Որքանով և ինչպես կբարձրանա գազի սակագինը վերջնական սպառողների համար․ ԻՔՄ հանրային քննարկում

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

«Գազպրոմ Արմենիան» այլևս չի կարող խնայողությունների ու ներքին ռեսուրսների հաշվին փոխհատուցել Հայաստանի սահմանին գազի գնի 15 դոլարով թանկացումը, որը տեղի ունեցավ 2019-ի սկզբին․ այս մասին հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ հունվարի 18-ին «Գազի գնագոյացումը և սակագինը. ինչպե՞ս կավարտվեն ՌԴ-ի հետ բանակցությունները» թեմայով հանրային քննարկմանը:

2019-ի սկզբից սահանին Հայաստանի համար մատակարարվող ռուսական գազի գինը բարձրացավ 15 դոլարով՝ դառնալով 165 դոլար է 1000 խմ համար: Դա սակայն չանդրադարձավ ներքին սպառողների վրա, քանի որ որոշվեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է իր մարժայի հաշվի փոխհատուցի դա: Ներկայում «Գազպրոմ Արմենիան» սպառողներին գազը մատակարարում է 1 խմ-ն 139 դրամով, իսկ սոցիալապես անապահովներին 80 դրամով՝ մինչև 600 խմ ծավալը։ Փաստացի «Գազպրոմ Արմենիան» բնակիչ-սպառողների մեծ մասին 1000 խմ գազը վաճառում է մոտ 285 դոլարով։ «Գազպրոմ Արմենիան» դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին գազի սակագինը բարձրացնելու հայտով։ 2019-ի տարեվերջին հայտարարվեց, որ Գազպրոմը 2020-ին չի թանկացնի Հայաստանին մատակարարվող գազը։

««Գազպրոմ Արմենիան» չի փոխհատուցում գազի գնի 15 դոլարը, ևս 15 դոլարով ցանկանում է թանկացնել: Շուրջ մեկ տարի է բանակցում ենք «Գազպրոմ Արմենիայի» հետ: Նախկինում սահմանին գրանցված գազի գնի բարձրացումը չի ազդել վերջնական սպառողների վրա, քանի որ տեսել ենք ընկերությունում առկա խնայողություններ, և որոշակի օպտիմալացումներ են կատարվել»,- հայտարարեց Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով՝ ներկայում Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են, դրանք բազմափուլ են: Բաղրամյանն այս փուլում ավարտված է համարում սահմանին գազի գնի վերաբերյալ բանակցությունների փուլը. «Կա կնքված պայմանագիր, որ այս տարի գազը կմատակարարվի Հայաստանին անցած տարվա պայմաններով: Չի բացառվում, որ այս հարցը կրկին բարձրացվի ամենաբարձր մակարդակով»։

Անդրադառնալով վերջնական սպառողների համար գազի գնի շուրջ բանակցություններին՝ Բաղրամյանն ասաց․ «Ռուսական կողմից հայտը դեռ չկա, բայց կլինի: Չի բացառվում, որ ապրիլից հետո գազի գնի վերանայման հայտ ներկայացվի: Գործող սակագների շուրջ 30 դոլարով ավելացման խնդիր է»։ Գործող սակագները, ըստ ՀԾԿՀ նախագահի, չեն բավարարում ընկերությանը։

Գազի սակագների բարձրացումը մարտահրավեր է Հայաստանի էներգետիկայի համար: Այն կարող է հանգեցել նաև էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, որը համակարգում է էներգետիկայի ոլորտը, նշում է՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի շուրջ 30-35 տոկոսն արտադրվում է ջերմաէլեկտրակայաններում, որոնք գազով են աշխատում:

«Ամեն բան կախված է լինելու, թե որքան կբարձրանա սակագինը, և կառավարությունն ինչ միջոցներ կձեռնարկի իրավիճակի մեղմման համար»,- ասաց նա: Այնուամենայնիվ, փոխնախարարը չի կարծում, որ գազի սակագների բարձրացումն այնքան կլինի, որ էական բեռ դառնա էներգետիկ համակարգի համար:

Խնդրահարույց են մնում Հայաստանում գազի սակագների հաշվման ու գնագոյացման մեխազմները, դրանք թափանցիկ ու հասկանալի չեն․ քննարկմանը նման տեսակետ հայտնեց էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

Փորձագետի խոսքով՝ տարիներ շարունակ գազի մատակարարվող գինը և ներքին գինը մոտ կրկնակի տարաբերվում էին․ «Այս առումով մենք էական առաջընթաց չունենք: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խնդիրը պետք է լինի այդ մեխանիզմները դարձնել թափանցիկ ու հասկանալի, որպեսզի կասկածներ չառաջանան գազի սակագնի ձևավորման արդարացիության հետ կապված»։

Հայաստանում էլեկտրաէներգիայի շուրջ 30-35 տոկոսն արտադրվում է ջերմաէլեկտրակայաններում, որոնք գազով են աշխատում

 

Անցյալ տարի սահմանին գազի սակագնի բարձրացումից հետո «Գազպրոմ Արմենիայի» մարժան նվազեց, քանի որ վերջնական սպառողների համար գինը մնաց նույնը: «Ուստի քանի չգիտենք, թե ինչ մեխանիզմներ էին գործում նախկինում և ինչ մեխանիզմ է գործելու ներկայում, դժվար է հստակ ասել, թե ինչպիսին պետք է լինեն սակագները: Այս հարցում հստակություն է պետք և իրավիճակի երկարաժամկետ ֆիքսում»,- ասաց Արա Մարջանյանը՝ հավելելով, որ սա Հայաստանի զարգացման հիմքերից մեկն է՝ հաշվի առնելով գազի տեսակարար կշիռը տնտեսության ողնաշար հանդիսացող էներգետիկ ոլորտում:

«Միայն երկարաժամկետ ու հստակ պատկերի առկայությունը կարող է խրախուսել թե՛ ներդրումների իրականացումը, թե՛ տնտեսության իրական հատվածի զարգացումը: Սա նաև հիմք է ստեղծում էներգետիկ ոլորտի կայուն զարգացման համար»,- նշեց նա՝ կոչ անելով չմոռանալ, որ հատկապես Հարավային Կովկասում գազի գինը աշխարհաքաղաքական գործոն է:

Գարեգին Բաղրամյանը, ըստ էության, համաձայնեց գազի գնագոյացման ու մարժայի մասին փորձագետի նկատառմանը՝ նշելով, որ ռուսական կողմի հետ այս հարցում փորձում են երկարաժամկետ պայմանավորվածության հասնել․ «Այսօր բանակացությունները տանում են նրան, որ ունենալու ենք որոշակի երկարաժամկետ՝ շուրջ տասը տարվա գնագոյացման մեխանիզմներ»:

Արշալույս Մղդեսյան, Սիվիլնեթ

Похожие записи: