Հայաստանի հին և նոր Ազգային անվտանգության ռազմավարությունների համեմատական վերլուծություն

Հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունվել է երկրի Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Փաստաթղթի շուրջ աշխատանքները սկսվել էին դեռ 2019 թվականին: Դրանց մասնակցել են երկու տասնյակից ավել պետական գերատեսչությունների աշխատակիցներ, ինչպես նաև փորձագիտական դաշտի մի շարք ներկայացուցիչներ:

Համաշխարհային զարգացումները

Հայաստանի նախորդ Ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվել էր 2007 թվականին` Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին տարում: Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում ռազմավարությունը չէր թարմացվել: Մինչդեռ 2007 թվականից ի վեր աշխարհում և տարածաշրջանում փոփոխվել են ինչպես մարտահրավերները, այնպես էլ աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակը: Վերջին 13 տարիների ընթացքում աշխարհում և տարածաշրջանում տեղի են ունեցել մի շարք շրջադարձային իրադարձություններ, որոնք չէին կարող ազդեցություն չունենալ անվտանգության ոլորտում Հայաստանի մոտեցումների վրա:

2007 թվականի փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում Վլադիմիր Պուտինի հայտնի ելույթով մեկնարկեց Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայության նոր փուլը, որը զգալիորեն նվազեցրեց մանևրի դաշտը Հայաստանի համար: Դրան հետևած 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմը ևս լրջագույն մարտահրավեր էր Հայաստանի և տարածաշրջանային կայունության համար: 2007 թվականից հետո Հայաստանը հասցրել է անդամակցել նոր միջազգային կազմակերպության` Եվրասիական  տնտեսական միությանը, փոխել կառավարման համակարգը և կատարել ժողովրդավարական անցում:

Վերջին 13 տարիների ընթացքում փոխվել է նաև Ադրբեջանի մարտավարությունը Ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Բաքուն այդ ընթացքում հսկայական միջոցներ էր ծախսում արդիական սպառազինության ձեռքբերման համար, որը այնուհետև օգտագործվում էր հայկական կողմերի նկատմամբ ռազմական ճնշում գործադրելու միջոցով բանակցային սեղանին առավելություն ստանալու նպատակով: Այս մարտավարությունը առավել հայտնի է «ռազմական դիվանագիտություն» անվանմամբ և իր գագաթնակետին էր հասել 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ:

Այս ընթացքում զգալիորեն փոփոխվել են նաև համաշխարհային քաղաքական ու տնտեսական տենդենցները: Տնտեսական ճգնաժամները և գլոբալիզացիայի արդյունքում արդյունաբերական աշխատատեղերի արտահոսքը դեպի ավելի էժան աշխատուժի շուկա ունեցող երկրներ արևմտյան հասարակություններում ստեղծել են այնպիսի տրամադրություններ, որոնցից օգտվել են ձախ և աջ ուղղվածություն ունեցող պոպուլիստական շարժումները և գործիչները: Դա, իր հերթին, սկիզբ է դրել իզոլյացիոնիստական մոտեցումների տարածմանը արևմտյան մայրաքաղաքներում, ինչը իր արտացոլումն է ունեցել նաև մեր տարածաշրջանում` վտանգելով գոյություն ունեցող աշխարհաքաղաքական բալանսը:

Այս ամենի ֆոնին ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունումը կենսական անհրաժեշտություն էր դարձել Հայաստանի Հանրապետության համար: Ակնհայտ է նաև, որ ներհայաստանյան և միջազգային նման արմատական տեղաշարժերի արդյունքում պիտի փոխվեին նոր ռազմավարության մեջ տեղ գտած մոտեցումները և շեշտադրումները: Այդ առումով հետաքրքրական է իրականացնել 2007 և 2020 թվականներին ընդունված փաստաթղթերի համեմատական վերլուծություն:

Ի՞նչն է մնացել նույնը

Թե 2007 թվականի, թե 2020 թվականի փաստաթղթերում Հայաստանի գլխավոր անվտանգային սպառնալիքներից մեկն են համարվում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը և դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի հավանականությունը, ինչպես նաև Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը հակամարտությանը:

Երկու փաստաթղթերում էլ որպես սպառնալիքներ են դիտարկվում ռազմավարական դաշինքների թուլացումը և դրանց անդամ պետությունների միջև տարաձայնությունների խորացումը: Խոսքը, բնականաբար, վերաբերում է ՀԱՊԿ-ին: Հատկանշական է, որ և՛ հին, և՛ նոր ռազմավարությունների մեջ շեշտվում է ՀՀ դաշնակից համարվող երկրների կողմից Հայաստանի շահերին հակասող գործողությունների անթույլատրելիությունը: Հին և նոր ռազմավարությունների մեջ ազգային անվտանգության սպառնալիքներ են համարվում նաև ահաբեկչությունն ու անդրազգային հանցավորությունը, տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի մեկուսացումը, երկրի ներսում ժողովրդագրական խնդիրները, սոցիալական անհավասարությունն ու աղքատությունը:

Հիմնական փոփոխությունները

2020 թվականի ռազմավարության մեջ տեղ գտած նոր սպառնալիքներն արտացոլում են Հայաստանում և աշխարհում վերջին 13 տարիների ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները: Այսպես, Հայաստանի անվտանգային միջավայրի համար լուրջ մարտահրավերներ են համարվում միջազգային անվտանգային համակարգերի թուլացման միտումները, խոշոր տերությունների միջև մրցակցության աճը, սպառազինությունների վերահսկման ռեժիմների թուլացումը և սպառազինությունների մրցավազքի ուժեղացումը, բազմակողմանի հարթակների թուլացումը, հակամարտություններն ուժի կիրառմամբ լուծելու ձգտումը և այդ ամենի արդյունքում տարածաշրջանային որոշ պետությունների հավակնությունների աճը:

Նոր ռազմավարության հիմք հանդիսացող գլխավոր սկզբունքներն են ինքնիշխանությունը, ինքնաբավությունը և համահայկականությունը: Փաստաթղթի ներածության 1.1 կետում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության (ԱԱՌ) գլխավոր նպատակը Հայաստանի և ՀՀ քաղաքացիների անվտանգ և առաջանցիկ զարգացման ու բարեկեցության ապահովման համար ուղենիշների սահմանումն է՝ հիմնվելով անկախ, ինքնիշխան և հզոր Հայաստանի Հանրապետության վրա՝ որպես այս նպատակի իրագործման երաշխավոր և աշխարհասփյուռ հայ ժողովրդի հայրենիք»: Այս սկզբունքները կարմիր թելով անցնում են ողջ տեքստի միջով: Ինքնիշխանության վրա առանձնահատուկ շեշտադրությունը նոր փաստաթղթի գլխավոր տարբերությունն է հնից:

Այսպես, արտաքին քաղաքականությանը նվիրված բաժնում 2007 թվականի փաստաթղթի մեջ նշվում է, որ Հայաստանն իր արտաքին անվտանգության ռազմավարությունն իրականացնում է` առաջնորդվելով երկու հիմնական սկզբունքով. փոխլրացում և ներգրավվածություն: Նոր ռազմավարության մեջ ասվում է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները իրականացնում է երեք հիմնարար սկզբունքների հիման վրա. ինքնիշխանության, համահայկականության և փոխգործակցության: Հին փաստաթղթի պարագայում տեսնում ենք, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը դիտարկվում է որպես ուժային կենտրոնների միջև մանևրելու ունակություն, և մեծ հաշվով արձանագրվում է, որ այդ կենտրոնների պահվածքն ու դիրքորոշումներն են կանխորոշում Հայաստանի գործողություններն արտաքին քաղաքական դաշտում: Նոր ռազմավարության մեջ երկրի արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունքները հայաստանակենտրոն են: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է կարևորել միջազգային գործընկերների հետ փոխգործակցությունը, սակայն այդ փոխգործակցության մեջ առաջնային սկզբունք է անվանում Հայաստանի ինքնիշխանությունը:

Նոր ռազմավարության մեջ արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխվել: Ե՛վ հին, և՛ նոր փաստաթղթերի մեջ Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններին, ինչպես նաև Ռուսաստանի առաջնորդությամբ գործող միջազգային կազմակերպություններին անդամակցությանը: Միևնույն ժամանակ կարևորվում է սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի, Եվրամիության, արևմտյան այլ կառույցների, ինչպես նաև տարածաշրջանային երկրների հետ (մասնավորապես՝ Իրանի և Վրաստանի):

Սակայն հին ռազմավարության մեջ օգտագործված բառապաշարի մեջ զգացվում է ինքնիշխանության դեֆիցիտ: Դա հատկապես ակնառու է Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ հարաբերությունների մասին բաժնում: 2007 թվականի փաստաթղթի մեջ հայ-ռուսական հարաբերությունների մասին փոքր հատվածում երկու անգամ  նշվում է, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղում Հայաստանի անվտանգության ապահովման հարցում: Նոր փաստաթղթի մեջ նմանատիպ ձևակերպումներ չկան: Հայաստանը շարունակում է արտաքին քաղաքական առաջնահերթություններից համարել Ռուսաստանի հետ «ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների կայուն խորացումն ու ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, պաշտպանական, անվտանգային և մշակութահումանիտար ոլորտներում», սակայն շեշտում է, որ այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն միմյանց շահերը փոխադարձաբար հաշվի առնելու և իրավահավասարության սկզբունքների վրա:

Արցախը

Ազգային անվտանգության նոր ռազմավարության քննադատները, որոնք հիմնականում ՀՀ նախկին իշխանությունների ներկայացուցիչներն ու նրանց աջակիցներն են, թիրախավորում են հատկապես փաստաթղթի՝ Արցախյան հիմնահարցին նվիրված հատվածը: Գլխավոր քննադատությունն այն է, որ 2007 թվականի ռազմավարության մեջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» վերտառությամբ բաժին կար, իսկ նոր փաստաթղթում Արցախի և Արցախյան հիմնահարցի մասին խոսվում է «Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովումը» գլխում: Սա, իհարկե, բավականին թույլ փաստարկ է, քանի որ գոյություն չունի Արցախի անվտանգության առանձին խնդիր: Գոյություն ունի Հայաստանի անվտանգության խնդիր, ինչի բաղկացուցիչ մասն են նաև Արցախն ու Արցախյան հիմնահարցը: Հայ-ադրբեջանական սահմանի վերջին բախումներն այս թեզի լավագույն ապացույցն են:

Բացի այդ, Արցախի խնդրի ներառումը Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ գլխում արտացոլում է նաև ՀՀ կառավարության կողմից վերջին երկու տարում արցախյան ուղղությամբ իրականացվող քաղաքականության էությունը: Այդ քաղաքականությունը կարելի է անվանել «դե յուրե` ստատուս քվոյի պահպանում, դե ֆակտո` ինտեգրման խորացում»: Այսինքն, ՀՀ իշխանություններն Արցախի հետ կապված իրավաքաղաքական հարցերում կտրուկ քայլեր չեն ձեռնարկում, սակայն փոխում են իրողությունները տեղում` խորացնելով Արցախի ինտեգրացիան Հայաստանի Հանրապետության հետ: Այս քաղաքականությունը արտահայտվում է արցախյան և հայաստանյան տարբեր գերատեսչությունների համագործակցության աննախադեպ խորացմամբ, երկու երկրների անվտանգության խորհուրդների արդեն իսկ ավանդական դարձած համատեղ նիստերով, ՀՀ կառավարության կողմից Արցախը Հայաստանին կապող նոր ռազմավարական ճանապարհի կառուցմամբ և այլն:

Ինչ վերաբերում է արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արտահայտված թեզերին, ապա նոր ռազմավարությունն այս հարցում ևս 2007 թվականի փաստաթղթի համեմատ մի քայլ առաջ է գնացել: Երկու փաստաթղթերում էլ խոսվում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է: Թե՛ հին, թե՛ նոր ռազմավարությունների մեջ հստակ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Սակայն եթե հին ռազմավարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է աշխարհագրական կապ ունենա Հայաստանի հետ, ապա նոր ռազմավարության մեջ խոսվում է Հայաստանի Հանրապետության հետ «ապահով, անվտանգ և բազմազանեցված փոխկապակցվածության համակարգի» մասին: Ակնհայտ է, որ հին փաստաթղթում նկատի է ունենվում Մադրիդյան սկզբունքներով և դրանց բաղադրիչներով նախատեսվող Լաչինի միջանցքը, իսկ նորում խոսքը գնում է ոչ թե միջանցքների, այլ տարբեր հատվածներում Արցախը Հայաստանի հետ կապող բազմաթիվ ենթակառուցվածքների կառուցման անհրաժեշտության և լեգիտիմության մասին: Նոր փաստաթղթի մեջ նշվում է նաև, որ  Արցախը պետք է ունենա անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական գծեր: Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները պատրաստ չեն անվտանգության իրական երաշխիքները փոխանակել անվտանգության մասին սին խոստումներով: Այդպիսի ուղերձ է պարունակում նաև Արցախի անվտանգության վերաբերյալ հատվածի վերջում տեղադրված Տիգրանակերտի ամրոցի նկարը: Նկարի ընտրությունը, անշուշտ, պատահական չէ: Տիգրանակերտի ամրոցը գտնվում է ազատագրված Աղդամի մոտակայքում: Եվ սա ուղիղ ակնարկ է Սերժ Սարգսյանի «Աղդամը մեր հայրենիքը չէ» հայտնի հայտարարությանը:

Նոր ռազմավարության կարևոր կետերից է նաև Հայաստանի կողմից Արցախում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների ստանձնումը: Սա բոլորովին նոր մոտեցում է Արցախի նկատմամբ, որի նպատակը ժողովրդավարական լեգիտիմության միջոցով վերջինիս միջազգային սուբյեկտայնության բարձրացումն է: Նոր ռազմավարության մեջ ժողովրդավարությունը համարվում է Հայաստանի անվտանգության ապահովման գլխավոր երաշխիքներից մեկը: Այս մոտեցումն ունի փաստական հենք, քանի որ բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ կայացած ժողովրդավարություններն ավելի կայուն են, քան ոչ ժողովրդավարական ռեժիմները, և պատերազմների դեպքում հաջողության ավելի մեծ հավանականություն ունեն:

Ավելի լայն է

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը շատ ավելի խոր և համապարփակ փաստաթուղթ է: Նոր ռազմավարության մեջ դիտարկվել են ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող բոլոր տեսակի սպառնալիքները և առաջարկվել են լուծումներ: Ի տարբերություն 2007 թվականի ռազմավարության, նոր փաստաթղթի մեջ արձանագրվել են նաև Հայաստանի Հանրապետության ազգային շահերը և ներկայացվել դրանց պաշտպանության բոլոր ռազմական և ոչ ռազմական մեխանիզմները: Սակայն ամենակարևորն այն է, որ Ազգային անվտանգության ռազմավարությունը ձևական բնույթ չունենա, այլ իրավամբ դառնա ուղենիշային փաստաթուղթ անվտանգության քաղաքականության ոլորտում աշխատող բոլոր պետական կառույցների համար, ինչպես նշված է եզրափակիչ դրույթների 8.1 և 8.2 կետերում:

Տիգրան Գրիգորյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող