Արձագանք ՀԺ-ի խմբագրականին

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

«Հայկական ժամանակը» երեկ հանդես եկավ «Հայաստանը՝ լրտեսական կրքերի էպիկենտրոնում. հանրային գիտակցության մեջ լիակատար խառնաշփոթ է» վերտառությամբ խմբագրականով, որը ընթերցողի մոտ մի շարք հարցերում ոչ օբյեկտիվ տպավորություն է ստեղծում:

Մասնավորապես, հոդվածի բովանդակությունը ընկալում է ստեղծում, թե միջազգային կազմակերպություններից ֆինանսավորում ստացող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և լրատվամիջոցները հանդիսանում են արևմուտքի պետությունների ազդեցության գործակալներ: Ավելին, ՀԿ-ների պահանջած անցումային արդարադատությունը ներկայացնում է որպես լյուստրացիայի պահանջ և «ԿԳԲ-ի արխիվների բացում» (որը, ըստ հեղինակի, հակառուսական քայլ է): Հեղինակն անգամ է՛լ ավելի հեռու է գնում ու հասարակական կազմակերպությունների շուրջ ստեղծված աղմուկը որակում է «լրտեսական կրքեր»: Բոլոր այս պնդումներն էլ, սակայն, հեռու են իրականությունից և ահա, թե ինչու.

 ՀԿ-ների ֆինանսավորումը

Ի տարբերություն բազմաթիվ ժողովրդավարական (և ոչ միայն) երկրների, Հայաստանում ՀԿ-ների պետական կամ հանրային ֆինանսավորում գործնականում չկա: Եվ հայաստանյան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ իրոք ֆինանսավորում են ստանում արտերկրից (թե՛ արևմտյան պետություններից և թե՛ դրանց հետ կապ չունեցող հիմնադրամներից):

Արևմուքում կան բազմաթիվ հիմնադրամներ, որոնք պետական չեն (և որևէ պետության շահը սպասարկելու նպատակ չունեն) և որոնք տարբեր տեղերից (այդ թվում՝ որոշ մեծահարուստներից) ստացված գումարները ուղղում են աշխարհում այս կամ այն գաղափարի զարգացման համար: Այդպիսի հիմնադրամներից ամենահայտնին, թերևս, Ջորջ Սորոսի հիմնադրած Բաց Հասարակության Հիմնադրամներն են, որոնք ֆինանսավորում են ժողովրդավարացմանն ու սոցիալական արդարությանը ուղղված ծրագրեր աշխարհի տասնյակ երկրներում, ինչի համար բավականին չսիրված են բռնապետական ռեժիմների կողմից:

Կան նաև պետություններ (օրինակ՝ Եվրոպական Միությունը), որոնք ֆինանսավորում են ժողովրդավարական ծրագրերը այլ երկրներում: Ցանկացած պետություն ուզում է իր հարևանությամբ տեսնել իր նման մոդելի պետություն: Ժողովրդավարական երկրները ուզում են ժողովրդավար հարևաններ, բռնապետական պետություններն ուզում են բռնապետական ազդեցություն: Ժողովրդավարական երկրները, քանի որ մեծապես նաև հարուստ են, ֆինանսական աջակցություն են ցուցաբերում հարևան երկրներին ու այդ երկրների ՀԿ-ներին՝ ժողովրդավարացման և բարգավաճման համար:

Արտերկրից ֆինանսական աջակցություն ստանալը ազդեցության գործակալ դառնալու հետ համեմատելն անհեթեթ է, քանի որ ամենամեծ օգնությունը ստացել ու ստանում է հայրենի կառավարությունը: Եվ այն, որ Արտակարգ իրավիճակիների նախարարությունը օրերս Ճապոնիայից ստացավ հրշեջ մեքենաներ, դեռ բնավ չի նշանակում, որ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ճապոնական ազդեցության գործակալ է:

Հայաստանյան ՀԿ-ներն ու լրատվամիջոցների մեծ մասը պարզապես գոյություն չէին ունենա, եթե տարիներ շարունակ չֆինանսավորվեին արտերկրից: Դրամաշնորհ ունենալը բնավ չի երաշխավորում, որ կազմակերպությունը բարեխիղճ է և կիսում է ժողովրդավարական արժեքները:

Այո, կային կազմակերպություններ, որոնք գրանտները մսխում էին, կային կազմակերպություններ, որոնք համագործակցում էին նախկին իշխանությունների հետ ու ստեղծում բարեփոխումների իմիտացիա: Բայց տասնյակ անկախ ու բարեխիղճ կազմակերպություններ, անկախ լրատվամիջոցներ պարզապես չէին գործի, եթե չլինեին դրամաշնորհները:

Տարիներ (եթե ոչ տասնամյակներ) շարունակ հարյուրավոր բարեխիղճ ՀԿ-գործիչներ եւ լրագրողներ դրամաշնորհների օգնությամբ կարողացել են իշխանություններին անկաշկանդ վերահսկել, պաշտպանել քաղաքացիների իրավունքները. օբյեկտիվ լրատվություն տալ և բարձրաձայնել խնիրները: Այդպիսիների թվին են պատկանում թե ձեր խոնարհ ծառայի հիմնած «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և թե հանրության կողմից ճանաչված բազում այլ լրատվամիջոցներ ու ՀԿ-ներ:

Եվ ի տարբերություն լրտեսների, այս ՀԿ-ներն ու լրատվամիջոցները գործել են բացարձակապես թափանցիկ, ազնվորեն հրապարակելով իրենց ֆինանսավորման աղբյուրները (ի տարբերություն բազում այլ խմբերի, որոնց ֆինանսավորումը գաղտնի է պահվում):

Միաժամանակ, զարմանալի չէ, որ այն խմբերը, որոնք պայքարում են կոռուպցիայի դեմ, որոնք աջակցում են ժողովրդավարական արժեքներին, քննադատաբար են վերաբերվում Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը, ցավոք սրտի, հեռու է ժողովրդավարությունից և որպես ոչ ժողովրդավար երկիր ցանկանում է ունենալ ոչ ժողովրդավար հարևաններ:

«Լյուստրացիա»-ն

Նախ նշենք, որ ՀԿ-ները պահանջում են ոչ թե Լյուստրացիա, այլ անցումային արդարադատություն (լյուստրացիան անցումային արդարադատության գործիքներից մեկն է): Իսկ անցումային արդարադատության նպատակը բնավ, որևէ օտար պետության շահի սպասարկումը չէ, այլ տարիների ընթացքում տիրող անարդարությունների հետևանքների վերացումն է և արդարության հիմքի վրա դրված հասարակության կառուցումը:

Անցումային արդարության գործիքները շատ են: Դրանց թվին է պատկանում ոչ միայն լյուստրացիան, այլև վեթթինգը: Ե՛վ լյուստրացիան, ե՛ւ վեթթինգը վերաբերում են այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց: Բայց առաջին դեպքում նման անձանց ցանկերը հրապարակվում են, իսկ երկրորդ դեպքում՝ այդ անձանց պարզապես արգելվում է պետական պաշտոններ զբաղեցնել:

Քաղաքացիական հասարակությունը հիմնականում պահանջում է վեթթինգ: Դրա արդյունքում բոլոր այն անձինք, ովքեր օտար պետությունների հատուկ ծառայությունների հետ համագործակցել են, չեն կարողանա պաշտոններ զբաղեցնել: Միջոց, որն անկասկած կբարձրացնի պետական համակարգի անկախությունը այլ երկրներից:

Ըստ այդմ, հասարակական կազմակերպությունների շուրջ բարձրացող աղմուկը «լրտեսական կրքեր» անվանելը անազնիվ է և մանիպուլյատիվ: Սրանք կրքեր են ոչ թե օտար պետությունների միջև, այլ կրքեր են Հայաստանում ժողովրդավարական արժեքների ու դրանց ընդդիմացողների միջև:

Դանիել Իոաննիսյան

Похожие записи: