Հայաստանի Հանրապետության վերականգման հայեցակարգ․ Կոռուպցիա

Извините, этот техт доступен только в “Армянский”. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՀՀ ներկայիս իշխանությունները, թեև կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժող մոտեցում են որդեգրել, այնուամենայնիվ, կան լուրջ բացեր՝ կապված կանխարգելման քաղաքականության, օրենսդրական և համակարգային բացերի հետ։

Այս մասին ասվում է «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգում», որը հեղինակել են հայաստանյան մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպություններ, մասնավորապես՝ «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» ՀԿ-ն, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Իրազեկ քաղաքացիների միավորումը», «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը»։

Ընդգծելով, որ Հայաստանում կոռուպցիան վերջին տասը տարիներին շարունակաբար հանդիսացել է լուրջ հիմնախնդիր և ձեռք բերել համակարգային բնույթ, իսկ նախկին իշխանությունների օրոք հռչակված «կոռուպցիայի դեմ պայքարը», որպես կանոն, ընդամենը օրենսդրական նախաձեռնությունների տեսքով էր, հայեցակարգի հեղինակները նշում են, որ ներկա իշխանությունները բավականին ակտիվ և անհանդուրժող մոտեցում են որդեգրել՝ կենտրոնանալով իրավակիրառ պրակտիկայի վրա։

Այդուհանդերձ, ինչպես նշվում է հայեցակարգում, Հայաստանում 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից հետո չի գործում ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, աննկատ է ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի ստորաբաժանման աշխատանքը, անհասկանալի են ՀՀ կառավարության և ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն գործառույթների բաշխումն ու համակարգումը:

Բացի դա, փաստաթղթի հեղինակները արձանագրում են, որ կան բազմաթիվ իրավական, օրենսդրական և համակարգային բացեր, կապված, օրինակ, կոռուպցիոն հանցագործությունների օրենսդրական սահմանման և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված կառույցի բացակայության հետ։

Ըստ այդմ, «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգում» (ճանապարհային քարտեզում), բերվում են մի շարք առաջարկներ՝ կոռուպցիայի կանխարգելումը և կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Մասնավորապես, ըստ հայեցակարգի հեղինակների, անհրաժեշտ է վերակազմավորել և վերագործել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, նախաձեռնել կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություններ և կանխարգելման այլ միջոցառումներ հանրային կառավարում իրականացնող բոլոր մարմիններում։

Որպես կարևորագույն քայլեր ՝ ՀՀ վերականգման հայեցակարգում առաջարկվում է ստեղծել կոռուպցիոն հանցագործություններ քննող մեկ միասնական մասնագիտացված իրավապահ մարմին, որն օժտված կլինի օպերատիվ-հետախուզական, հետաքննական և նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ, և սահմանել կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը։

Բացի սա, առաջարկվում է ընդլայնել պաշտոնատար անձանց հայտարարագրերում ներկայացվող տեղեկությունների շրջանակը, ստեղծել իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ, ինչպես նաև հաստատել միջազգային համագործակցություն՝ կոռուպցիայի հետևանքով դուրս հանված ակտիվները Հայաստան վերադարձնելու ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգը» բավական ծավալուն փաստաթուղթ է, որի հիմնական շեշտադրումներից մեկը, թերևս, այն է, որ քաղհասարակությունը պետք է մասնակցի երկրի համար կարևոր հարցերի քննարկմանը՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ միասին։

Մեր հետագա հրապարակումներում կանդրադառնանք «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգում» այլ ոլորտներին առնչվող հարցերին ու առաջարկություններին։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Похожие записи: