, ինչը էական վնաս հասցրեց Եվրոպայի հետ մեր տնտեսական փոխգործակցության հեռանկարներին:

Այսպիսով, մենք այժմ գնում ենք մի միություն, որի հետ չունենք սահման և միակ ճանապարհը պարբերաբախ փակվող Լարսի ճանապարհն է: Որից մենք էլ ավելի ենք կախման մեջ ընկնելու, քանի որ ապրանքաշրջանառության հոսքերն այսուհետ զարգանալու են հենց Ռուսաստանի ուղությամբ, որովհետև այլ երկրներից ապրանքներ ներմուծելն ու արտահանելը էականորեն կթանկանա (մաքսազերծման առումով):

Եվ դա այն պարագայում, որ մեկ այլ տնտեսական միություն (Եվրոպական) արդեն հասավ Վրաստան: Ուստի այդ միության հետ մենք արդեն սահման ունենք, ինչպես նաև մեկ երկաթուղային և երեք ավտոմոբիլային ճանապար:  Սակայն, նախընտրեցինք հրաժարվել այդ տնտեսական միությունից:

Դժվար է ասել, թե որքան՞ով է այս հանգաամնքը հաշվի առել Սերժ Սարգսյանը` սեպտեմբերի 3-ի հայտարարությունն անելիս, սակայն ՀՀ քաղաքացիներս սա պետք է հաշվի առնենք` այս կամ այն տնտեսական դաշինքին անդամագրվելու մասին կարծիք կազմելիս:

Դանիել Իոաննիսյան


Աղբյուրը

Լուսանկարը՝ haynews.am-ից

Похожие записи: