- 8 Դեկտեմբերի, 2020
- Հաղորդագրություններ
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» (ԻՔՄ) պահանջում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունից հերքել դեկտեմբերի 5-ին հեռարձակված «Պետության զավթումը» վերնագրով տեսանյութում տեղ գտած կեղծ տեղեկությունները կազմակերպության մասին։
Հեռուստաընկերություն ուղարկված հերքման պահանջում թվարկված են «Իրազեկ քաղաքացիների միավորման» վերաբերյալ արված կեղծ ու իրականությունից կտրված պնդումները, ինչպես նաև ներկայացված են իրականությունն ու իրական փաստերը։
Մասնավորապես, տեսանյութում միակողմանի ու մանիպուլյատիվ է ներկայացվում «Բաց հասարակության հիմնադրամներից» (առավել հայտնի որպես «Սորոսի հիմնադրամ») ֆինանսավորում ստացած կազմակերպությունների, այդ թվում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» գործունեությունը: Հիմնադրամի հետ առնչությունը ներկայացվում է բացառապես բացասական լույսի ներքո, այնինչ խնդրահարույց տեսանյութը հեռարձակած «Արմնյուզ» հեռուստաալիքի սեփականատեր «Քառյակ մեդիա» ընկերության 4 հիմնադիրներից Սամվել Ֆարմանյանը շուրջ 3 տարի աշխատել է «Սորոսի հիմնադրամում», իսկ Կարեն Բեքարյանի ղեկավարած «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպությունը նույն հիմնադրամից դրամաշնորհներ է ստացել: Այդուհանդերձ, հարկ ենք համարում ընդգծել, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նշված հիմնադրամից գումար է ստացել և շարունակում է ստանալ գերակշռապես ապատեղեկատվության ու կեղծ լուրերի դեմ պայքարի համար:
Ավելին, տեսանյութում ասվում է, թե ԻՔՄ-ի «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am) «հակասորոսական տեղեկատվական հոսքեր է ուղղորդում», իսկ կազմակերպությունը, իբր, «2018 թվականի հունվարին՝ իշխանափոխությունից մի քանի ամիս առաջ, քաղաքացիական շարժումներին մասնակցելու նպատակով 50 լրագրող և 75 ակտիվիստ պատրաստելու համար Սորոսի հիմնադրամից շուրջ 81 հազար դոլար է ստացել»։ Վերոնշյալ պնդումները ոչ միայն կեղծ են ըստ էության ու ենթատեքստերի, այլև ըստ փաստերի, քանի որ վերոնշյալ «շուրջ 81 հազար դոլարը» ԻՔՄ-ն ստացել է ոչ թե «Բաց հասարակության հիմնադրամներից», այլ Եվրոպական Միությունից, իսկ նշված թրեյնինգները եղել են ոչ թե հեղափոխությունից առաջ, այլ հետո։
Տարակուսանք է առաջացնում նաև տեսանյութի հեղինակների այն ենթադրյալ պատկերացումը, թե որևէ հիմնադրամի հետ աշխատելը նշանակում է ներկայացնել այդ կազմակերպությունը։ Այնինչ, ԻՔՄ-ն աշխատել և աշխատում է բազմաթիվ այլ գործընկերների և դոնորների հետ, իսկ իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է միայն Հայաստանի օրենսդրությամբ և կազմակերպության ռազմավարությամբ։
Ըստ այդմ, հաշվի առնելով «Արմնյուզի» հեռարձակած տեսանյութում «Իրազեկ քաղաքացիների միավորման» մասին տեղ գտած այս և նմանատիպ այլ կեղծ տեղեկությունների անընդունելիությունը, կազմակերպությունը պահանջում է «Արմնյուզից» հերքել դրանք։
Հեռուստաընկերության կողմից հերքման պահանջը չկատարելու դեպքում «Իրազեկ քաղաքացիների միավորումը», Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով, կդիմի համապատասխան ատյաններ։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հավատացած է, որ իրականությանը չհամապատասխանող և կոնտեքստից կտրված այս լուրերի տարածման նպատակը Հայաստանում ժողովրդավարական և հակակոռուպցիոն փոփոխությունների դանդաղեցումն է: Քանի որ գաղտնի է պահվում հրապարակված տեսանյութի հեղինակների ֆինանսավորման աղբյուրը, կարելի է ենթադրել, որ այն հովանավորել են տարիներ շարունակ հանրության բարիքները թալանած անձինք, որոնց դուր չի գալիս, որ հասարակական կազմակերպությունները, այդ թվում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», աշխատում են հակակոռուպցիոն և այլ խորքային բարեփոխումների վրա, որոնց արդյունքում պետության թալանի կոծկումը, ընտրությունների կեղծումը ու պետական ռեսուրսները թալանչի խմբավորման շահերին ծառայեցնելը կդառնան անհնար:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»