Շատ ավելի որակյալ ԱԺ կունենանք. Իոաննիսյանը՝ համամասնական ընտրակարգի վերաբերյալ հնչող մանիպուլյատիվ հայտարարությունների մասին

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան պարզ համամասնական ընտրակարգով՝ առանց վարկանիշային (ռեյտինգային) ցուցակների, եթե  նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրի Ազգային ժողովի կողմից երեկ արտահերթ նիստում ընդունված օրենքի նախագիծը։

Խորհրդարանական ընդդիմությունը, հիշեցնենք, չմասնակցեց քվեարկությանը, քանի որ դեմ էր այս փոփոխությանը, մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր բաց ցուցակների տարբերակը՝ միաժամանակ շեշտելով, որ գործընթացի կեսից՝ այսինքն ընտրությունների մասին պայմանավորվածությունից հետո խաղի կանոններ չեն փոխում:

Ըստ էության, ի՞նչ փոփոխություն կատարվեց երեկ Ընտրական օրենսգրքում, արդարացվա՞ծ էին ընդդիմության մտահոգությունները այդ առնչությամբ, փորձեցինք հասկանալ զրուցելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, «Ընտրական օրենսգրքի բարեփոխումների» աշխատանքային խմբի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ։

«Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեծ փաթեթից, որը շատ հարցերի է անդրադառնում, առանձնացվեց մեկ հարց՝ ռեյտինգային ընտրակարգի վերացումը և խորհրդարանի կողմից արագացված ռեժիմով ընդունվեց։ Այսինքն՝ ռեյտինգային համակարգը հանվեց, լինելու է սովորական համամասնական ընտրակարգ՝ դրանից բխող բոլոր կանոններով։ Կուսակցությունները ներկայացնելու են ցուցակներ, որոնք լինելու են հրապարակային, բոլորս իմանալու ենք այդ ցուցակների հերթականությունը, թեկնածուների անունները նույնիսկ՝ նրանց գույքային դրությունը»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

Իոաննիսյանը կեղծ օրակարգ համարեց պատգամավորներից մեկի կողմից հնչեցրած այն մտահոգությունը, որ այս փոփոխությամբ, ըստ էության, ունենալու ենք, այսպես կոչված, մայրաքաղաքային խորհրդարան, որը կտրված կլինի մարզերի խնդիրներից. «Մեր փոքր երկրում կա՞ արդյոք այնպիսի հարց, որի շուրջ տարբեր մարզերի ներկայացուցիչներն ունենան էապես տարբերվող մոտեցումներ, և կարիք կա, որ այդ մոտեցումները խորհրդարանում բալանսավորվի»,- հռետորական հարց ուղղեց Իոաննիսյանն ու ավելացրեց. «Ինչ վերաբերում է մարզային ներկայացվածությանը, պետք է հաշվի առնել, որ այդ ամենը մրցակցությամբ լուծվող հարցեր են, եթե կուսակցությունն ուզում է X մարզում շատ ձայն ստանալ, պետք է իր ցուցակում, քիչ թե շատ անցողիկ տեղում, այդ X մարզից հեղինակավոր մարդ ունենա, այսինքն՝ կուսակցությունները մոտիվացված են լինելու, դա քվոտավորմամբ չէ»:

Իոաննիսյանն ընդգծեց, որ դա բացարձակ լուրջ փաստարկ չէ, ու եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք,  «մի հատ էլ հասարակության տարբեր խավերի քվոտավորում պետք է մտցնենք, կրթական տարբեր աստիճանների և այլն», ասում է նա։

Իոաննիսյանի համար պարզ չէ, թե ինչու էր  խորհրդարանական ընդդիմությունը դեմ այս փոփոխությանը, բայց որ համամասնական ընտրակարգի արդյունքում ձևավորված խորհրդարանը որակապես լինելու է շատ ավելի լավը՝ միանշանակ է․ «Եթե խորհրդարանը ձևավորվում է քաղաքական մրցապայքարի արդյունքում, ապա այն, բնականաբար, շատ ավելի որակյալ է լինելու, որովհետև այն համամասնորեն ներկայացնում է հանրության քաղաքական կարծիքները, իսկ եթե խորհրդարանը ձևավորվում է ինչ-ինչ ռեսուրսների կիրառմամբ, թաղային հեղինակությունների մրցակցությամբ, ապա այն ներկայացնում է չգիտեմ ինչը»,- ասաց Իոաննիսյանը։

Նա նաև ընդգծեց, որ Էդմոն Մարուքյանի մեղադրանքը, թե Վենետիկի հանձնաժողով փոփոխությունների այլ փաթեթ եք ուղարկել, իսկ ԱԺ-ում լրիվ այլ բան եք քննարկում, մանիպուլյատիվ հայտարարություն էր, որովհետև երեկ քննարկվող հարցը Վենետիկ ուղարկված փոփոխությունների մեծ փաթեթի ընդամենը մեկ հարց էր, որի վերաբերյալ, ինչպես նշեց Իոաննիսյանը, Վենետիկի հանձնաժողովը վաղուց իր կարծիքն արտահայտել է՝ ընդգծելով դրա անհրաժեշտությունը։

Похожие записи: