- 28 Օգոստոսի, 2023
- Օգտակար նյութեր
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հայտարարությամբ 2023 թվականը «Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի» հռչակելուց հետո հետաքրքիր է հետևելը, թե ինչպես է ընթանում ոստիկանության աշխատանքն այս կարևոր գործում։
Ըստ այդմ, ստորև ամփոփում ենք, թե ինչ թմրանյութեր է առգրավել ՀՀ ոստիկանությունը 2023-ի հունվար-փետրվար ամիսներին․ ամենաշատ առգրավվածները ներկայացնում ենք գրաֆիկում։
Ինչպես տեսնում ենք, վիճակագրության ամբողջ պատկերը փոխվում է մարիխուանա/կանեփ տեսակի թմրանյութերի առգրավման քանակներով՝ 17․5 կգ, այնինչ առգրավված՝ առողջությանն առավել վտանգ հասցնող սինթետիկ թմրամիջոցներն ընդամենը մի քանի տասնյակ գրամ են։ Թերևս, չնչին չափով շատացել են միայն այդքան աղմուկ բարձրացրած մետամֆետամին տեսակի թմրանյութի առգրավման քանակները՝ 250 գրամ, որը նույնպես բավականին ցածր ցուցանիշ է։
Այսինքն, ոստիկանության առգրաված թմրանյութերի ընդհանուր քանակի մեծ մասը կազմում է թեթև տեսակի թմրանյութ հանդիսացող մարիխուանան կամ կանեփը։
Չնայած ոստիկանությունից ստացած մեր տվյալները վերաբերում են միայն տարվա առաջին երկու ամիսներին կատարված աշխատանքին, այնուամենայնիվ, օգոստոսի 2-ի ոստիկանության պաշտոնական հրապարակումից տեղեկանում ենք, որ ոստիկանները 94 խուզարկությունից հետո կալանավորել են 7 անձանց և հայտնաբերել են ավելի քան 1 կգ մարիխուանա և ընդամենը մոտ 124 գրամ մետամֆետամին։ Գտնված թմրանյութերի քանակներն անհամեմատելի են խուզարկությունների ահռելի թվի հետ։
Համեմատության համար ներկայացնենք 2018-2022 թթ․ առգրավված թմրանյութերի տարեկան քանակները, որոնք ամփոփել էինք նաև «Մարիխուանայի ապաքրեականացումը կարող է օգնել ծանր թմրանյութերի օգտագործման դեմ պայքարին» նյութում։
Գրաֆիկից կրկին համոզվում ենք, որ մարիխուանայի/կանեփի առգրավման քանակները անհամեմատ մեծ են, ի տարբերություն վտանգավոր սինթետիկ թմրանյութերի քանակների։ Մասնավորապես, տարեկան կտրվածքով, 2018 թվականին առգրավվել է 135 կգ թմրանյութ, որից 52 կգ-ը՝ մարիխուանա/կանեփ, 2019 թ․՝ 162 կգ, որից 127-ը՝ մարիխուանա/կանեփ, 2020 թ․-ին՝ 115 կգ, որից 70-ը՝ մարիխուանա/կանեփ, 2022 թվականին՝ 119 կգ, 83-ը՝ մարիխուանա/կանեփ, և միայն 2021 թ․-ին է պատահել, երբ առգրավված հերոինի քանակը 447 կգ-ի է հասել։ Ուշագրավ է, որ 2021 թվականն առաջին տարին էր, ինչ մեկնարկել էին ոստիկանության բարեփոխումները:
Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանը միացել է Սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային Կոալիցիային, որի շրջանակներում հուլիսի 7-ին տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած առցանց հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել է 79 երկիր՝ հանձինս արտաքին գործերի, առողջապահության, ներքին գործերի նախարարների, սենատների և խորհրդարանների ղեկավարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Հանդիպումը բացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Մինչդեռ Հայաստանից բարձր մակարդակի այս հանդիպմանը մասնակցել և խոսքով հանդես է եկել միայն ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Սարգսյանը, մասնավորապես, կարևորել է կոալիցիայի շրջանակներում համագործակցությունը՝ հատկապես ուղղված հանրային առողջության մոտեցումների և վնասների նվազեցման ռազմավարությունների առաջնահերթության սահմանմանը, ապացույցների վրա հիմնված բուժման և վերականգնման ծառայությունների հասանելիության ապահովմանը, ինչպես նաև թմրամիջոցների օգտագործման բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար վնասի նվազեցման միջոցառումների իրականացմանը։
Վնասի նվազեցմանն ուղղված այս բոլոր ցանկությունները գնահատելի են, սակայն պրակտիկայում սինթետիկ թմրանյութերի դեմ պայքարի բոլորովին այլ պատկերի ենք բախվում, որի մասին խոսենք ստորև։
Ծանր թմրանյութերի շրջանառության պատկերը
Վերջին դեպքերով ականատես ենք լինում Հայաստան ներկրվող ծանր թմրանյութերի քանակների մասին տեղեկատվությանը, որին մեծամասամբ պարտական ենք այլ երկրների իրավապահ մարմիններին։
Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը և մաքսավորներն ավելի քան 2․7 տոննա բարձր մաքրության կոկաին են առգրավել Սիցիլիայի Ջոյա Տաուրո նավահանգստում, որը նախատեսված էր բանանի արկղերով Հայաստան տեղափոխվելու համար։
Լուրի տարածման հաջորդ օրը՝ մայիսի 17-ին, ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց Հայաստան ներկրված շուրջ մեկ տոննա քաշով կոկաինի մասին։ Ներկրող կազմակերպությունը նախկին ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ առնչվող «Մրգենի» ընկերությունն էր, որի ներմուծումների և գնման բաժնի պետն էլ դեպքով կալանավորվեց։ Միհրան Պողոսյանը բացահայտումից հետո հանդես եկավ վիդեոուղերձով, որտեղ հերքեց կոկաինի ներկրման կապն իր անձի և կազմակերպության հետ՝ պարզաբանելով, որ «Մրգենին» իր մտերիմի ընկերությունն է, իսկ գնման բաժնի պետը ինքն է ներկայացել ԱԱԾ՝ կոկաինը հայտնաբերելուց անմիջապես հետո։
Մայիսի 25-ին հայտնի դարձավ ևս մեկ դեպք՝ Վրաստանի Փոթի նավահանգստում վրացի իրավապահների կողմից Իրանից Հայաստանով եկած բեռնատարում հայտնաբերված 80 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոցի մասին։
Այսինքն, այլ երկրների իրավապահները հայտնաբերում ու բացահայտում են Հայաստանում ծանր թմրանյութերի՝ ահռելի քանակներով շրջանառման դեպքեր:
Ինչո՞վ է զբաղված Հայաստանի ոստիկանությունը
Հայտնի է «Պոլիգրաֆ» ակումբում հայտնաբերված թմրամիջոցների և ոստիկանության կողմից 41 բերման ենթարկված անձանց հանդեպ բռնության և խոշտանգումների մասին դեպքը։ Նախ, Քննչական կոմիտեի կողմից հայտարարվել էր, որ «օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ակումբում ապօրինի իրացվել են «Մետամֆետամին», «Էքստազի», «LSD» և այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ»։ Ապա՝ ներքին գործերի նախարարը նույնպես հայտարարել էր 4 անձից տարբեր թմրանյութերի առգրավման մասին։
Սակայն, ինչպես պարզել էր «Փաստերի ստուգման հարթակը», ձերբակալված 41 անձանցից 3-ի մոտ դատաքիմիական փորձաքննության արդյունքում հաստատվել է գումարային առումով ընդամենը 3․6 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցների հայտնաբերման փաստը։ Հաղորդագրության մեջ նշված մետամֆետամին, էքստազի և LSD թմրանյութերն ակումբում չէին հայտնաբերվել:
Ռեյդի էր ենթարկվել նաև «Բան» ակումբը, որտեղ հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը, նույն կերպ, ինչ «Պոլիգրաֆում», բռնության և խոշտանգումների ուղեկցությամբ, իրավապահներն արդեն մի փոքր ավելի շատ թմրանյութեր էին հայտնաբերել։ Ըստ մեր հարցման պատասխանի՝ ոստիկաններն այցելել էին ակումբ բարձր ձայներից բողոքների խնդրանքով և ձերբակալել 37 անձանց, որոնցից 1-ի մոտ հայտնաբերվել էր պոլիէթիլենային փաթեթով մետամֆետամին տեսակի թմրանյութ, իսկ վայրի զննությամբ հայտնաբերվել էին դեղնականաչավուն զանգվածներ, որոնք, ըստ փորձաքննության, մետամֆետամին և մարիխուանա էին եղել։
Ստացվում է, որ ոստիկանությունը տեղյակ չէ Հայաստանում տոննաներով շրջանառվող հերոինի և կոկաինի մասին, փոխարենը նախընտրում է հատուկ օպերացիաներով գրոհել գիշերային ակումբները՝ ոտնահարելով այցելուների և անձնակազմի հիմնարար իրավունքները, նվաստացնելով, սեռական ոտնձգություններ իրականացնելով և մերկացնելով, վիրավորանքներով և այցելուների սեռական կողմնորոշման հիմքով բռնություն կիրառելով և ծաղրելով: Թերևս, այդպիսով փորձ է արվում ստեղծել «փայլուն ու պրոֆեսիոնալ գործողությունների» իմիտացիա, իսկ տեղի ունեցած խոշտանգումներն արդարացվում են որպես օպերատիվ հնարքներ։
Մինչդեռ, նույն ոստիկանությունը, թերևս, ոչ մի գործողություն չկատարեց «Օֆիս» ակումբում անչափահասին սինթետիկ թմրանյութեր (մեֆեդրոն, մետամֆետամին) պարտադրելու և բռնաբարության դեպքի առթիվ։
Ստացվում է՝ ինչ-որ օպերատիվ տվյալների հիմքով ինչ-որ ակումբներ կարելի է ռեյդ անել, իսկ ինչ-որ ակումբներ՝ ոչ՝ ի հեճուկս հանրության և տուժողների կողմից տարածվող տեղեկությունների։
Պայքարի իմիտացիա՝ ոստիկանական բռնություններով
Ամերիկյան «Թմրանյութերի դեմ պատերազմ» (War on drugs) արշավի ընթացքում նույնպես տարիներ շարունակ ահագնացել էր ոստիկանության բռնի ուժի կիրառումը, և հատկապես՝ ամերիկյան հասարակության մեջ ճնշված կամ փոքրամասնություն կազմող խմբերի հանդեպ՝ սևամորթներ, հիպպիներ, ԼԳԲՏՔ+ մշակույթի ներկայացուցիչներ: Ընդ որում, այդ արշավը չէր նվազեցրել թմրանյութերի և հատկապես՝ սինթետիկ տեսակների շրջանառության և իրացման քանակները երկրում, փոխարենը ավելացրել էր հիմնականում ռասայական բնույթի բռնությունն իրավապահների կողմից։
Ստացվում էր, որ քրեական պայքարի այս ձևը ոչ միայն արդյունավետ չէր, այլև հեռացնում էր իրավապահներին թմրանյութեր օգտագործող անձանցից (բռնի պայքարի անարդյունավետության մասին մանրամասն կարող եք ծանոթանալ մեր նյութում)՝ կենտրոնացնելով նրանց ենթադրյալ օգտագործող անձանց որսի, պատժի և նրանց հանդեպ բռնության վրա։
Փաստորեն, պատմությունը կրկնվում է ավելի փոքր մասշտաբներով՝ Հայաստանում․ ուղղակի, մեզ մոտ տուժող փոքրամասնություններն էլեկտրոնային երաժշտության մշակույթի և ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչներն էին, ոչ թե սևամորթներն ու հիպպիները։
Ընդհանրապես, վերջին տարիների ընթացքում Հայաստանում ահագնացել են ոստիկանական բռնության դեպքերը։ 2022 թ․-ին դեպքերի աճն արձանագրել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ կատարված մշտադիտարկման արդյունքներով: Դրանց համաձայն, ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը կրկնակի, իսկ հավաքների ընթացքում՝ ավելի քան երեք անգամ գերազանցել են հետհեղափոխական ամենացածր՝ 2019 թ․ ցուցանիշը։
Ավելացել են նաև անչափահասների հանդեպ բռնության դեպքերը։
Ընթացիկ տարվա ընթացքում ոստիկանները ծեծի են ենթարկել նույնիսկ փաստաբանների, ինչը, ըստ ՀՀ փաստաբանների պալատի տված տվյալների, աննախադեպ էր նախորդող 10 տարիների ընթացքում։
Ահագնացող ոստիկանական բռնությունների մասին բազմիցս է բարձրաձայնվել լրատվականների և քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից՝ չստանալով ոչ մի արձագանք իրավասու մարմիններից։ Իսկ մարդու իրավունքներով զբաղվող ամենագլխավոր կառույցը՝ ՄԻՊ գրասենյակը, հնարավորինս խուսափում է այս դեպքերին համապատասխան արձագանք տալուց՝ արժեզրկելով խնդիրը և ընդամենը ոստիկաններին վերապատրաստելու կարիքի մասին խոսելով։
Թմրանյութերի դեմ պայքարի ռազմավարության քննարկում
Հունիսին ոստիկանությունը հրավիրել էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ռազմավարության քննարկման նպատակով։ Նախ, ողջունելի է ոստիկանության կողմից նման նախաձեռնությունը, սակայն գործնականում դրա արդյունավետությունը դեռևս չի արտահայտվել։
Մասնավորապես, հանդիպման ժամանակ քննարկվեցին թմրանյութերի դեմ պայքարի այն բոլոր բացերը, որոնք ներկայացված են այս նյութում, այդ թվում՝ ոստիկանական բռնությունների անհանգստացնող թիվը և դրա փոխարեն վնասի նվազեցման վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը։
Քննադատվեց այն, որ թմրանյութերի դեմ պայքարը տեղի է ունենում քրեական հետապնդման միջոցով, ոչ թե հանրային առողջության ամրացման հիմքով, ինչով էլ արդարացվում է իրավապահների կողմից անհարկի ուժի կիրառման դեպքերը։
Այս դիտարկումներին ոստիկանության պատասխանն այն էր, որ «գտնված յուրաքանչյուր գրամ թմրանյութն առաջնահերթություն է»։ Այսինքն, լսում ենք նույն կրկնվող նարատիվը․ 1 գրամ թմրանյութ գտնելու համար ոստիկանների կատարած բռնությունն արդարացված է ուժայինների աչքերում։
Անդրադարձ կատարեցինք նաև այն մասին, որ ոստիկանությունը հիմնականում գտնում է միայն մարիխուանա կամ կանեփ տեսակի թմրանյութեր, մինչդեռ ավելի ծանր սինթետիկ թմրանյութերի քանակներն ավելանում են։ Ինչին արձագանքը պարզ էր՝ կանեփ և մարիխուանա գտնելը հեշտ է․ որքան շատ է շրջանառությունը, այնքան շատ են առգրավման քանակները։
Ռազմավարությամբ հատուկ միջոցներ չեն նախատեսվում կոնկրետ ծանր սինթետիկ թմրանյութերի դեմ պայքարի համար։ Հիրավի՝ ինչո՞ւ խորանալ խնդրի մեջ, եթե փոխարենը նախընտրելի է գտնել շատ քանակի թեթև թմրանյութեր և ցույց տալ, որ ակտիվ աշխատանք է արվում։
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ ներկայացուցիչները քննարկման ժամանակ ներկայացրեցին մեկ այլ խնդիր․ ըստ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի իրականացրած հետազոտության՝ Հայաստանում կան առնվազն 15 հազար ներերակային թմրանյութեր օգտագործող անձինք, որոնցից մոտ 600 հոգին մեթադոնային անվճար բուժման (մեթադոնային փոխարինող բուժումը ափիոնային նյութերից (ինչպիսին է հերոինը) կախվածության դեմ անվճար ամբուլատոր բուժում է մեթադոն տեսակի թմրամիջոցի նշանակմամբ։ Մեթադոնային բուժում ստանալու համար հիվանդները դիմում են Առողջապահության նախարարության Նարկոլոգիական հանրապետական կենտրոն) կարիք ունի, որը չի ապահովվում պետության կողմից։ ՀԿ ներկայացուցիչներն անհանգստություն հայտնեցին այն մասով, որ մեթադոնային բուժման կարիք ունեցող մարդիկ աստիճանաբար դիմում են սև շուկային՝ որպեսզի ստանան օրենքով իրենց հասանելի դեղաչափը, իսկ ոստիկանությունը պատժում է օգտագործողին՝ ճնշելով, ոչ թե վնասի նվազեցման ուղղությամբ աշխատելով, ինչը կարևոր է կախվածություն ունեցող անձանց հետ աշխատանքում։ Սրան նույնպես ոստիկանությունն արձագանքեց խնդիրն իրենց ոլորտում չհամարելով՝ ուղղորդելով դեպի Առողջապահության նախարարություն, և հայտնելով, որ ոստիկանությունն առաջնորդվում է այն կանխավարկածով, որ «թմրանյութերի 10 օգտագործողից առնվազն 7-ը նաև վաճառող է»։ Թե ինչպե՞ս կարելի է ստուգել ձևավորված այս վարկածը՝ մեզ պարզ չէ։
Այսպիսով, որքան էլ ողջունելի են ոստիկանության՝ քաղաքացիական հասարակության հետ համագործակցելուն ուղղված նման քննարկումները, միևնույնն է՝ տեսնում ենք, որ համակարգը պատրաստ չէ գործուն քայլեր կատարելու առկա խնդիրները շտկելու և արդյունավետ պայքարի դիմելու ուղղությամբ։
Լիլիթ Ղազարյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»