Պետք է գոնե ստեղծել հակակոռուպցիոն դատարաններ, որոնք կզբաղվեն ընտրական հանցագործություններով. Դանիել Իոաննիսյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը։

– Նիկոլ Փաշինյանն օրերս իր ներկայացրած ճանապարհային քարտեզի մեջ խոսում է նաև Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների մասին: Որքանո՞վ է իրատեսական, որ դա հնարավոր է կարճ ժամանակում փոխել, և ի՞նչ պետք է անել դա հասցնելու համար:

– Իրականում «Կուսակցությունների մասին» օրենքի նոր նախագիծն արդեն պատրաստ է, այն խորհրդարանում է: Ընտրական օրենսգիրքը մեծ չափով համարյա պատրաստ է և ես հույս ունեմ, որ այն այս տարի արդեն կմտնի խորհրդարան: Երևի արդեն երկրորդ ընթերցմամբ այն կընդունվի մարտի սկզբին: Իմ հույսը պայմանավորված է նաև նրանով, որ մենք էլ ենք այդ աշխատանքներում ներգրավված և տեղյակ եմ պրոցեսից:

– Այսինքն՝ մինչև մայիս մենք կունենանք թե՛ Ընտրական նոր օրենսգիրքը, թե՛ «Կուսակցությունների մասին» օրենքը, և եթե արտահերթ ԱԺ ընտրությունները նշանակվեն մայիսին, մենք ամբողջովին պատրա՞ստ կլինենք:

– Այո՛, պետք է որ խնդիր չունենանք:

– Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում աշխատանքները շարունակվո՞ւմ են, թե՞ ոչ: Հնարավո՞ր է, որ սկզբում պետք է սահմանադրական փոփոխություններ լինեն, հետո նոր այս փոփոխությունները տեղի ունենան:

– Սահմանադրական հանրաքվեն լավագույն դեպքում կարող է լինել ամռանը: Հիմա այդ պրոցեսը դանդաղ է գնում, այս պահին այդ պրոցեսն անգամ կասեցված է, քանի որ հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի 3 անդամներ զբաղված են ՄԻԵԴ-ում Հայաստանի շահերը ներկայացնելով, պատերազմի հետևանքով խախտված իրավունքների համար պայքարում: Գուցե ինչ-որ բան պետք է վերանայվի: Պատերազմն ավարտվելուց հետո մենք սկսեցինք ինտենսիվորեն աշխատել Ընտրական օրենսգրքի վրա, դանդաղ վերսկսում ենք ոստիկանության ռեֆորմը, որոշ այլ բարեփոխումներ, բայց սահմանադրական բարեփոխումների գործընթացը դեռ կանգնած է:

– Այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարող ենք գնալ միայն Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունմա՞ն արդյունքում, իսկ Սահմանադրության փոփոխությունները կմնան հետո՞:

– Հիմա ես չեմ կանխատեսի, թե երբ կլինեն արտահերթ ընտրություններ, դա դժվար կանխատեսելի բան է, բայց, ամեն դեպքում, եթե խոսքը կես տարվա մասին է, ապա իրատեսական չէ այդ ժամանակում նոր Սահմանադրություն ունենալը: Թեև ասեմ, որ եթե աշխատանքները Սահմանադրության վրա վերսկսվեն այն ինտենսիվությամբ, ինչպես աշխատում են Ընտրական օրենսգրքի վրա, ապա կարող է և հասնենք:

– Ձերն կարծիքով՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ռացիոնալ ժամկետը ե՞րբ է:

– Դա շատ բաներով է պայմանավորված: Դա պայմանավորված է նրանով, թե ինչպիսի քաղաքական զարգացումներ կլինեն, թե ինչպիսի հանրային պահանջ է ձևավորվելու, թե արդյոք կարողանում են իշխանություններն արդյունավետ պայքարել կրիմինալի դեմ և կանխել կրիմինալի ներգրավվածությունն ընտրություններում: Մենք ունենք մի իրավիճակ, երբ դատարաններն ակնհայտ և շատ վտանգավոր հանցագործություններ նախապատրաստած կամ իրականացրած ընդդիմադիր անձանց չեն կալանավորում: Ես մտավախություն ունեմ, որ ինչ-որ կրիմինալ շրջանակներ ընտրությունների ժամանակ կզբաղվեն ամեն տեսակ կեղծիքներով՝ իմանալով, որ դատական համակարգը իրենց մեջքի հետևում կանգնած է: Դրա համար շատ կարևոր է, գոնե համեմատաբար, օր առաջ խելքի բերել դատական համակարգը, գոնե ստեղծել հակակոռուպցիոն դատարաններ, որոնք կզբաղվեն ընտրական հանցագործություններով: Սա ավելի լուրջ խնդիր է, քան Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որովհետև Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անիմաստ են լինելու, եթե դատական համակարգը որոշի սաբոտաժ անել:

– Իսկ դատական համակարգի առողջացմանն ուղղված որևէ քայլ իրատեսական չէ՞ այս փուլում, երբ ամեն օր ականատես ենք լինում բռնել-բաց թողնելու գործողությունների:

– Դատական համակարգը ամենադժվար համակարգն է, բայց կան ինչ-որ քայլեր, որոնք կարելի է անել դատական համակարգը համեմատաբար ուշքի բերելու համար: Օրինակ՝ ստեղծել հակակոռուպցիոն դատարաններ: Թող ներկա դատավորները, որոնց մի մասը բավականին պրոբլեմատիկ են, զբաղվեն ամուսնալուծություններով, մանր-մունր հանցագործություններով, իսկ լուրջ գործերով զբաղվեն հակակոռուպցիոն դատարանները, որտեղ պարկեշտ, կոմպետենտ անձինք կլինեն: Դա հնարավոր է անել համեմատաբար կարճ ժամկետում, բայց չեմ կարծում, որ կես տարում ռեալ է դա կիրառելը:

Առնչվող