«Իրազեկ քաղաքացիների միավորումը» Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներում

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», հիմնվելով իր կանոնադրական և ռազմավարական նպատակների վրա, ակտիվորեն մասնակցում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին։

Մասնավորապես, կազմակերպությունը ներգրավվածություն ունի սահմանադրական, հակակոռուպցիոն, ոստիկանության, դատաիրավական ու ընտրական բարեփոխումներում:

Սահմանադրական բարեփոխումներում կազմակերպությունը 2020 թվականի փետրվարից ներկայացված է ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի միջոցով: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացվել են մի շարք հայեցակարգային առաջարկություններ՝ կապված ժողովրդավարական մեխանիզմների և հանրության՝ պետական կառավարման մասնակցության հետ:

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում կազմակերպությունը ևս ներկայացնում է Դանիել Իոաննիսյանը՝ 2019 թվականի հուլիսից: Այս ընթացքում վարչապետի գլխավորությամբ գործող այս խորհրդին ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ կապված հանրային պաշտոնյաների փաստացի օգտագործվող գույքի հայտարարագրման, մեդիա ու քաղաքական կոռուպցիայի և այլ հարցերի հետ:

Ընտրական բարեփոխումների ԱԺ աշխատանքային խումբը գործում է 2020 թվականի մայիսից: Խմբում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացնում է Արտաշես Սերգոյանը: Խմբին են ներկայացվել մի շարք առաջարկներ, և կազմվել է ընտրողների ցուցակների հետ կապված փոփոխության հայեցակարգային առաջարկությունը: Քանի որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» միակն է, որ ներգրավված է թե՛ ընտրական և թե՛ սահմանադրական բարեփոխումներում, կազմակերպությունը նաև փորձում է որոշակի կամուրջ հանդիսանալ այդ երկու մարմինների միջև:

Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում (վարչապետի գլխավորությամբ) կազմակերպության ներկայացուցիչը Դանիել Իոաննիսյանն է: Միաժամանակ, Դանիել Իոաննիսյանը նաև ոստիկանության պարեկային ծառայության ընդունող հանձնաժողովի անդամ է: Իսկ ընդունող հանձնաժողովի ենթակայությամբ գործող հարցազրույցի հանձնաժողովներում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ունի երկու անդամ՝ ի դեմս Արևիկ Սիմոնյանի և Արտաշես Սերգոյանի:

Դատաիրավական բարեփոխումների շրջանակներում ստեղծված դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» առաջադրել էր իրավաբան-գիտնական Անահիտ Մանասյանի թեկնածությունը, որը 2020 թվականի հուլիս ամսին ընտրվել է այդ պաշտոնում դատավորների ընդհանուր ժողովի կողմից:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող