- 9 Հունիսի, 2020
- Օգտակար նյութեր
«Ազգային ինքնագիտակցության և ազգայնականության շուրջ պաշտոնական դիսկուրսը» ուսումնասիրությունը մաս է կազմում «Պետական գործիչների կողմից ներկայացվող հավաքական հիշողության բովանդակությունը» հետազոտական նախագծի, որն իրականացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից։
Հետազոտական նախագծի այս մասում ներկայացում են ազգայնականության և ընդհանրապես՝ ազգային ինքնագիտակցության վերբարյել Հայաստանի Հանրապետության երեք նախագահների արած հայտարարությունները և ունեցած մոտեցումները։
Մասնավորապես, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք նախագահների նախագահության օրոք ազգայինի և ազգային գաղափարախոսության շուրջ նախագահական պաշտոնական դիսկուրսն ունի հստակ տարբերություններ։ Առավել տարբեր են Լևոն Տեր-Պետրոսյանի և հաջորդ երկու նախագահների մոտեցումներն ազգային գաղափարախոսության և հայի ազգային կերպարի վերաբերյալ։
Այսպես՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հերքում է ազգային գաղափարախոսությունը՝ այն անվանելով կեղծ կատեգորիա, ապա Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարած կուսակցության ելույթներում ոչ միայն չի հերքվում ազգային գաղափարախոսության գոյության հավանականությունը, այլ նաև հային վերագրվում է որոշակի ազգային կերպար։ Այդ ազգային կերպարին որոշակի հատկանիշներ վերագրվել են դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք։
Հարկ է նշել նաև, որ այս ամենից զատ, սույն հետազոտությունը հիմք է տալիս պնդելու, որ թերթային արխիվների վերլուծությունն ունի մեծ կարևորություն՝ ազգային գաղափարախոսության կազմավորման գործընթացների վերլուծության համար։
«Պետական գործիչների կողմից ներկայացվող հավաքական հիշողության բովանդակությունը» հետազոտական նախագծի շրջանակներում ուսումնասիրվել են նաև Հայաստանում անկախությունից ի վեր Հայոց ցեղասպանության, Արցախյան հիմնահարցի, Հայաստանում մարդու իրավունքների և խորհրդային անցյալի վերաբերյալ պաշտոնական դիսկուրսների զարգացումն ու նշված թեմատիկ ուղղություններով հավաքական հիշողության ձևավորման տրամաբանությունը։
«Ազգային ինքնագիտակցության և ազգայնականության շուրջ պաշտոնական դիսկուրսը» հոդվածը կարող եք կարդալ այս հղումով։