Վրաստանի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքները

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский” и “Американский Английский”.

2021 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած Վրաստանի ՏԻՄ ընտրություններին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրականացրել է դիտորդական առաքելություն՝ երկու շրջիկ խմբերի կազմով: Առաքելության նպատակն էր ուսումնասիրել քվեարկության օրվա ընթացքում Հայաստանում և Վրաստանում ընտրական օրենսդրության ու դրա իմպլեմենտացիայի տարբերությունները, ինչպես նաև դիտարկել Թբիլիսիի մի ընտրատարածքում փորձարկվող՝ քվեաթերթիկների էլեկտրոնային հաշվարկի սարքերի պիլոտային ծրագիրը:

Առաքելությունը չի դիտարկել նախընտրական քարոզարշավը, մեդիա և քաղաքական միջավայրը և նպատակ չի հետապնդել պարզելու ընտրական օրենսդրության խախտումների պատկերը: Առաքելությունը համակարգել է կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Քվեարկության օրվա ընթացքում շրջիկ խմբերը այցելել են Մցխետա-Մտիանետիի, Կախեիի և Կվեմո-Քարթլիի նահանգների, ինչպես նաև մայրաքաղաք Թբիլիսիի 25 ընտրական տեղամասեր և մեկ տարածքային ընտրական հանձնաժողով: Դիտարկման ընթացքում նկատվել են հիշատակման արժանի և Հայաստանում ընտրական օրենսդրության ու դրա իմպլեմենտացիայից տարբերվող հետևյալ փաստերը.

Էլեկտրոնային հաշվարկի սարքերի (քվեաթերթիկների սքաներների) պիլոտային փորձարկում

Եղել են տեղամասեր, որտեղ էլեկտրոնային հաշվարկի սարքերը դուրս են եկել շարքից և քվեարկության արդյունքների հաշվարկը կատարվել է միայն հին ձևով (ձեռքով): Էլեկտրոնային հաշվարկի պիլոտային սարքերի շուրջ 10 տոկոսը (32 տեղամասերից 3-ում) քվեարկության ընթացքում չի աշխատել և անջատվել է:

Էլեկտրոնային հաշվարկի սարքերը հաճախ չէին ընթերցում քվեաթերթիկը և այն ետ էին տալիս: Ընտրողից պահանջվում է ճիշտ նշանը դնել զգուշորեն, որպեսզի քվեաթերթիկն ընթերցվի: Չնչին շեղումը բերում է սարքի կողմից քվեաթերթիկի չճանաչման:

Կահավորում

Քվեախցիկները տարբեր էին: Թբիլիսիում քվեախցիկները առջևի պատ, գործնականում, չունեին: Երբեմն քվեախցիկները չափազանց մոտիկ էին իրար: Դիտորդները և հանձնաժողովների անդամները հաճախ ընդհուպ կես մետր հեռավորության վրա էին գտնվում քվեախցիկներից, երբեմն քվեախցիկների հետևում բաց պատուհաններ էին լինում, բայց այդ ամենը նորմալ էր դիտվում գործընթացի դերակատարների կողմից:

Տեսախցիկով նկարահանվում էր միայն ամփոփման նիստը և չէր հեռարձակվում: Տեսագրությունները արխիվացվում են ԿԸՀ-ում:

Աշխատանքի ընթացքում չի նկատվել գեթ մեկ տեղամաս, որը հարմարեցված կլիներ անվասայլակով մուտք գործելու համար: Այդուհանդերձ, գործում էր շրջիկ քվեարկություն, որի սահմաններում հանձնաժողովի անդամներն են այցելում այն ընտրողներին, որոնք չեն կարող գալ տեղամաս:

Ընտրական հանձնաժողովներ

Հանձնաժողովներն ունեին 17 անդամ, որոնցից 9-ը նշանակված էին խորհրդարանական կուսակցություններից, իսկ 8-ը վերադաս ընտրական հանձնաժողովի կողմից: Այդ թիվը (17-ը) էապես ավել էր տեղամասում առկա գործառույթներից, և հանձնաժողովի շատ անդամներ մատնված էին պարապուրդի:

Ընտրողներին ցուցակում գրանցելն ու քվեաթերթիկ տալն անում էր միևնույն հանձնաժողովի անդամը: Սովորաբար, այդպիսիք 5-ն են: Կուսակցություններից նշանակված հանձնաժողովի անդամներն այդ գործառույթին չէին կարող ներգրավվել:

Ընտրությունների արդյունքների ամփոփման համար վիճակահանությամբ ընտրվում էր հանձնաժողովի 5 անդամ, որոնք հաշվարկում էին թե՜ ցուցակներում ստորագրությունների քանակը և թե՜ քվեաթերթիկները: Հանձնաժողովի մյուս (մինչև 12) անդամներն այդ ընթացքում անելիք չունեին:

Ընտրական հանձնաժողովների նախագահներն ընտրվում էին հանձնաժողովի կողմից և, որպես կանոն, փաստացի առաջնորդում էին հանձնաժողովը:

Իրավապահ մարմիններ

Տեղամասի շրջակայքի կուտակումները հսկող իրավապահներ, գործնականում, չկային: Երբեմն ոստիկաններն այդ գործառույթն անում էին, իսկ երբեմն՝ ոչ: Տեղամասային կենտրոնի տարածքում ոստիկաններ ընդհանրապես չեն նկատվել:

Ընտրողները լավ իրազեկված էին ընտրակարգից: Թեև զուգահեռ 3 քվեարկություն էր, բայց որևէ ընտրող չի նկատվել, որ շփոթվի կամ չիմանա, թե որ քվեաթերթիկն ինչի համար է: Ընտրական հանձնաժողովները պնդում էին, որ որևէ ընտրող չի խնդրել պարզաբանել քվեարկության կարգը:

Բազմաթիվ էին ահազանգերն այն մասին, որ վարչական ռեսուրսի չարաշահումը համակարգվում է ՆԳՆ-ի ու դրա կազմում գործող անվտանգության ծառայության կողմից:

Հակահամաճարակային միջոցներ

Ընտրական տեղամասերում չի նկատվել պաշտպանիչ դիմակ չկրող անձ: Քաղաքացիների կողմից հակահամաճարակային կանոններին հետևելը գիտակցված էր, հանձնաժողովի կողմից պարտադրողական չէր։ Տեղամաս մտնող անխտիր բոլորը ջերմաչափվում էին:

Բոլորին տրվում էին մեկանգամյա օգտագործման գրիչներ: Նույնիսկ դիտորդներին, որոնք գրանցվելու համար ստորագրում էին մատյանում, տրվում էր մեկանգամյա օգտագործման գրիչ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Похожие записи: