Ընտրացուցակների խնդիրը շարունակում է չլուծված մնալ

Извините, этот техт доступен только в “Армянский”. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո կայացած տեղական ինքնակառավարման մարմինների և խորհրդարանական ընտրությունները  անցել են արդար և թափանցիկ, սակայն դեռևս չլուծված են մնում մի շարք խնդիրներ։

Հայաստանում նախկինում տեղի ունեցած ընտրությունների հետ հետհեղափոխական շրջանի ընտրությունների տարբերությունը զգացվում է նաև Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրականացրած ընտրական թվերի էլեկտրոնային մոնիթորինգի արդյունքներում, որոնցում, սակայն, վեր են հանվում նաև ոլորտի չկարգավորված խնդիրները։

ԹԻՀԿ-ը ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ անցկացրել է 2012 և 2017 թվականների Ազգային ժողովի, 2013 թվականի ՀՀ նախագահի և Երևանի ավագանու ընտրությունների, ինչպես նաև 2015 թ.-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ:

Նշված ընտրությունների և հանրաքվեի ժամանակ այդպիսի մոնիտորինգն իսկապես հնարավորություն է տվել բացահայտելու, վերլուծելու և հնարավորության դեպքում՝ կանխելու ընտրությունների տարբեր փուլերի ժամանակ հնարավոր կեղծիքներն ու խախտումները, մասնավորապես՝ կապված ընտրական ցուցակների և քվեարկության օրը քվեարկության կասկածելի տևողության և արագության հետ։

Այսպես, ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգը թույլ է տալիս հայտնաբերել, օրինակ, հասցեներ, որտեղ գրանցված են տասնյակ ընտրողներ, կամ տեսնել, թե ընտրողներն ինչ հաճախությամբ են քվեարկում օրվա տարբեր ժամերին։ Որպես կանոն, նախկին իշխանությունների ժամանակ ընտրակաշառք ստացած ընտրողները քվեարկում էին որոշակի ժամերի, և էլեկտրոնային մոնիտորինգը թույլ էր տալիս ֆիքսել այդպիսի «զուգադիպությունները»։

Ըստ այդմ, ԹԻՀԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն, արձանագրվում է, որ համեմատած նախորդ ընտրությունների, հետհեղափոխական շրջանում էապես նվազել է այն ընտրատեղամասերի թիվը, որոնցում քվեարկության ժամանակ ցանկացած 3-ժամյա ժամանակահատվածում եղել է կասկածելիորեն արագ քվեարկություն: Մասնավորապես, եթե 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կասկածելիորեն արագ քվեարկություն գրանցվել է 680 ընտրատեղամասերում, ապա 2018 թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդպիսի արագություններ գրանցվել էին միայն 107 ընտրատեղամասերում:

2018 թ.-ի ընտրությունների ժամանակ լիովին բացակայում էր դրական հարաբերակցությունը մասնակցության թվի և հաղթած քաղաքական ուժի, տվյալ դեպքում՝ «Իմ քայլը» դաշինքի օգտին տրված քվեների միջև: 2017 թ.-ի ընտրությունների համեմատ 2018 թ.-ի ընտրություններում էապես նվազել էին և’ բոլոր տեսակի անճշտությունների չափերը, և’ այն ընտրատեղամասերի թիվը, որոնցում գրանցվել էին անճշտությունները: Մասնավորապես, Ընտրական օրենսգրքով սահմանված երկու անճշտությունների ընդհանուր չափն այս ընտրությունների ժամանակ հավասար էր 714-ի՝ ի տարբերություն նախորդ ընտրությունների 1,737-ի, և այդ անճշտությունները տեղ էին գտել 277 ընտրատեղամասերում (նախորդ ընտրություններում՝ 442-ում):

Միևնույն ժամանակ, սակայն, ԹԻՀԿ-ի զեկույցում նշվում է, որ հետհեղափոխական շրջանի ընտրություններում շարունակում են մտահոգիչ մնալ ընտրացուցակների հետ կապված խնդիրները, որոնց հարցում բարելավումներ գրեթե չեն եղել։

Հետևաբար, ԹԻՀԿ-ն առաջարկում է մշակել արդյունավետ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում, որի հիման վրա կազմվում են ՀՀ ընտրողների ռեգիստրը և ընտրողների ցուցակները, արտացոլել միայն ՀՀ տարածքում առկա ընտրողներին՝ ավելի հստակ ու «մաքուր» ընտրացուցակներ ունենալու նպատակով։

Նույն նպատակով առաջարկվում է, որ ընտրությունների ժամանակ՝ նախքան քվեարկության օրն ընկած ժամանակահատվածը, ընտրողների ցուցակների համար պատասխանատու լիազոր մարմինը (ներկայում՝ ՀՀ ոստիկանությունը) առանձին ցուցակներով իրարից տարանջատի այդ ժամանակահատվածում ՀՀ տարածքում գտնվող ընտրողներին և հանրապետությունից բացակայող ընտրողներին: Ոստիկանությունը նաև պետք է մաքրի ընտրական ցուցակները մտացածին անուններից, հասցեավորի հասցեներ չունեցող բնակարանները և ուղղի ընտրողների ցուցակում առկա այլ անճշտությունները։

Ավելին, առաջարկվում է նաև Ընտրական օրենսգրքում ներառել դրույթներ, որոնք հնարավորություն կտան պատշաճ կերպով հետաքննել տեղ գտած անճշտությունները: Դրան կնպաստի նաև տեղական դիտորդական առաքելությունների կողմից իրենց դիտարկման մեթոդաբանության վերանայումը՝ հիմնականում շեշտը դնելով ընտրողների ցուցակների նախնական վերլուծության վրա՝ զուգահեռաբար հաշվելով քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը, և հետամուտ լինելով անճշտությունների տարբեր տեսակների պատճառների բացահայտումներին։

Բացի սա, անճշտությունների հնարավոր պատճառները վեր հանելու նպատակով պետք է քվեների հաշվարկը դարձնել ավելի ներառական, քան առկա է այսօր՝ գործընթացին մասնակցելու իրավունք տրամադրելով վստահված անձանց և դիտորդներին:

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Похожие записи: