- 28 Ապրիլի, 2020
- Մամուլը մեր մասին
Հայաստանի նոր իշխանությունների դեմ հակաքարոզչությունը փուլային տարբերակով հողեր հանձնելու թեմայից սահուն անցում կատարեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ճակատ։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ իբրև թե Հայաստանի նոր իշխանությունների պատճառով մենք զրկվել ենք Եվրամիության մակրոտնտեսական ծրագրով աջակցություն ստանալու հնարավորությունից. «Ապրիլի 22-ին Եվրոպական հանձնաժողովը տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ առաջարկվում է 3 միլիարդ եվրոյի չափով մակրոտնտեսական աջակցություն տրամադրել հարևանության և ընդլայնման քաղաքականության շրջանակներում ԵՄ գործընկեր 10 երկրներին։ Աջակցության նպատակն է օգնել այդ երկրներին՝ սահմանափակել կորոնավիրուսային համաճարակի բացասական տնտեսական հետևանքները։ ԵՄ աջակցությունը տրամադրվելու է «Եվրոպայի թիմ»՝ Team Europe ռազմավարության շրջանակներում «մակրոտնտեսական աջակցություն» (MFA) գործիքի միջոցով։ Մասնավորապես այս աջակցությունից օգտվող երկրների շարքում են Վրաստանը՝ 150 մլն եվրո, Մոլդովան՝ 100 մլն եվրո, Ուկրաինան՝ 1,2 մլրդ եվրո, ինչպես նաև Ալբանիան, Մոնտենեգրոն, Կոսովոն և այլն»։
Եվ քանի որ Հայաստանն այս ցանկում չկա, պարոն Աշոտյանը սա ներկայացրել է որպես Հայաստանի դիվանագիտության տապալում, ՀՀ-ԵՄ հարաբերությունների ձախողում։ Եվ հանուն արդարության ՀՀԿ փոխնախագահը իր գրառման մեջ հիշեցրել է, որ Եվրամիությունը մի քանի այլ խոշոր օգնության ծրագրեր է հատկացրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, սակայն իր նշածն ամենախոշորն է, որից Հայաստանը դուրս է մնացել։
Թեմային շատ դիպուկ պատասխան է տվել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Վերջինս համոզմունք է հայտնում, որ այս աջակցությունը չէր կարող հասցեագրված լինել Հայաստանին՝ ելնելով ԵՄ-ՀՀ համագործակցության կարգավիճակից:
«Եվրամիությունից դուրս բոլոր 10 շահառու երկրները կա՛մ ԵՄ անդամության թեկնածու են, կա՛մ ունեն ԵՄ-ի հետ այս կամ այն անվանումով ազատ առևտրի պայմանագրեր և արդեն իսկ մասնակցում էին «մակրոտնտեսական աջակցություն» (MFA) ծրագրերին։ Կարևոր է նշել, որ աջակցությունը վարկային տեսքով է։ 2011-2012 թվականների գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքով նման աջակցությունը Հայաստանը ստացել էր այն փուլում, երբ ակտիվ բանակցում էր ԵՄ-ի հետ Ասոցացման, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի տարածքի (DCFTA) մասին համաձայնագիրը և չէր անդամակցում ԵԱՏՄ-ին: Այսինքն՝ սա ոչ թե նոր գործիք է, այլ եղած գործիքի համար COVID-19-ի պայմաններում լրացուցիչ հատկացում։ Համոզված եմ՝ ներկայում Հայաստանի չմասնակցելը MFA-ում պայմանավորված է ոչ թե այսօրվա կառավարության գործունեությամբ, այլ նախկին իշխանությունների կողմից 2013-ին Ասոցացման համաձայնագրից հրաժարումով, 2015-ին ԵԱՏՄ մտնելով և 2017-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բովանդակությամբ»,- գրել է Նավասարդյանը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Աշոտյանի դիտարկումները ցինիզմ որակեց: «Դա պետական մակարդակով ձախողում էր, որը տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։ Իրավիճակը շատ պարզ է։ Մակրոտնտեսական աջակցություն ստացել են այն երկրները, որոնք Եվրամիության անդամության թեկնածու են, կամ որոնք Եվրամիության հետ ունեն Ազատ առևտրի համաձայնագիր։ Իսկ Ազատ առևտրի համաձայնագիր ունեն Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան։ Ազատ առևտրի համաձայնագիր համարյա թե ստորագրում էր Հայաստանը, եթե Սերժ Սարգսյանը դա «վարի չտար»։ Սա Սերժ Սարգսյանի, Արմեն Աշոտյանի իշխանության ապաշնորհ, խայտառակ քայլերի արդյունք է։ Ես չգիտեմ՝ սա ցինի՞զմ համարեմ, թե՞ լկտիություն։ Աշոտյանը նոր իշխանություններին մեղադրում է մի բանի մեջ, որի մեղավորն իրենք են»,- ասաց մեր զրուցակիցը։
Շարունակելով՝ Իոաննիսյանն ասաց. «Այսինքն՝ իրենք Հայաստանին նման հնարավորությունից զրկեն, հետո նոր իշխանություններին մեղադրեն, որ Հայաստանը չունի՞ այդ հնարավորությունները։ Ցինիզմի գագաթնակետն է, մարդ ապշում է իրենց ցինիզմից»։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Սերժ Սարգսյանի հայտնի որոշման արդյունքում մենք Եվրամիության հետ չունենք Ազատ առևտրի համաձայնագիր, և սա հենց այդ որոշման հետևանքն է. «Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, ու նման երկրները չեն կարող Ազատ առևտրի համաձայնագրեր ունենալ այլ երկրի հետ։ Դա հակասում է հենց Մաքսային միության կանոններին։ Հենց ԵԱՏՄ-ին անդամակցությունը խանգարեց, որ մենք ստորագրենք Ազատ առևտրի համաձայնագիրը, որն այն ժամանակ կոչվում էր ԽՀԱԱԳ համաձայնագիր։ Շատ պարզ է՝ չստորագրեցինք ու հիմա չենք օգտվում այդ աջակցությունից։ Իրենք ո՞ւր են խոսում, փոխանակ մենք իրենց ամոթանք տանք, որ չենք օգտվում այդ հնարավորությունից, իրե՞նք են խոսում։ Թող սսկվեն տեղները, ցինիզմն էլ չափուսահման կունենա»։
Մարիամ Գրիգորյան